Ա․ Լոպուխին
11-20. Իններորդ ամսի քսանչորսերորդ օրը, Դարեհ արքայի երկրորդ տարում, Տիրոջ պատգամը հասավ Անգե մարգարեի միջոցով ու նա ասաց. (Սինոդական թարգ․)[11] «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Քահանաներին հարցրու օրենքի մասին ու ասա», «Եթե մի մարդ սրբագործված միս տանի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացին կամ թանին կամ գինուն կամ յուղին կամ բոլոր կերակուրներին, մի՞ թե դա կսրբանա»: Քահանաները պատասխան տվեցին և ասացին. «Ոչ»: Եվ Անգեն ասաց. «Եթե ինչ−որ մեկը դիպչի բոլոր այդ բաներին, որ պղծվել է մեռելին դիպչելուց, մի՞ թե դա կպղծվի»: Քահանաները պատասխան տվեցին և ասացին. «Կպղծվի»: Պատասխանեց Անգեն ու ասաց. «Այդպես էլ այս ժողովուրդը, այդպես էլ այս ազգը Իմ առաջ»,− ասում է Տերը,− «այդպես էլ նրանց ձեռքերի բոլոր գործերը: Ինչ էլ որ նրանք բերում են այնտեղ, այդ բոլորը պիղծ են»: «Այժմ ձեր սիրտը այս օրվանից ետ գցեք և տեսեք, երբ դեռ Տիրոջ տաճարում քարը քարի վրա չէր դրվել»: «Գալիս էիք ձեր ամանների մեջ քսան քոռ գարի լցրած, բայց պարզվում էր, որ միայն տասն է, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում հիսուն մար գինի հանելու համար, սակայն ընդամենը քսան էր լինում»: «Ես ձեզ հարվածեցի անպտղությամբ, խորշակով ու կարկուտով, խորտակեցի ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի Ինձ»,−ասում է Տերը: «Ձեր սիրտն այս օրվանից ետ դարձրեք, իններորդ ամսի քսանչորսերորդ օրվանից, այն օրվանից, երբ կառուցվել էր Տիրոջ տաճարը, ետ դարձրեք ձեր սիրտը»: «Արդյոք ամբարներում դեռ սերմեր կա՞ն: Մինչև օրս ոʹչ խաղողի վազը, ոʹչ նռան ծառը, ոʹչ ձիթենին պտուղ չէին տալիս, սակայն այս օրվանից Ես օրհնում եմ դրանք»:
Երրորդ ճառը մարգարեն ժողովրդի առաջ արտասանում է երկրորդ ճառից երկու ամիս ու երեք օր անց (տե՛ս 10−րդ և 1−ին համարներ): Նախորդ ճառերի հետ համեմատած՝ մարգարեի երրորդ ճառում եղած որոշ առանձնահատկություններ նորագույն ժամանակների որոշ մեկնաբանների (օրինակ`Անդրե) առիթ են տվել մերժելու դրա վավերականությունը։ Վերոհիշյալ ժխտումը հիմնվում է, գլխավորապես, այն հանգամանքի վրա, որ սրանով կարծես թե խախտվում են խոսքի բնականոն հաջորդականությունը և մարգարեի երկրորդ (2:1−9) և չորրորդ (2:20−23) ճառերի միջև կապը: Սակայն այս իրողությունը միանգամայն բնական կերպով բացատրվում է այն հանգամանքով, որ մարգարեի ճառերի հաջորդականությունը որոշվում է ոչ թե տրամաբանական համակարգի միջոցով, այլ մարգարեի կողմից դրանք արտասանելու ժամանակագրական հաջորդականությամբ և բովանդակության բուն թեմայով: Իր բովանդակությամբ մարգարեի երրորդ ճառը միանգամայն ակնառու կերպով բաժանվում է երկու հավասար մասերի. ճառի առաջին հատվածում (10−14−րդ համարներ) մարգարեն կրոնական−ծիսական տեսանկյունից քննարկում է գերությունից վերադառնալուց հետո իր ժամանակակից հրեաների վիճակն ու դրությունը և ապացուցում է տաճարի բացակայության պատճառով ժողովրդի մեջ կրոնական−ծիսական անմաքրության առկայության հանգամանքը։ Երկրորդ հատվածում (15−19−րդ համարներ) ժողովրդի կյանքը, նրա աղքատությունն ու բարեկեցությունը կապի մեջ են դրվում տարբեր ժամանակներում տաճարը կառուցելու առնչությամբ ժողովրդի ունեցած ոչ միակերպ նախանձախնդրության հետ, որով էլ պայմանավորվում է նաև ժողովրդի հանդեպ Տիրոջ նախախնամության ոչ միակերպ վերաբերմունքը. նախկինում պատժողը կամ «խելքի բերողը» այժմ՝ տաճարի կառուցումը սկսելու պահից, ողորմում և օրհնում է: Այս և մյուս դեպքերում տեսակետների տարբերությունը միանգամայն ակնհայտ է, սակայն մարգարեի ճառի երկու հատվածներն էլ հավասարապես ծառայում են նրա գլխավոր նպատակին` համոզել իր ունկնդիրներին այն բանում, որ ողջ եռանդով և նախանձախնդրորեն շարունակեն տաճարի՝ արդեն սկսած շինարարությունը: Հատուկ բացատրության կարիք ունեն միայն ճառի որոշ արտահայտություններ: Ընդ որում՝ բացատրության կարիք առաջանցում են ոչ թե արտահայտությունները, այլ այն ենթադրությունները, որոնք դրանց առնչությամբ արտահայտվել են նոր՝ քննադատական−մերժողական ուղղությանը պատկանող մեկնաբանների կողմից: Այսպիսով՝ ենթադրում են (Անդրե, Մարտի), որ «թորա»` օրենք (Յոթանասնից` «nomon», Վուլգաթայ` «legem») բառի ներքո 11−րդ համարում նկատի է առնվում ոչ թե գրավոր օրենքը, այլ քահանաների միջոցով պահպանվող բանավոր ավանդությունը, որը հարկ եղած դեպքում տալիս էր աստվածպաշտությանը, ծիսական կյանքին և նմանատիպ այլ պարագաների վերաբերող հարցերի պատասխանները: Բացի այդ՝ 12−13−րդ համարներում մարգարեի կողմից քահանաներին ուղղված հարցադրումների մեջ անսովոր մի երևույթ են տեսնում, որ է տաճարի և աստվածպաշտության հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը, քանի որ դրանք հնագույն շրջանի մարգարեների, օրինակ, Երեմիայի (տե՛ս գլուխ 6) կողմից նմանատիպ վերաբերմունքի չեն արժանացվել։ Ոմանք նույնիսկ հակված են սրբության և անմաքրության այս գաղափարների մեջ տեսնելու մոգերի կրոնի` պարսկական կամ մազդեական հավատալիքների ազդեցությունը աստվածաշնչյան−հուդայական աշխարհայացքի և վարդապետության վրա: Սակայն վերոհիշյալ առաջին միտքը հիմնվում է նոր աստվածաշնչյան−քննադատական դպրոցի այն ենթադրական պնդման վրա (Վելհաուզեն և այլն), որ Թորայի գրավոր տարբերակն իր ներկայիս տեսքով առաջ է եկել Եզրասի գրքից ոչ շուտ։ Այժմ այս վարկածը նույնիսկ արևմուտքում գիտական կարծիքի վարկ չունի: Ավելին, օրենքի դրույթների վերաբերյալ այս կամ այն տեղեկատվության համար մարգարեի կամ մեկ ուրիշի քահանաներին դիմելը ոչ մի կերպ չի կարող խոսել այդ ժամանակ գրավոր օրենքի բացակայության մասին, քանի որ հենց Մովսեսի օրենքում ամենուր ենթադրվում և բազմիցս արտահայտվում է այն միտքը, որ քահանաների պարտականությունն էր պատասխաններ, հրահանգներ և բացատրություններ տալ վարդապետության, աստվածպաշտության և, ընդհանրապես, շարքային իսրայելացիների կողմից իրենց տրված կյանքի դժվարին հարցերի վերաբերյալ (Ղևտ. 10:10, 13−14−րդ գլուխներ, Բ Օր. 17:8, 24:8, 33:8−10): Նմանապես ավելորդ է նաև պաշտամունքի և ծիսակատարությունների վերաբերյալ ունեցած վերաբերմունքի պարագայում Անգեի և ավելի հին մարգարեների մեջ կտրուկ տարբերություններ տեսնելու փորձը: Կրոնական ծիսակատարությունների ոչ աստվածահաճո կատարման համար հրեաներին ուղղված այն մեղադրանքները, որոնք առկա են հին ժամանակաշրջանի մարգարեների` օրինակ՝ Ամոսի (5−րդ գլուխ), Ես․ (1−ին գլուխ), Երեմիայի (7−րդ գլուխ) մոտ, չեն պարունակում բուն պաշտամունքի հերքում կամ պարզապես քննադատություն, այլ, ուղղակի, հրեաներին նախազգուշացնում են տաճարի զորության և նշանակության, պաշտամունքի և ընդհանրապես Աստծո հետ կնքած իրենց ուխտի արտաքին երաշխիքների վրա չափազանց մեծ հույս դնելուց և, միևնույն ժամանակ, ցույց են տալիս աստվածահաճո պաշտամունքի ոգին, որն էլ արտահայտվում է Աստծո կամքի անշեղ կատարման մեջ: Չհերքելով այս վերջին տեսակետը՝ պետք է ասել, որ ստեղծված հանգամանքներից և գերությունից հետո հրեական համայնքի վիճակից ելնելով է Անգե մարգարեն 12−14−րդ համարներում առաջ քաշում տաճարի ու նրա հետ կապված ծիսակատարությունների նշանակության պարագան:
Յոթանասնիցը 14−րդ համարին (Յոթանասնիցում 15−րդ համարն է) «eneken twn lhmmatwn autwn twn orqrinwn, odunhqhsontai apo proswpou ponwn autwn, kai emiseete en pulaij elegconta» բառերն է ավելացնում։ Սլավոներենում «ու նրանք կմորմոքեն իրենց չար գործերի պատճառով, քանի որ դուք հրապարակավ ատում էիք ձեզ հանդիմանողներին» տարբերակն է: Երանելի Հիերոնիմոսի դիտարկումների համաձայն` «այս բառերը բացակայում են ևʹ եբրայերեն տեքստում, ևʹ այլ մեկնաբանների մոտ» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 384): Ըստ երևույթին, այս բառերը անհրաժեշտ է հետագայի հավելում համարել։ Բնագրային համարելու դեպքում դրանք բացատրելը բավականին դժվար է: Այս բառերի ընդհանուր միտքը հետևյալն է․ մարգարեն շահամոլության և ընչաքաղցության համար նախատում է հրեաներին:
Ուսումնասիրվող ճառի երկրորդ մասը մարգարեի կողմից դեռևս իր առաջին ճառում (1։6, 1։9) արտահայտած գաղափարի բացատրությունն է, սակայն այստեղ այն արդեն առնչվում է տաճարի վերակառուցման աշխատանքների վերսկսմանը։ Մարգարեի միջոցով Տիրոջ տված խոստման համաձայն՝ այս կետից սկսվում է հրեաների նոր կյանքը, որը լի է Տիրոջ օրհնության միջոցով տրվող ամեն տեսակ բարիքներով: 15−րդ և 18−րդ համարներում, հատկապես երկու համարներում էլ հանդիպող «մալա» (ետ) բառում, ինչպես նաև «լեմինխայոմ» արտահայտության մեջ, որը տարբեր կերպ է ընկալվում ուսումնասիրողների կողմից, մեզ արդեն ծանոթ տեսակետի ջատագովները իրենց գաղափարների համար հիմք են տեսնում (Անգեի մարգարեության մասին մեր ներածությունը)։ Ըստ նրանց տաճարի՝ վերակառուցման սկիզբը եղել է 520 թվականը, այլ ոչ թե Կյուրոսի գահակալության շրջանը, ինչպես ասում է Եզրասի գիրքը: Սակայն այս եզրույթների օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս հատվածից հնարավոր չէ այդպիսի փաստ քաղել, և այստեղից ավելի շուտ հետևում է, որ տաճարի վերակառուցումը սկսվել է շատ ավելի վաղ, քան Դարեհի կառավարման 2−րդ տարվա 9−րդ ամսի 24−րդ օրը (այս մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր պրոֆեսոր Բ. Դ. Պոպովի գործը, Հրեաների վերադարձը բաբելոնյան գերությունից և նրանց կյանքի առաջին տարիները Պաղեստինում նախքան Եզրասի Երուսաղեմ գալը, Կիև, 1905, էջ 295−305):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իններոդ ամսի քսանչորսին, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէին եւ ասաց.
(Արարատ թարգ․2:10) Դարեհի երկրորդ տարվա իններորդ ամսի քսանչորսին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեին՝ ասելով.
(Գրաբար) Ի քսաներորդի եւ չորրորդի, իններորդի ամսեանն, յամի երկրորդի Դարեհի. եղեւ բան Տեառն առ Անգէ մարգարէ եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: