Բացատրական Աստվածաշունչ
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Տե՛ր, լսեցի Քո լուրը և վախեցա։ Տե՛ր, կատարի՛ր Քո գործը տարիների մեջ, տարիների մեջ հայտնի՛ր այն. բարկության մեջ հիշի՛ր ողորմության մասին։ (Սինոդական թարգ․) [2]
2−րդ համարի ընկալման դժվարությունը պայմանավորված է սույն հատվածում եբրայերեն մասորեթական տեքստի անորոշությամբ և Յոթանասնիցի տեքստի հետ ունեցած ակնհայտ տարբերությամբ: Այստեղ Վուլգաթայի տեքստը ավելի մոտ է եբրայերենին, քան հունարենին: Համարի առաջին՝ «Տե՛ր, լսեցի Քո լուրը և վախեցա» խոսքերը բոլոր տեքստերում նույն ձևով են ընթերցվում: Քաղդեացիներին սպասվող դատաստանի համատեքստում այս խոսքերի իմաստը երանելի Թեոդորիտոսը փոխանցում է հետևյալ կերպ. «Երկյուղով լցվեցի, Տե՛ր, լսելով Քո խոսքերը, տեսնելով Քո որոշումների արդարությունը, և տեսնելով, թե ինչպես ես Դու արդարությամբ տնօրինում այն ամենը, ինչ կատարվում է, մնում եմ ծայրահեղ զարմանքի մեջ» («Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ., էջ 32): Այնուհետև, հունարեն տեքստում և սլավոներեն թարգմանության մեջ հաջորդում են այլ տեքստերում չընթերցվող կամ բացակայող հետևյալ խոսքերը՝ «κατενόησα τα ἔργα σου και ἐξέστην ἐν μέσω̨ δύο ζώ̨ων γνωσθήση̨» (սլավ.՝ «разумев дела Твоя и ужасохся, посреди двою животну позван будеши»՝ «Նայեցի Քո գործերին և զարհուրեցի, պիտի ճանաչվես երկու կենդանիների միջև»):
Արտահայտության առաջին կեսը համարի առաջին խոսքերի ձևափոխությունն է և որպես ավելորդ կրկնաբանություն (պլեոնազմ), հավանաբար, առկա չէ բնագիր տեքստում: Այս խոսքերը բացակայում են նաև բազմաթիվ հունարեն ձեռագրերում (օրինակ՝ Հոլմսի մոտ՝ 22, 36, 42, 49, 51, 62, 86, 91, 95, 97, 130, 147, 185, 228, 238, 240, 310, 311): Վերոնշյալ արտահայտության երկրորդ մասը եբրայերեն`«Պոօլխա բեքերև շանիմ խայեհու» (Կենդանացրո՛ւ Քո գործը տարիների մեջտեղում) խոսքերի յուրօրինակ թարգմանություն է (հմմտ. Վուլգաթա՝ «opus tuum, in medio annorum vivifica illud»՝ «Քո գործը կենդանացրու տարիների մեջտեղում»): Բայց այստեղ թե ինչ կենդանիների մասին է խոսքը, կարծիքները շատ տարբեր են: Երանելի Թեոդորիտոսն ասում է. «Ոմանք երկու կենդանիների ներքո հասկանում են հրեշտակներին և մարդկանց, ոմանք՝ Աստծու փառքին մոտ գտնվող անմարմին զորություններին՝ Սերովբեներին ու Քերովբեներին, ոմանք էլ՝ հրեաներին և բաբելոնացիներին: Բայց ինձ թվում է, որ մարգարեն խոսում է ոչ թե երկու կենդանիների, այլ երկու կյանքի մասին՝ ներկա և հանդերձյալ, որոնց միջև հայտնվում է արդար Դատավորը» (նույն տեղում, էջ 32):
Ըստ երանելի Հերոնիմոսի վկայության՝ «Պարզ մեկնությունը և սովորական ընկալումը այս հատվածը վերաբերում են Փրկչին, քանի որ Նա ճանաչվեց խաչելության ժամանակ՝ երկու ավազակների միջև լինելով (տե՛ս Մարկ. 15, Հովհ. 19): Կամ ավելի ճիշտ՝ այն վերաբերում է սկզբնական շրջանի Եկեղեցուն, որը բաղկացած էր թլպատվածներից և անթլպատներից, երբ Փրկիչը, շրջապատված երկու կողմերի ներկայացուցիչներով, ճանաչվեց և հավատքի առարկա դարձավ երկու ժողովուրդների համար: Կան նաև այնպիսիք, որոնք կենդանիների ներքո հասկանում են երկու Կտակարանները՝ Հինը և Նորը, որոնք իսկապես ներշնչված են Սուրբ Հոգուց, ունեն կյանք, շնչում են, և որոնց միջոցով էլ Տերը պիտի ճանաչվի» («Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 189):
Եբրայերեն տեքստի և Վուլգաթայի համապատասխան արտահայտություններն ընդհանուր միտք են արտահայտում. մարգարեն աղոթում է կենդանացման (ինչպես Սաղմ. 79:15, 19 համարներում) կամ Իսրայելում Աստծու շնորհի ներգործության վերականգնման համար, այսինքն՝ պատմական իմաստով՝ բաբելոնյան գերությունից հետո հինկտակարանյան աստվածապետության վերականգնման, իսկ նախապատկերային իմաստով՝ Գալիք Մեսիայի կողմից մարդկանց փրկագործության համար:
Համարի վերջին հատվածն արտահայտում է այն միտքը, որն անցնում է ամբողջ աստվածաշնչյան ուսմունքի միջով. այն է՝ աշխարհի և մարդկանց հետ Իր հարաբերություններում Աստված առաջնորդվում է առավելապես Իր բարությամբ և ողորմությամբ, և որ «Նա բարի և ողորմած է նաև մարդկանց պատժելիս. «Երբ պատիժներով խռովեցնում ես մարդկանց, այդ ժամանակ ևս, ողորմությամբ առաջնորդվելով, կրկին փոխում ես նրանց դժբախտ վիճակը» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 32):
Այսպիսով, 2−րդ համարի տարբեր տեքստերում եղած տարընթերցումներով հանդերձ, պահպանվում է համարի ընդհանուր մեսիական միտքը, որը, ամեն դեպքում, պարունակում է Գալիք Մեսիայի մարգարեական նախազգացումը: 3-րդ համարից սկսվող հաջորդ աստվածհայտնությունը նկարագրում է հենց Նրա գալուստը, որ պիտի լինի ապագայում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ տարիները մօտենան՝ կը յայտնուես, երբ ժամանակը հասնի՝ կ՚երեւաս, [երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես]։
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, լսեցի այն, ինչ հայտնեցիր, և վախեցա։ Այս տարիներում վերանորոգի՛ր այն, ո՛վ Տեր. տարիների մեջ գիտենա՛լ տուր և բարկության մեջ գթությո՛ւն հիշիր։
(Գրաբար) Տէր, զլուր քո լուայ եւ երկեայ։ Տէր, հայեցայ ի գործս քո՝ եւ զարհուրեցայ։ Ի մէջ երկուց գազանաց ծանիցիս. ի մերձենալ ամացն յայտնեսցիս. ի հասանել ժամանակին երեւեսցիս։ Ի խռովել անձին իմոյ ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: