Ա. Պ. Լոպուխին (†1904)
14-15. «Եվ գերությունից վերադարձնելու եմ Իմ ժողովրդին՝ Իսրայելին, և նրանք վերականգնելու են ամայացած քաղաքներն ու բնակվելու են այնտեղ, խաղողի այգիներ կտնկեն և գինի կխմեն դրանցից, այգիներ կտնկեն և կուտեն դրանց պտուղները»: [14] «Նրանց կբնակեցնեմ իրենց երկրում, ու նրանք այլևս դուրս չեն գա իրենց երկրից, որ տվել եմ նրանց»,− ասում է քո Տեր Աստվածը: (Սինոդական թարգ․)
9−րդ գլխի վերջում մարգարեն ավետում է քաղաքների վերականգնման, նախկին հանգիստ կյանքի վերածննդի և թշնամիներից լիակատար կերպով անվտանգ լինելու մասին: Դավթի խորանի վերականգնման և իսրայելական ժողովրդին Տիրոջ հեղած շնորհների մասին Ամոսի մարգարեությունը որոշ մեկնիչների (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Թեոդորոս Մոփսուեստացի, Կալմետ) կողմից հասկացվում է իբրև բաբելոնյան գերությունից ժողովրդի վերադարձի և Զորաբաբելի ժամանակների մասին կանխատեսում: Մասնավորապես, ըստ Կալմետի, Իսրայելի՝ Եդոմի մնացորդին տիրելու մասին մարգարեությունն իրականանում է Հյուրկանոսի օրոք հրեաների եդոմայեցիներին հպատակեցնելու փաստի մեջ (Հովսեփոս Փլավիոս, Հրեական հնախոսություններ, 13:1, 1-6): Սակայն մարգարեն 11−15−րդ համարներում խոսում է շնորհների այնպիսի հեղման մասին, որը չի եղել ոʹչ Զորաբաբելի ժամանակաշրջանում, ոʹչ էլ, առավել ևս, Հյուրկանոսի օրոք: Մարգարեի արտահայտվելու ձևը ցույց է տալիս (11−12−րդ համարներ), որ նա մտահայում է այն նույն ժամանակները, որոնք միևնույն գծերով նկարագրվում են նաև այլ մարգարեների կողմից (Ես. 11, Ովս. 2:21−23), այսինքն՝ Ամոսը մտահայում է մեսիական ժամանակները: Ամոսի մարգարեության քննարկվող հատվածը մեսիական իմաստով ընկալել են դեռ հին հրեաները, որոնք Մեսիային տվել էին «bar naphilim»` «ընկածների Որդի» տիտղոսը, որն էլ, հավանաբար, վերցրել էին սույն գլխի 11−րդ համարից: Նոր Կտակարանում Դավթի խորանի վերականգնման վերաբերյալ Ամոսի մարգարեությունը մեկնաբանվում է Հակոբոս առաքյալի կողմից Երուսաղեմի առաքելական ժողովի ժամանակ ասված խոսքում (Գործք. 15:16, 17): Առաքյալի բացատրության համաձայն՝ մարգարեն կանխատեսում է բոլոր հեթանոս ժողովուրդների դարձը դեպի Քրիստոս, և նրանցից Աստծու ժողովրդի կամ Եկեղեցու ձևավորումը, որն էլ, ակնհայտորեն, դառնում է Դավթի խորանի վերականգնումը: Հետևելով առաքյալի խոսքերին` Ամոսի մարգարեությունը մեսիական իմաստով են մեկնել նաև եկեղեցու վարդապետները: Սուրբ Հովհան Ոսկեբերանի համաձայն` Դավթի խորանի վերականգնումը տեղի է ունեցել «Դավթի ժառանգների վերականգնմամբ` ի դեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ ըստ մարմնի Դավթի ժառանգի և երկրի վրա հաստատված հոգևոր նոր թագավորության Թագավորի» (ճառեր Գործք 15:16, 17 համարների մասին): Սուրբ Եփրեմ Ասորու մեկնության համաձայն՝ «Դավթի խորան» մարգարեն անվանում է մարդկային ամբողջ ցեղը, որն անկում էր ապրել պատվիրանները խախտելու պատճառով և իր անկյալ վիճակից բարձրացվել է Քրիստոսով, կամ էլ Եկեղեցին: Երանելի Թեոդորիտը խորանի վերականգնման ներքո հասկանում է Փրկչի կողմից Դավթի սերմից սերող մարդկային բնության (կամ մարմնի) ընդունումը: Մեսիական ժամանակներին պետք է առնչել նաև 13−15−րդ համարները, որտեղ խոսվում է ժողովրդի վրա Տիրոջ շնորհների առատորեն հեղման մասին: 13−15−րդ համարներում մարգարեի կողմից օգտագործված արտահայտությունները ցույց են տալիս, որ նրա խոսքերն ունեն անուղղակի բնույթ, և դրանք պետք է հոգևոր իմաստով հասկանալ: Օրենքում երկրային շնորհների (կամ բարիքների) առատության վերաբերյալ խոստումը տրվում է որպես Աստծու պատվիրանները պահելու պարգև (Ղևտ. 26:3−6): Այստեղից էլ մարգարեի համար շնորհների առատությունը համարվում էր ժողովրդի հոգևոր կատարելության, նրա սրբության խորհրդանիշը և հոգևոր այն պարգևների պատկերը, որոնք տրվելու են Դավթի վերականգնված խորանի կամ էլ Քրիստոսի Եկեղեցու անդամներին: Եկեղեցու վարդապետները մեկնում են նաև մարգարեի կողմից նկարագրված ապագա փառահեղ հոգևոր Իսրայելի առանձին գծերը: Սուրբ Եփրեմ Ասորին 13−15−րդ համարների մեկնության մեջ ասում է. «Մարգարեն խոսում է այն երկնային պարգևների և աստվածային օրհնությունների մասին, որոնք մեզ վրա են հեղվելու Քրիստոսի հարությամբ: «Լեռներ» նա կոչում է եկեղեցիները, իսկ «քաղցրություն»՝ դրանցում մատուցվող վարդապետությունը: Նա բլուրներ է անվանում սուրբ վանքերն ու աստվածավախ ճգնավորների քարանձավները, որոնք ծաղկում են ապրում լեռներում և [որոնցում] վարժվում են Աստծուն փառաբանելու մեջ»: Ըստ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու՝ գերությունից ժողովրդի վերադարձի և իրենց երկրում հավիտենապես բնակվելու մասին (14−15−րդ համարներ) մարգարեի խոսքերը պետք է առնչվեն մարդկությանը սատանայի և մեղքի գերությունից ազատելու և փառքի թագավորության մեջ հավիտենական կյանք վայելելու Քրիստոսի միջոցով տրված պարգևին: Մարգարեի 15−րդ համարի՝ «նրանք այլևս դուրս չեն գալու իրենց երկրից» խոսքերը Քրիստոսի Եկեղեցու վերաբերյալ մարգարեություն են, որին թշնամիները հետապնդելու են, բայց երբեք չեն հաղթահարելու կամ հպատակեցնելու (Պ. Ա. Յունգերով, Ամոս մարգարեի գիրքը, էջ 201, 202):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես պիտի վերադարձնեմ Իսրայէլի իմ ժողովրդին գերութիւնից, նրանք պիտի շինեն աւերուած քաղաքներն ու պիտի բնակուեն այնտեղ, այգիներ պիտի տնկեն եւ պիտի խմեն դրանց գինին, պարտէզներ պիտի աճեցնեն եւ ուտեն դրանց պտուղները:
(Արարատ թարգ․) Եվ ես իմ Իսրայել ժողովրդին կվերադարձնեմ գերությունից, և նրանք կկառուցեն ավերակ քաղաքները և կբնակվեն նրանցում, այգիներ կտնկեն և կխմեն նրանց գինին, պարտեզներ կաճեցնեն և կուտեն նրանց պտուղները։
(Գրաբար) Եւ դարձուցի՛ց զգերութիւն ժողովրդեան իմոյ Իսրայէլի, և շինեսցեն զքաղաքս ապականեալս և բնակեսցեն. և տնկեսցեն այգիս, և արբցեն զգինի նոցա. արասցեն պարտէզս՝ և կերիցեն զպտուղ նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: