Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ահա Տեր Աստծու աչքը մեղավոր թագավորության վրա է, և Ես կջնջեմ այն երկրի երեսից, սակայն Հակոբի տունը լիովին չեմ վերացնի»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[8]
Ժողովրդի ընտրյալ լինելը առանց նախապայմանների չէր․ առկա էին որոշ պայմաններ. եթե ժողովուրդը չկատարի ուխտի պայմանները, ճշմարտության պահանջները, ապա Տեր Աստված էլ կխախտի ուխտը և գթալու փոխարեն կսկսի կոտորել ու ոչնչացնել: «Ահա Տեր Աստծու աչքը մեղավոր թագավորության վրա է». մարգարեն, հավանաբար, այստեղ խոսում է ոչ թե մեղավորների թագավորության մասին առհասարակ (Դրայվեր), այլ խոսքը հենց Իսրայելի թագավորության մասին է: Միևնույն ժամանակ որևէ հիմք չկա ենթադրելու, որ «մեղավոր թագավորություն» արտահայտության միջոցով մարգարեն ցանկանում է ցույց տալ Իսրայելի և Հուդայի թագավորությունների միջև եղած հակադրությունը՝ հակառակ այն բանի, որ 2։4, 5, 3։1, 6։1, 11 համարներում Ամոսը նույն կերպ է դատապարտում երկու թագավորություններն էլ: (Այս հանգամանքը հաշվի առնելով` Վելհաուզենը, Նովակը և ուրիշները 8−րդ համարի՝ ոչ բնագրային լինելու մասին եզրակացություն են անում): Մարգարեն այստեղ խոսում է Իսրայելի մասին և [նրա խոսքը] Հուդային չի վերաբերում: 8−րդ համարից սկսվում է Ամոսի մարգարեության վերջաբանը, ու շարադրվում է Հակոբի տան մնացորդի փրկության մասին խոստումը: Մարգարեն, լրացնելով նախկինում ասված խոսքերը, հայտարարում է, որ կործանվելու են միայն մեղավորները (8−10), փորձությունից հետո տեղի է ունենալու ժողովրդի վերականգնումը (11−12), և փրկվածների վրա են հեղվելու Տիրոջ շնորհները: Մերժողական քննադատությունը (Բաուդիսսին, Սմենդ, Վելհաուզեն, Նովակ) 8−15−րդ համարները Ամոս մարգարի գրքի վերջին խմբագրի կողմից արված հավելում է համարում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ հատվածներում մարգարեն վճռականորեն խոսում է Եգիպտոսից դուրս բերված ամբողջ ժողովրդի ոչնչացման մասին (Ամոս․ 2։4, 5, 3։1, 6։1)։ Սակայն վերոնշյալ կարծիքը չի կարելի համոզիչ համարել: Սպառնալիքի և փրկության առանձնացումը մարգարեական խոսքում հաճախակի հանդիպող ոճ է: Ամոսի մարգարեության 1−8−րդ գլուխների խոսքը չի բացառում փրկության մասին միտքը, քանի որ մարգարեն, ակնհայտորեն, ժողովրդին սպառնացող պատիժը չափազանցված է նկարագրում: 8−րդ համարի սկզբում ևս խոսվում է Իսրայելի տան ամբողջական ոչնչացման մասին, սակայն դրանից հետո երկրորդ համարի երկրորդ մասում խոսվում է փրկության մասին: Սա ոչ թե հակադրություն է, այլ շարադրանքի սովորական ձև: Եվ եթե անհնար է մերժել, որ 8−րդ համարը պատկանում է նույն հեղինակի գրչին, ապա որևէ հիմնավորում չկա մերժելու նաև 8−15−րդ համարների՝ այն նույն մարգարեին պատկանելը, որը նախկինում խոսում էր ժողովրդի ամբողջական ոչնչացման մասին: Ինչ վերաբերում է պատկերներին, որոնք ապագա փրկությունը նկարագրելու համար կիրառվել են 8−15−րդ համարներում, ապա դրանք ամբողջությամբ համապատասխանում են Ամոս մարգարեի խոսքի առանձնահատկություններին, և դրանով իսկ ապացուցում են, որ 8−15−րդ համարներն ի սկզբանե պատկանել են Ամոսի մարգարեությանը: 8−րդ համարի «Հակոբի տուն» արտահայտությունը վերաբերում է Իսրայելի թագավորությանը, և Յոթանասնիցի որոշ ձեռագրացանկերում, ինչպես նաև սլավոներեն տեքստում փոխարինվել է «Իսրայելի տուն» բառերով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ահա Տիրոջ աչքը մեղաւորների այդ թագաւորութեան վրայ է. «Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Յակոբի տունը, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Ահա Տեր Աստծու աչքերն այդ մեղավոր թագավորության վրա են, և ես նրանց պիտի վերացնեմ երկրի երեսից, միայն թե բոլորովին չեմ վերացնելու Հակոբի տունը,- ասում է Տերը,
(Գրաբար) Ահաւասիկ աչք Տեառն ի վերայ թագաւորութեանդ մեղաւորաց. և բարձի՛ց զդա յերեսաց երկրէ. սակայն ի սպառ ո՛չ ջնջեցից զտունն Յակոբու՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: