Մաղաքիա արք. Օրմանյան
1-11. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի: Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի: Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք: Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող: Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի: Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի: Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք: Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք: Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ: Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի:
Երբ Հիսուս սկսեց նորից խոսել, Իր մտքին իշխում էր Իր և յուրայինների ներքին միավորության տեսակետը, որից պիտի ծնվի հավատը և արծածվի վստահությունը և որից պիտի առաջանա առաքելական գործունեության պտղաբերությունը: Առակներն ու համեմատություններն ավելի հարմար են տպավորություն գործելու համար, և այս անգամ խոսակցությունը սկսվում է համեմատությամբ, և որպես նմանության եզր վերցնում է որթը, նրա ճյուղը և նրա պտուղը, այսինքն՝ խաղողը. Դա հիշելու համար կարող էր նպաստած լինել ընթրիքի ժամանակ դատարկված և դեռ սեղանի վրա մնացած գինու բաժակները:
«Դուք լավ գիտեք, - ասում է, - թե ինչպես կարելի է այնպիսի ընտիր և օգտակար արդյունքներ ստանալ: Խաղողը առաջ է գալիս որթերի ճյուղերին, բայց այդ ճյուղերը չեն կարող պտղաբեր լինել, եթե որթատունկից կտրված ու բաժանված լինեն: Ճյուղը իր որթատունկից կտրիր, ոչ միայն պտղաբեր չի լինի, այլև բոլորովին կչորանա և խաղողի պես ընտիր ու ազնիվ պտուղ բերող որթաճյուղն օգտկար չի լինի անգամ որպես փայտ ու ատաղձ, այլ որպես չորացած խռիվ, բացի այրելուց, ոչինչ չի ծառայի: Նույն ձևով է, եթե որթի մի ճյուղ իր վրա ողկույզները չունենա, այդ անպտուղ ճյուղը որթատունկի վրա չեն թողնի: Կգա մշակը և կկտրի ու կնետի կրակը: Ահա այսպիսին է ձեր՝ ինձ հետ միավորության և արդյունավորության վիճակը: Ճշմարիտ որթատունկը ես եմ, որթի ճյուղերը դուք եք, Երկնավոր Հայրն էլ՝ մշակը: Ինչպես որ որթի ճյուղերը իրենց հյութը որթատունկից են ստանում և դրանով են պտուղ տալիս, այնպես էլ դուք, պտուղ և արդյունք տալու համար, ուժը և հյութը ինձնից պիտի ստանաք: Դուք ինքներդ և միայն ձեզանով պտղաբեր չեք կարող լինել: Նույն ձևով էլ, եթե ինձ կպած և միացած ժամանակ պտուղ չտաք, երկնավոր մշակը կգա, ձեզ կկտրի կգցի, և եթե այնպես պատահի, որ դուք բաժանվեք կամ թե մշակը ձեզ բաժանի, բոլոր դեպքերում կչորանք, կդառնաք խռիվ և կրակի մեջ նետվելուց բացի ուրիշ բանի չեք ծառայի: Մշակը պտուղ բերող ճյուղերն էլ է կտրում, բայց ոչ թե ճյուղն է կտրում ու նետում, այլ կտրտելով էտում և մաքրում է, որպեսզի ավելի լավ ու առատ պտուղ տա: Արտաքին ցավերն ու զրկանքները, որ Աստծո թողությամբ հասնում են ձեզ, ոչ թե կտրելու, գցելու համար են, այլ էտելու ճյուղը օգտակար գործողություններ են: Ահա թե ինչպես պետ է կատարվի և արդյունավորվի ձեր առաքելական գործունեությունը և ահա թե ինչպես պետք է վարվեք դուք ձեր գործունեության մեջ՝ հաջողության հասնելու համար: Դուք առաջին միավորությունը ինձ հետ ունեցաք և առաջին մաքրությունը ստացաք իմ վարդապետւթյունը ընդունելով և ինձ հետևելով: Աշխատեք միշտ միավորված մնակ Ինձ հետ և ինձանից չբաժանվեք, և որովհետև եթե այդ միավորությունը պահեք և իմ վարդապետությունից չհեռանաք, ձեր բոլոր գործերը հաջող կընթանան և ինչի կարիքը ունենաք, այդ ձևով ձեռք կբերեք: Երկնավոր Հայրը ձեզ վրա իր փառքը հայտնեց և այնպես կարգադրեց, որ այդ ձևով լինեք իմ հավատարիմ աշակերտները և ինձ հետ միավորված մնալով, դուք առատ արդյունքներ ունենաք: Ես էլ ներքին ու սերտ սիրո միավորությամբ կապված եմ ձեզ հետ, ինչպես որ Երկնային Հայրն էլ սուրբ միավորությամբ կապված է ինձ հետ: Աղաչում եմ սիրելիներս, այնպես չլինի, որ այդ սերը սառեցնեք ու հեռանաք, սիրեք ինձ անսասան և որպես այդ սիրո նշան, իմ պատվերները պահեք, ինչպես որ ես էլ Երկնային Հոր պատվերները կատարեցի և այդպես էլ նրա սերը պահեցի, որվհետև եթե պատվերներս չկատարեք, իմ սերն էլ չեք կարող պահել: Այս բոլոր բացատրությունները և հորդորները նրա համար եմ ասում ու կրկնում, որպեսզի ձեր հավատրիմ միավորությունն ու արդյունավետ գործունեությունը տեսնեմ, և ձեզ վրա ուրախանամ և ինչպես ես ձեզնով եմ ուրախանում, դուք էլ ձեր արդյունավետությամբ ու հաջողությամբ ուրախանաք ու մխիթարվեք: Մեր հոգևոր ու ներքին միավորությունը մեր բաժանման ցավը անցնի և ձեր վրա գալիք նեղություններն ու հալածանքները, էտելու ու մաքրելու գործողության տեղ լինեն և առավելաչափ պտղաբերության պատճառ լինեն»:
Հիսուսի պարզած ճշմարտությունը և Իր հետ միավորվելու վրա խարսխված արդյունավետության պայմանը բոլոր հավատացյալների համար ընդհանուր է: Թե՛ անհատական առաքելությունների և թե՛ առաքելական գործունեությունների արդյունքները միայն Հիսուսի զորությամբ են առաջ գալիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: