Ամոսի մարգարեության մեկնություն 4։1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Լսե՛ք այս խոսքերը, Սամարիայի լեռան վրա եղող Բասանի՛ երինջներ: Դուք կեղեքում եք դժբախտներին ու հարստահարում աղքատներին ու ասում եք ձեր տերերին. «Մատուցի՛ր, և մենք կխմենք»: (Սինոդական թարգ․)[1]
   
    «Այս խոսքերը», այսինքն՝ այն, ինչը մարգարեն հայտարարելու է հաջորդիվ՝ 23−րդ համարներում: «Բասանի երինջներ». Բասանը Օգի հնագույն թագավորությունն է, որն ընդգրկել է այժմյան անդրհորդանանի հյուսիսային հատվածը, և որի մի մասը ժառանգել է Մանասեի կես ցեղը (Թվեր. 21:33, 32:33, Բ Օր. 3:10−13): Բասանը հայտնի էր իր կաղնու փայտով (Ես. 2:13, Եզեկ. 27:6, Զաք. 11:2), հարուստ արոտավայրերով ու հոտերով (Բ Օր. 32:14, Եզեկ. 39.18): Վուլգաթայում «բասանական» բառը թարգմանվում է իբրև «pinguis»՝ «ճարպոտ»: Ինչպես երևում է հաջորդ հատվածներից, «բասանի երինջներ» արտահայտությամբ մարգարեն կոչում է Սամարիայի հայտնի և հարուստ կանանց, որոնք ապրում էին շվայտ կյանքով, ինչի համար անհրաժեշտ միջոցները նրանց ամուսինները հայթայթում էին` աղքատներին ու չքավորներին կեղեքելով։ «Որ ասում էիք ձեր տերերին», այսինքն՝ ձեր ամուսիններին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում էք, որ զրկում էք աղքատներին եւ ոտքի տակ էք գցում տնանկին, դուք որ ասում էիք ձեր ամուսիններին՝ «Գինի՛ մատուցեցէք մեզ, որ խմենք»:
(Արարատ թարգ․) «Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովերի նման պարարտացած Սամարիայի կանայք, որ հարստահարում եք աղքատներին, որ ոտնահարում եք կարիքավորներին, որ ասում եք ձեր ամուսիններին. Բերե՛ք, որ խմենք։
(Գրաբար) Լուարո՛ւք զբան Տեառն երինջք Բասանու՝ որ էք ի լերինս Շամրնի. որ զրկէք զաղքատս, և առ ոտն հարկանէք զտնանկն. որ ասէիք ցտեարս ձեր. Մատուցէ՛ք մեզ գինի զի արբցուք։