Ա․ Լոպուխին
2-4․ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այդ ժողովուրդն ասում է, թե չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը»: [2] Տիրոջ պատգամը հասավ Անգե մարգարեի միջոցով և ասաց. «Միայն ձե՞զ համար է եկել զարդարված տներում ապրելու ժամանակը, մինչ դեռ այս տունը ավերակ է»: (Սինոդական թարգ․)
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անգեի մարգարեության առաջին համարում հիշատակվում են միայն Զորաբաբելն ու Հեսուն, իսկ ժողովրդի մասին որևէ հիշատակություն չկա այնպես, ինչպես այն հիշատակվում է («շերիտ խաամ»` ժողովրդի մնացորդը) հետագա համարներում (տե՛ս 2:2), որոշ մեկնաբաններ (Լեյ, Անդրե) ենթադրում են, որ առաջին ճառը ուղղված է միայն կառավարիչ Զորաբաբելին և Հեսու քահանայապետին, և միայն նրանց են վերաբերում դրանում տաճարի վերակառուցման հանդեպ ցուցաբերած անտարբերության համար արտահայտված նախատինքները: Իրականում ևʹ ճառի ընդհանուր միտքը, ևʹ դրա որոշ առանձին հատվածներ խոսում են այն մասին, որ այստեղ խոսքն ուղղված է ամբողջ ժողովրդին, և այդ նախատինքներն ու մեղադրանքները վերաբերում են հենց ժողովրդին։ Ճառի սկզբնական` «այս ժողովուրդն ասում է» (տե՛ս 2−րդ համար) հատվածը ցույց է տալիս, որ մարգարեն նախատում է ամբողջ ժողովրդին: Սեփական տները զարդարելու մասին հոգ տանելու և Տիրոջ տունը անտեսելու վերաբերյալ նախատինքը (4−րդ համար) նույնպես վերաբերում է ամբողջ ազգին: Եվ, վերջապես, ինքնին հասկանալի է, որ այն աղետները, որոնք, մարգարեի խոսքերի համաձայն, նրանց անտարբերության պատճառով հարվածել են և դեռ շարունակելու են հարվածել ժողովրդին (տե՛ս 6−րդ, 9−11−րդ համարներ), կարող են վերաբերել միայն ամբողջ ազգին, որը վերադարձել է Պաղեստին և կրկին բնակություն է հաստատել այնտեղ: Զորաբաբելի և Հեսուի մեղքը, եթե ընդհանրապես այն կար, միայն այն բանում էր, որ նրանք ոչ բավարար եռանդով էին ժողովրդին տաճարը կառուցել հորդորել: Այս մեղադրանքը, ավելի շուտ, անուղղակի էր․ ժողովրդին մեղադրելիս Զորաբաբելն ու Հեսուն ավելի շատ հանդես էին գալիս իբրև մեղադրանքի վկաներ, քան մեղադրյալներ: Երանելի Հիերոնիմոսը այս մասին ասում է. «Երկար մտածի՛ր այն մասին, որ ո՛չ Զորաբաբելը, ո՛չ էլ Հեսուն են ասում, թե դեռևս չի եկել Տիրոջ տունը կառուցելու ժամանակը, այլ ժողովուրդը, որը, լինելով Դարեհ արքայի իշխանության ներքո, դեռևս իր վրայից չէր նետել ստրկության լուծը» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 322): «Այն ժամանակ,− ասում է երանելի Թեոդորիտը,− երբ Հեսուն քահանայապետ էր, իսկ Զորաբաբելն էլ՝ ժողովրդի կառավարիչ, Տերը նրանց առաջ, իբրև թե դատավորների մոտ, մարգարեի միջոցով մեղադրում է ժողովրդին և ասում է. «Որքան ջանք են թափում նրանք իրենց տները ոչ միայն կառուցելու, այլ նաև ճոխությամբ զարդարելու համար, իսկ Տիրոջ տունը, հանուն որի նրանք բոլորը մասնակցում են իրենց ընդհանուր փրկությանը, չեն ցանկանում վերականգնել` պնդելով, որ ժամանակը դեռևս անբարենպաստ է կառուցման համար»» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 59):
Ճառի սկզբնական «այսպես է ասում Զորությունների Տերը» բառերը շատ տարածված են մարգարեական բառաօգտագործման մեջ։ Դրանք հաջորդիվ մարգարեների կողմից փոխանցվող Աստվածային հայտնության համար որպես ներածություն են ծառայում: Անգե մարգարեից բացի՝ այս՝ հատկապես «Զորությունների Տեր» արտահայտությունն ընդգրկող բանաձևը հաճախ հանդիպում է նաև այլ մարգարեների մոտ` Եսայի, Երեմիա, Զաքարիա, Մաղաքիա: Այդ իսկ պատճառով պետք է հերքել Մարտիի այն տեսակետը, որ վերոնշյալ բանաձևի հաճախակի կրկնությամբ Անգե մարգարեն բացահայտում է իր մոտ Աստծո կողմից առաքված լինելու գիտակցության թույլ կամ անորոշ լինելը և դրա միջոցով ցանկանում է իր խոսքին Աստվածային հեղինակություն հաղորդել, ինչը մեծապես բնորոշ էր հին մարգարեներին (Marti. Op. cit. S. 382): Ընդհակառակը` անհերքելի է, որ այս արտահայտությունը շատ հաճախ կիրառվել է հատկապես հին մարգարեների կողմից, որոնց մոտ, Մարտիի ենթադրության համաձայն, Տիրոջ կողմից առաքված լինելու գիտակցությունը առանձնահատուկ կերպով էր կենդանի:
2−րդ և 4−րդ համարներում Եհովայի անունից մարգարեի ժողովրդին ուղղած նախատինքի էությունն այն կտրուկ հակադրությունն է, որն առաջ է գալիս ժողովրդի կողմից իրենց սեփական բնակարանների հանդեպ ցուցաբերած խիստ հոգատարությունից և ամբողջությամբ լքված վիճակում գտնվող տաճարի վերականգնման հանդեպ ցուցաբերած ծայրահեղ անտարբերությունից։ Հենց հրեաները, ծայրահեղ դեպքում նրանցից հարուստները, բնակվում էին «զարդարված և ճոխ տներում, որոնք նախատեսված էին ոչ այնքան մարդկանց կարիքները հոգալու, որքան ճոխ կյանքի համար, այն պարագայում, երբ Տիրոջ տունը, որտեղ Սրբությունների Սրբությունն էր, քերովբեներն ու հացի ընծաների սեղանը, ողողվում էր անձրևների պատճառով, աղտոտվում էր խնամքի բացակայության հետևանքով և ենթարկվում էր արևի կիզիչ ճառագայթներին» (տե՛ս երանելի Հիերոնիմոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 323):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Խօսի՛ր Յուդայի ազգից Սաղաթիէլի որդու՝ Զորոբաբէլի հետ, եւ մեծ քահանայ Յոսեդեկի որդու՝ Յեսուի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այդ ժողովուրդն ասում է, թէ չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը»»:
(Արարատ թարգ․) Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ Այս ժողովուրդն ասում է. "Դեռ չի եկել Տիրոջ Տունը շինելու ժամանակը"»։
(Գրաբար) Խաւսեաց ընդ Զորաբաբիլի որդւոյ Սաղաթիէլի, յազգէ Յուդայ եւ ընդ Յեսուայ, որդւոյ Յովսեդեկեայ քահանայի մեծի՝ եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր ամենակալ. Ժողովուրդդ այդ ասեն. Ոչ է հասեալ ժամանակ շինելոյ զտունն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: