Ստեփանոս Սյունեցի
Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը:
«Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը, նաև իր աշակերտներից երկուսը»:
Այս օրը երրորդն է այն օրվանից հետո, երբ փարիսեցիներն առաքվեցին նրա մոտ հարցնելու, թե ո՛վ է [ինքը]:
Մաղաքիա արք. Օրմանյան
35-42․ Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը: Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսր՝ Գառն Աստուծոյ»: Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից: Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յհտեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»: Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր: Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից: Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս): Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրա՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է Պետրոս):
Ավետարանիչը մտադիր լինելով միայն Հովհաննեսի վկայությունները ցույց տալ, մեզ չի պատմում, թե Հիսուս, որ Հովհաննեսի մոտ էր գալիս ինչ արեց և ինչ ասաց և, թե ինչպես կրկին բաժանվեց: Եվ այս մանրամասնությունները զանց առնելով, պատմում է, թե «ի վաղիւ անդր» Հովհաննեսը դարձյալ տեսավ Հիսուսին այդ կողմերում շրջելիս: Հովհաննեսի հետ էին իրեն հետևողներից երկուսը: Նրանց դարձավ և մեկ անգամ ևս ցույց տվեց Հիսուսին ու վերստին հաստատեց նախորդ օրվա վկայությունը՝ «Ահաւասիկ Քրիստոս Գառն Աստուծոյ»: Այդ երկու աշակերտները լսելով, որ իրենց վարդապետը' Հովհաննեսը, այդպես հետևողականորեն և այդչափ խորհրդավոր կերպով բարձրացնում է Նազովրեցի Հիսուսին, հետաքրքրվեցին և ցանկացան գնալ Նրա մոտ, որպեսզի իրենք էլ ինչ որ ձևով հասկանան Հիսուսի մեծության հանգամանքների մասին: Նրանք Հովհաննեսից հեռանում ու դեպի Հիսուսն են գնում և, երբ մոտենում են Նրան, Հիսուս շրջվում և իր ետևից գալու պատճառն է հարցնում, «Զի՞նչ խնդրէք»։ Բնական էր, որ նրանք հանկարծակիի գալով չկարողանային խոսքի բռնվել և ասել. «Հովհաննեսը քո մասին ասում էր, որ Մեսիան ես, եկել ենք, որ մենք էլ համոզվենք»: Այս պատճառով խոսքը փոխելով և խոսքի բռնվելու ձևով ասում են. «Այս կողմերն էինք գալիս, օթևանի տեղ չունեինք և ուզում էինք իմանալ մեզ կհյուրընկալե՞ս»։ Եվ ի նշան հարգանքի վարդապետ տիտղոսով են ողջունում Նրան՝ մի տիտղոս, որ տրվում էր աստվածային Օրենքին և Սուրբ Գրքին հմուտ անձանց. «Վարդապե՛տ, ո՞ւր են օթեւանք քո»: Հիսուս ընդունում է նրանց առաջարկը. «Ես էլ տուն եմ գնում, - ասում է, - եկեք միասին գնանք և օթևանս կտեսնեք և՛ եթե կցանկանաք հյուր կմնաք»: Մեր՝ արևելյան ժամահաշվով երեկոյան ժամը տասն էր և ուրիշ տեղ երթալու այլևս ժամանակ չկար ու երկուսն էլ գիշերեցին Հիսուսի տանը. «Առ նմա ագան այն օր»: Անշուշտ ժամը տասից մինչև երեկո և մինչև ուշ գիշեր առիթ ունեցան երկարորեն խոսակցել, Հովհաննեսի պատմած հայտնության իրականությունը ստուգել, Հիսուսի մասին իրական գաղափար կազմել և Հիսուսի հետևողներից առաջինը լինել։ Ո՞ւր էր Հիսուսի բնակարանը, ո՞ր գյուղը գնացին, Հիսուս այնտեղ ի՞նչ հարաբերություններ ուներ, ինչպե՞ս էր կարողացել Իր համար որոշակի օթևան գտնել, սրանք բոլորն էլ անորոշ կետեր են, որոնք Ավետարանը չի բացատրում: Գուցե Հովհաննեսի ընտրած կենտրոնատեղիի մոտ Բեթաբրա գյուղն էր, որտեղ Հիսուս ծանոթ էր գտել կամ թե իր համար ժամանակավոր բնակարան հարմարեցրել, որովհետև դեռևս Իր գավառը՝ Գալիլիա չվերադարձած, մի ժամանակահատված ուզում էր այգ կողմերում մնալ:
Նկատելի կետ է նաև այն, որ Հիսուս անապատից վերադառնալուց մեկ օր հետո անմիջապես սկսում է աշակերտություն հավաքել: Հիսուսի համար, անշուշտ, դժվարություն ներկայացնող հանգամանք չէր սա, այլ ըստ գործերի բնական ընթացքի կարող է շատ հապշտապություն պահանջող պարագա լինել: Պատգամավորության գալուց հետո, Հովհաննեսը «ի վաղիւ անդր» տեսնում է Հիսուսին, որ գալիս էր անապատից և դրանից մեկ օր հետո «ի վաղիւ անդր» Հովհաննեսի երկու աշակերտները գնում են Հիսուսի հետևից: Որքան էլ Հովհաննեսի տված մեծամեծ վկայությունները բավարար պատճառ են իր աշակերտների հետաքրքրությունը շարժելու համար, սակայն բոլորովին անհավանական չէ «ի վաղիւ անդր» բացատրությունը հասկանալ մեկ այլ օր և ոչ ճշգրիտ կերպով անմիջապես հաջորդ օրր:
Ավետարանիչը երկու հետևողներից միայն մեկի անունն է տալիս և ասում, թե Անդրեասն էր Սիմոնի եղբայրը, և հավանաբար' կրտսեր եղբայրը: Իսկ մյուսի անվան մասին լռում է, մի հանգամանք, որը չէր կարող չիմանալ և ոչ էլ անտեսել: Հետևաբար, բոլոր սուրբ հայրերը և մեկնիչները միաձայն համաձայնությամբ այդ զանցառության մեջ կամավոր լռություն են տեսնում և Անդրեասի ընկեր են նկատում նոյն ինքն Հովհաննես Ավետարանչին, որ ուրիշ սրբազան հեղինակների նման համեստությամբ ինքն իր անունը չի ուզում տալ: Մյուս կողմից Ավետարանների զանազան կտորներից երևում է, որ Հովնանի որդիները' Սիմոնն ու Անդրեասը, և Զեբեդոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը իրար հետ չատ մտերիմ բարեկամներ ու ձկնորսության ընկերներ, արհեստի շահակիցներ կամ որսակիցներ էին Ղուկ. 5։10: Իսկ Հովհաննես Զեբեդյան' Սողոմեի զավակը, Հիսուսին անծանոթ չէր, քանի որ Մարիամն ու Սողոմեն մորաքրոջ զավակներ էին և գուցե այս պարագան էլ խթան եղավ, որ Հովհաննեսն ու Անդրեասը այդքան շուտ և այդքան դյուրին կերպով հետևեցին Հիսուսին:
Այն գիշերը Հիսուսի օթևանում երեքի միջև տեղի ունեցած խոսակցությունները բավարար եղան երկու հետևողներին համոզելու, թե ակնկալյալ Մեսիան ոչ թե Հովհաննես Մկրտիչն է, այլ սոյն Ինքն Հիսուս Նազովրեցին: Անդրեասն իր զգացմունքն ու հուզումը չկարողացավ զսպել: Առավոտյան անմիջապես դուրս եկավ, գտավ Սիմոնին և ուրախությամբ ավետեց. «Գտաք զՄեսիայն» և առաջնորդելով նրան բերեց և ներկայացրեց Հիսուսին: Ինչպես կամավոր լռության քողը փարատելով Անդրեասի ընկերոջ համար ենթադրեցինք, որ Զեբեդյան Հովհաննեսն էր, շատ պատշաճ է, որ ավելացնենք, թե Հովհաննեսն էլ գնաց իր ավագ եղբայր Հակոբոսին գտավ և նրան նույնպես բերեց ու ներկայացրեց Հիսուսին:
Ավետարանում Զեբեդյան եղբայրներին միշտ իրարից անբաժան ենք գտնում և նույնիսկ առաքյալների շարքում, ամեն տեղ և ամեն դեպքում այդ չորսը՝ Սիմոնն ու Անդրեասը, Հակոբոսը ու Հովհաննեսը նախապատվյալ և նախադասյալ մի խումբ են կազմում և հնարավոր չէ կարծել, որ սրանցէց մեկը ավելի ուշ և այլ ժամանակում Հիսուսին հետևած լինի:
Ավետարանիչը Սիմոնի անվան մասին դիտել է տալիս, թե Հիսուս նրան մի մակդիր ավելացրեց, որ ժամանակի եբրայցերենով Կեփաս է, հունարենը Պետրոս և հայերենը Վեմ: Այս չորս անուններն էլ միաժամանակ հիշվում են այստեղ. Սիմոն-Կեփաս- Պետրոս-Վեմ, սակայն որևէ անվան հատկացումը երբեք վարդապետության փաստարկ չի կարող լինել, ինչպես լատինները փափագում են անել և Պետրոսի անձնավորության շուրջ կատարված բոլոր դեպքերից, նույնիսկ ուրանալուց և հանդիմանվելուց իրենց դրվածքի համար նպաստավոր մեկնություն ստեղծել: Արդեն այդ ժամանակ, երբ Հիսուս դեռևս մեկ օր էր ինչ հրապարակ էր դուրս եկել՝ ո՛չ վարդապետության քարոզ էր խոսել, ո՛չ էլ եկեղեցու կազմակերպության կամ նմանօրինակ նշանակություն ունեցող մի գործ էր կատարել: Ավետարանական այսպիսի խնդիրների մասին պիտի առիթ ունենաք վերստին անդրադառնալ, այդ պատճառով այստեղ եզրակացություն անելու կարիք չենք զգում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: