Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 21:1

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-14. Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի: Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»: Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին: Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է: Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»: Նրան պատասխանեցին՝ ո՛չ: Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»: Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել: Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է: Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մէջ: Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ: Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց: Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»: Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով:Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց: Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք: Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է: Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը: Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ:
   
    Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն առաքյալներին ասել էր, որ Յետ յարութեան իմոյ յառաջագոյն քան զքեզ երթայց ի Գալիլիա Մարկ․ 14:28։ Հրեշտակը յուղաբերներին հանձնարարել էր առաքյալներին ասել, որ Յիսուս յառաջագոյն քան զքեզ երթայ ի Գալիլիա Մարկ․ 16:7։ Ինքը Հիսուսն էլ նույն յուղաբերներին հրամայել էր առաքյալներին հանձնարարել, զի երթիցեն ի Գալիլիա եւ անդ տեսցեն զինքն Մատթ․ 28:10։ Այդ խոսքերն այնպես կարող են հասկացվել, թե առաքյալները Գալիլիայում կարող էին Հիսուսին տեսնել, եւ ոչ թե Երուսաղեմում։ Սակայն առաջին երեւումները Երուսաղեմում եղան, ինչպես արդեն տեսանք, եւ եթե սկզբում ասված խոսքերը լավ զմմեմք, դրանց մեջ չենք գտնի Գալիլիայից դուրս տեսնելու որեւէ արգելք, այլ միայն Գալիլիա գնալու եւ այնտեղ տեսակցելու, որպեսզի այն տեղերը, որոնք Հիսուսի քարոզությունների առաջին եւ ավելի ընդարձակ մասերը վայելեցին, հարության ավետիսն ու արդյունքներն էլ վայելելուց չզրկվեցին։ Մատթեոսը եւ Մարկոսը, որ Գալիլիա գնալու հանձնարարություններն են հիշում, իրոք էլ Երուսաղեմի երեւումները չեն պատմում, սակայն չպատմելը մերժելու նպատակ չունի, եւ Հովհաննեսը, որ Երուսաղեմի երեւումներն է պատմում եւ, հատկապես, հարության ութերորդ օրը տեղի ունեցած վերնատան երկրորդ երեւումը, Գալիլիայի ծովակի երեւումն էլ է պատմում, իսկ Մարկոսը Գալիլիայի մեջ տեղի ունեցած երեւումն էլ չի պատմում։ Ավետարանիչներից եւ ոչ մեկը շարադրված, կարգավորված եւ գեղարվեստական հագեցվածությամբ պատմություն չի կազմել եւ նույնիսկ այս ոճն է, որ նրանց անկեղծ վավերականության եւ ստուգապատում վկայության ներքին փաստն է հանդիսանում։
    Ավետարանիչների պատմածները համախմբելով ու շարադրելով, պետք է ասել, որ Հիսուսի Գալիլիա անցնելը հարության ութօրեքից հետո տեղի ունեցավ։ Հավանաբար վերնատան երեւումների ընթացքում նորից նորից հիշեցրեց Գալիլիա այցելելու մասին, եւ ինքն էլ առաջինը այնտեղ գնաց, առաքյալներն էլ հետեւից ճամփա ընկան իրենց ծննդավայրը վերադառնալու, որտեղից բավական ժամանակ էր հեռացել էին։ Հիսուսի Գալիլիա գնալու պատճառը ոչ միայն առաջին քարոզության կողմերը գնալ մխիթարելն է եղել, այլեւ իր՝ Տիրամոր մոտ գնալը, որ զատկի տոնը վերջացնելով, իհարկե, վերադարձել էր իր սովորական բնակության տեղը, որ Կափառնայումն էր (Մատթ. 4:13-16)։ Գալիլիայում տեղի ունեցած երեւումներից առաջինը պատմում է Հովհաննեսը եւ մյուսը՝ Մատթեոսը։
    Առաքյալները խմբով թողեցին Երուսաղեմը, առնվազն հարության իններորդ՝ երկուշաբթի օրը, նույն ցանկությամբ, որ Գալիլիայում Հիսուսի շարունակվող ու տեւական մոտիկությունը պիտի վայելեն, ինչպես որ մահվանից առաջ էր, բայց այնտեղ գալով ու փնտրելով ո՛չ Հիսուսի հետ միասին ապրեցին եւ ո՛չ էլ նրա հետքը գտան։ Նորից հուզմունք ու վարանում, նորից շփոթություն ու անորոշություն, ինչ անեն, խեղճ առաքյալները չգիտեն։ Ձանձրույթի ու շփոթության մատնված, եւ Հիսուսի գործունեությունից ամբողջովին իրենց բաժանված համարելով, իրենց նախկին զբաղմունքը՝ ձկնորսությունն են նորից ձեռնարկում։ Մի օր, երբ մի քանիսը միասին խոսում էին, Պետրոսը որոշում կայացրածի պես ասում է ընկերներին․ «Ես ձկնորսության եմ դուրս գալիս, վերադառնում եմ ձկնորսությանը»։ Իր հետ եղողները հավանություն են տալիս․ «Մենք էլ քեզ հետ ենք, միասին կգնանք», պատասխանում են ու միանգամից Կափառնայումի ծովեզերքն են իջնում, նավը պատրաստում են ու մտնում։ Այս պարագան մեզ մտածել է տալիս, որ առաքյալները Հիսուսին հետեւելու ժամանակ արհեստ ու տուն թողեցին, բայց ամեն ինչ ցիրուցան չարեցին, այլ յուրայիններին թողեցին գործածելու, ուստի, երբ վերադարձան՝ ամեն բան պատրաստ գտան, եւ նորից նավ ու ուռկան հայթայթելու կարիք չեղավ, այլ պետք եղածը պատրաստ գտնելով, կարող էին անմիջապես գործի անցնել։
    Այս առիթով մեկտեղ եղածները Տասնմեկն չէին, յոթը, որոնցից միայն հինգն են անուններով հիշվում՝ Սիմոն, Պետրոս, Թովմաս, Երկորյակ, Բարդուղիմեոս Նաթանայել, Հակոբոս Զեբեդյան եւ ինքը՝ Հովհաննես Զեբեդյան։ Մյուսները, այսինքն՝ այլք յաշակերտաց անտի երկու, հիշված չեն, բայց հարմարագույն են նկատվում Պետրոսի եղբայր Անդրեասը եւ սրանց հայրենակից Փիլիպպոսը, բոլորն էլ վարժ ձկնորսներ։ Երեկոյան կողմ են ձկնորսության դուրս գալիս, ինչպես որ բոլոր ձկնորսների սովորությունն է՝ գիշերները գործել։ Ամբողջ գիշերն աշխատում են մինչեւ առավոտ, բայց ոչ մի արդյունք չեն ունենում, կալան եւ ոչինչ։ Առավոտը բացվելիս ծովեզերքին մեկն է երեւում, որ իրենցից ձուկ էր ուզում գնել․ «Տղանե՛ր,- կանչեց,- ուտելու մի լավ բան ունե՞ք»։ «Ոչ մի բան չունենք,- պատասխանում են նավից,- ոչինչ չկարողացանք որսալ»։ «Ինչո՞ւ չկարողացաք,- ասում է ծովեզերքի մարդը,- ապա մի ուռկաններդ նավի աջ կողմը նետեք եւ կտեսնեք, թե ինչքան ձուկ կա»։ Նավի մեջ եղողները չգիտեին թե խոսողն ով է, եւ ոչ էլ մտածում են, որ Հիսուսը կարող է լինել․ իրենք բավական ժամանակից ի վեր նավ ու ուռկան մոռացել, ձկնորսության արհեստն էլ թողել էին, ուստի համոզվում են, որ իրենց հետ խոսողը ջրերին, հոսանքներին եւ ձկնավետ կողմերին մի ավելի վարժ տեղացի է․ ամբողջ գիշերվա անպտուղ աշխատանքից էլ ձանձրացած, առանց որեւէ բան ասելու, լսում են այդ մարդու խոսքը եւ ուռկանները նավի աջ կողմն են նետում։
    Հազիվ ուռկաններն իջեցրին, կարծես ձկներն այնտեղ պատրաստ սպասում էին ու սկսեցին ուռկանի մեջ մտնել․ ձկնորս առաքյալներն ուռկանի ծանրանալն զգում են եւ սկսում վեր քաշել, բայց դժվարանում էին արագ-արագ վեր հանել՝ ուռկանները չափազանց լցվել ու ծանրացել էին։ Հաջողությունը մեծ էր, բայց ավելի մեծ էր այդ անծանոթի անձնավորությունը, որ, իր ձեռքով դրածի նման, ձկների տեղը գիտեր, կամ ձկները ուզածի պես տեղաշարժում էր։ Բոլորից առաջ Հովհաննեսն է սթափվում ու երբ դեռ ընկերներն ուռկանների վրա թեքված էին, ինքը ետ է դառնում ծովեզերքի մարդուն դիտելու, հիշելով, որ մի ուրիշ անգամ Հիսուսի ցույց տալով էին հրաշալի ձկնորսություն արել։ Իրոք, այս անգամ էլ նույն ինքը Հիսուսն էր։ Հիսուսն ինքն իրեն բացահայտում է։ Հովհաննեսը ճանաչում է նրան եւ Պետրոսին դիմելով ասում է․ «Գիտես որ ծովեզերքի մարդը մեր վարդապետ Հիսուսն ինքն էր»։ «Ինչ ես ասում»,- ասում է Պետրոսը ու ուռկանները միանգամից ձեռքից բաց թողնում եւ, որովհետեւ ձկնորսների ձեւով մինչեւ մեջքը մերկացած էր աշխատում, մի սփածանելի ձեռք գցելով, գցում է թիկունքին եւ, անհամբերությունից ծանրացած նավի թիավարելուն էլ չսպասելով, որը հեռու էր ցամաքից երկու հարյուր կանգուն, այսինքն՝ հարյուր մետրից ավելի, ծովն է նետվում եւ, հապճեպ լողալով, ծովեզերք դուրս գալիս՝ Հիսուսին իր հարգանքն ընծայելու եւ իր եռանդոտ սերը վկայելու։ Մինչ այս, մինչ այն նավի միջի վեցն էլ թիավարելով եւ լիքը ուռկանը հետեւներից քաշելով ափ են հասնում եւ տեսնում, որ, իրենք գործը չսկսած, Հիսուսի մոտ փոքր կրակ է վառվում եւ վրան խորովելու դրված մի ձուկ կա, մոտն էլ պատրաստ հացը, որը ցույց է տալիս, թե Հիսուսն իր ուտելու կարիքի համար չէր նրանց ձայնել, այլ՝ յուրայիններին իրեն բացահայտելու համար։
    Հիմա արդեն բոլորն էլ վստահ են, որ Հիսուսն իրենց հետ է եւ սկսում են ընկերաբար նրա հետ զրուցել, առանց նորանոր հարցեր տալու կամ ստույգ Հիսուսը լինելու նշաններ փնտրելու, ինչպես որ վերնատանն էին արել՝ սպիները զննելով եւ մարմինը շոշափելով։ «Ուրեմն,- ասում է Հիսուսը,- քանի որ ուտելու բավական ձուկ ունենք, նստենք այստեղ ճաշելու»։ Պետրոսը շտապում է նավը մտնել եւ որսած ձկներից բերել, մինչ ընկերներն աշխատում էին ուռկանները դատարկել։ Որսի առատությունն իմանալու համար բռնած ձկներն էին հաշվում եւ տեսան, որ հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձուկ է բռնվել։ Ձկների թվի համար խորհրդավոր մեկնություն տալու մեկնիչների ճիգերը հավանական եւ մտքի մոտ արդյունք չեն տվել, եւ մի հին վիճակացույցի՝ Անտիոքի պատրիարքության մեջ հարյուրհիսուներեք եպիսկոպոսական թեմ գտնվելու ակնարկը, պարզ զուգադիպությունից ավելի նշանակություն չունի։
    Պետրոսի հանած ձկները եփվում են, սեղան է պատրաստվում, Հիսուսը եւ ընկերները հավաքվում են եւ ուրախությամբ մի լավ ճաշում Տիբերիայի ծովի եզերքին, իսկ թե որ կողմում եւ որ կետում, չենք կարող ճշտել՝ ավետարանում ոչ մի նշում չունենալու պատճառով։ Բայց հավանաբար Կափառնայումի մոտակայքում է եղել, որովհետեւ երեւում է, որ առաքյալ ձկնորսները գիշերվա ապարդյուն աշխատանքից հոգնած ու հուսահատ իրենց տեղը վերադառնալու միտում ունեին։
    Այդ երեւումը երրորդն է, ասում է Հովհաննեսը, անշուշտ առաքյալներին եղած ընդհանուր երեւումները հաշվելով, որոնք են՝ վերնատան առաջին միաշաբթիի երեւումը (Մարկ. 16:14), դարձյալ վերնատան մյուս միաշաբթիից երեւումը (Հովհ. 20:26-29), եւ այս Գալիլիայի ծովակի երեւումը։ Այս ձեւով հաշվելու մեջ են մտնում Մագդաղենացու, յուղաբերների, Պետրոսի եւ Էմմավուսի երեւումները, եւ այս մեզ իրավունք է տալիս ասելու, թե ուրիշ մասնավոր երեւումներ էլ են տեղի ունեցել, որ ավետարանում չի հիշատակված։