Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 12:44

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

44-50. Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց: Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց: Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ: Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»:
   
    Մի վերջին հատված էլ ունի Հովհաննեսը, որ սկսվում է «եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր» խոսքերով, և որը դրված է Հիսուսի տաճարից մեկնելու մասին պատմելուց հետո Հովհ. 12:36: Այդ պատճառով մեկնիչներից ոմանք կարծեցին, թե այդ հատվածը ոչ թե նույն ժամանակ Հիսուսի բերանից ելած խոսքեր են, այլ Հիսուսի սովորական դարձած հայտարարությունները` իբրև վերջաբան ավետարանչի կողմից այդտեղ ամփոփված, իբր ուզում է ասել` «Հիսուս սովոր էր բարձրաձայն հայտարարել», այլ ոչ թե` «Հիսուս բարձր ձայնով խոսեց և ասաց»: Մեր տեսակետով ամբողջ Ավետարանի մեջ Հիսուսի մեջ բերած խոսքերը սղագրությամբ ամփոփված չեն, այլ ընդարձակ զրույցների համառոտ ամփոփումներն են և, ինչպես արդեն հաճախ անդրադարձել ենք, կտոր – կտոր կցված են իրար` առանց պատշաճ անցումների և կապակցություններին ուշադրություն դարձնելու: Հետևաբար, այստեղ էլ նույն կերպ պիտի մոտենանք ավետարանչի գրածին, որ պարտավորված չի զգում հետևելու ժամանակագրական կարգին, և նույնիսկ 12:36-43 հատվածով իր պատմությունն ավարտելուց հետո, նորից Տեր Հիսուսի ասածներից նշանավոր մի կտոր է մեջ բերում. «Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր» սկզբնավորությամբ: ԱղաղակԷր բառը պետք չէ հասկանալ լոկ ձայնի սաստկության իմաստով, այլ ավելի համարձակ ու հանդիսավոր հայտարարության իմաստով, ինչպես վայել է Ավետարանի ժողովրադական քարոզության վերջն ու փակումը ցուց տալու համար:
    Հիսուսի այս վերջին խոսքերը ամփոփ ու վճռական հայտարարություններ են: Նախ ասում է. «Ես Երկնավոր Հոր անունից եմ խոսում, երբ հավատք եմ պահանջում իմ և իմ վարդապետության համար: Ինձ հավատացողը ոչ միայն ինձ է հավատում, այլ ինձ առաքող Երկնավոր Հորը, ինչպես որ ինձ տեսնողը տեսնում է Երկնավոր Հորը»: Այս սկզբունքը հաճախ է կրկնվում Հովհաննու Ավետարանում 5:36, 6:38, 7:29, 8:42, 10:38 և դրանով ավելի է հաստատվում, որ այս հատվածը վերջաբան- ամփոփում է ներկայացնում:
    Հայտարարության երկրորդ կետը այն է, որ Հիսուս եկել է աշխարհում լույս սփռելու, իրեն հետևողը լույսի մեջ է մնում: Այս կետի մասին Հովհ. 12.34-36 համարների բացատրության մասում ավելի ընդարձակ խոսեցինք և նույն իմաստը քանիցս կրկնված է  Հովհ. 3:19, 8:12,9:5:
    Երրորդ կետն Ավետարանն անարգողների դատապարտության մասին է, բայց ոչ թե Տեր Հիսուս է դատապարտության առիթ տվել: Նա եկել է միայն ու միայն հոգևոր փրկության համար: Եվ հրաշքները և քարոզությունը կատարվել են ընդհանուր հոգևոր փրկության համար: Նրանք, ովքեր հրաշքների չեն հավատում և քարոզություններին չեն հետևում, իրենք իրենց դատապարտությունն են պատրաստում: Ոչ թե Տերը, այլ Նրա վարդապետության և այդ վարդապետության չլսելն է իրենց համար դատապարտության փաստ դառնում: Այդ է ՍԵՐ Հիսուսի ասածը. «Ես ոչ դատիմ զնա: Բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա»: Այդ դատապարտությունը պիտի հայտնվի յաւուրն յետնում, այսինքն, աշխարհի վերջին օրը, Ավետարանի վերջնական հաստատման օրը, որ պիտի տեղի ունենա Հին ՈՒխտի և տաճարի կործանման ժամանակ: Հովհ. 4:17, 5:24,8:15, 9:39:
    Վերջին կետն է Տեր Հիսուսի և Երկնավոր Հոր իրար հետ ունեցած ներքին և իսկական միությունը, ինչից հետևում է, որ Հիսուսի խոսքը նույն Երկնավոր Հոր խոսքն է. «Ես ինձնից ոչինչ չեմ խոսում, այլ ինչ որ խոսեցի, ինձ հանձնարարել և հաղորդել էր Երկնավոր Հայրը, և ես էլ տարբեր կերպով չեմ խոսում, ուստի պիտի ընդունենք, որ ինչ որ մինչև հիմա խոսել եմ իմ երեք տարիների քարոզությունների ժամանակ, բոլորն էլ Երկնավոր Հոր խոսքերն են ու հավիտենական կյանք տվող են»: Այս վերջին կետն էլ, ինչպես նաև նախորդները Հովհաննու ավետարանում հաճախ կրկնված խոսքեր են 5:30, 6:63 7:16, 8:28, 8։38:
    Այս վերջնական հայտարարություններով վերջնականապես ավարտվում է Հիսուսի ժողովրդական քարոզությունը և ավետարանիչն էլ չէր կարող լավագույն կերպով ավարտել ավետարանի այդ մասը, որը կարող ենք ընդունել որպես երկրորդ մաս: Առաջին մասն ընդգրկում է Հիսուսի անձնական կյանքը, ծննդից մինչև մկրտություն, երկրորդ մասը` հրապարակային կյանքը, ժողովրդական քարոզությունների սկզբից մինչև վերջը, որին պիտի հաջորդի երրորդ մասը, որն ընդգրկում է Հիսուսի վերջին օրերի փրկագործական տնօրինությունները` ժողովրդից բաժանվելուց մինչև համբարձումը: