Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 3:22

Մաղաքիա արք. Օրմանյան

22-36․ Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել: Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»: «Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»:
   
    Հիսուս Երուսաղեմում զատկի ուխտը լրացնելուց, տաճարի նվիրականությունը պաշտպանելուց, Նիկոդեմոսի այցելությունն ընդունելուց, և հրաշքներով իր վարդապետությունը զորացնելուց հետո, երկար չմնաց Երուսաղեմում։ Նա իր քարոզությունների սերմերը ավանդեց միայ Սուրբ Քաղաքին, և մեկնեց, թողնելով, որ դրանք տակավին հասունանան, և Պաղեստինի զանազան կողմերում կատարված հրաշքներն ու քարոզությունները ազդեն Երուսաղեմի վրա, որտեղ տիրապետողն էին Փարիսեցիների ավելորդապաշտությունները և Սադուկեցիների նախապաշարումը, և բոլորովին խեղդել էին անկեղծ ու միամիտ զգացմունքների ազդեցությունը։
    Հիսուսին հետևողների մի մասը միշտ Իր հետ էր, որոնք «Նրա աշակերտներն» էին կոչվում, և անտարակույս սրանց մեջ էին նրանք, որոնց կոչումը վերը հիշեցինք, և որոնք հետո Տասներկուսի խումբը կազմեցին։ Թողնելով Երուսաղեմը, Հիսուս շատ չհեռացավ, այլ մնաց Հրեաստանում, բառի ամփոփ իմաստով, որովհետև թեպետ երբեմն Հրեաստան անունը ամբողջ Պաղեստինի համար էլ է գործածվում, բայց Ավետարանում նշանակում է միայն Պաղեստինի հարավային մասը, որն երբեմն Հուդայի թագավորության սահմանն էր, և որն ուրիշ լեզուներով կոչվում է Հուդայաստան։ Այստեղ, միջանկյալ կերպով ուշադրության ենք հրավիրում, որ Հրեայ, Հրէաստան, Հրէարէն բառերը, որ գոծածական են մեզ մոտ, ուրիշ լեզուներում տառական համանշանակը չունեն, այլ գոծածվում են Յուդայեան, Յուդայաստան, Յուդայերէն ձևով, և երևում է, որ մեր գործածած անունների ստուգաբանական ծագումն էլ առաջացել է Հեբրայեցի, Հեբրայաստան, Հեբբայերէն բառերի աղավաղումից՝ բ տառի սղումով:
    Վերադառնալով Հիսուսի շրջագայությանը, Ավետարանն ասում է, թե նա շրջում էր Հրեաստանում, բայց չի ասում, թե որ քաղաքներով և որ կողմը գնաց, այլ, որովհետև ավելացնում է, թե շրջէր և մկրտէր, կարիքը կա ասելու, թե Հորդանան գետի շրջակայքից չէր հեռանում, եթե երբեմն քաղաքներում էլ էր քարոզում, շուտով գետի կողմերն էր իջնում, որտեղ իր աշակերտներին և իր քարոզության հետևողներին էր մկրտում: Ուրեմն Հիսուս սկսել էր տարածել իր հաստատած մկրտությունը, որի նշանակությունը դեոևս Հովաննես Մկրտիչն էր հայտնել, Հիսուս էլ Նիկոդեմոսին էր բացատրել և, անշուշտ, իր քարոզների մեջ էլ կրկին ու կրկին կրկնում ու հասկացնում էր։ Ստորև ասվում է, Հիսուսի աշակերտներն էլ էին մկրտում Հովհ. 4։2, ուստի պետք է ընդունել թե Հիսուս նախապես մկրտեց իր աշակերտներին, թե Հովհաննեսից մկրտվողները նորից Հիսուսի կողմից էին մկրտվում, և թե Հիսուս իր առաքելության մեջ պաշտոնյաներ ունենալու կարգն էր մուծել, և ինքն իբրև գերագույն գլուխ և պետ էր ներկայանում, մի բան, որ Հովհաննեսը չէր համարձակվում անել, այլ միայն ինքը մկրտում էր իբրև հանձնակատար պաշտոնյա, և ոչ իբրև հանձնարարող պետ: Պետք է ուշադրություն դարձնել, որ այստեղ ավետարանիչը խոսք չի ասում կատարված հրաշքների մասին, սակայն անշուշտ Երուսաղեմում իր գործածը մյուս տեղերում էլ էր կատարում։
    Երբ Հիսուս իր աշակերտներով Հորդանանի հարավային կողմերը Հրեաստանի սահմաններում էր շրջում, քարոզում և մկրտում, Հովհաննեսն արդեն այդ կողմերից հեռացել էր և թողնելով Բեթաբրայի կենտրոնը, անցել էր Հորդանանի մյուս կողմը, դեպի հյուսիս էր առաջացել, մտել էր Գալիլիայի սահմանները, Պաղեստինի Բեթսան քաղաքից ոչ շատ հեռու, որ հույներն ու հռոմեացիները Սկյութուպոլիս էին կոչում, Սաղիմ գյուղի մոտ, Այենովն կոչված վայրում իր կենտրոնն էր հաստատել: Հին Սաղիմ գյուղն այսօր ընդունված է անվանել Թելլ-Էս-Սարեմ: Հովհաննեսը չէր հեռացել իր պաշտոնից, այլ գործում էր առաջվա պես, բայց ոչ իբրև Հիսուսի մրցակից, այլ իբրև Հիսուսի նախապատրաստող Կարապետ: Հովհաննեսը օրինական մկրտությամբ էր մկրտում, մկրտում էր և Հիսուսը՝ խորհրդարկան մկրտությամբ:
    Թեկուզև Հովհաննեսը Հիսուսի մրցակիցը չէր, բայց հովհաննիսյանները զերծ չմնացին այդ զգացումից: Նրանք, որ Հովհաննեսին հավատարիմ էին մնացել և Հիսուսի հետևողները չէին դարձել, սկսեցին մտահոգվել, որ Հիսուս կանցնի Հովհաննեսից: Շատ հովհաննիսյաններ էլ Հիսուսին էին հետևում և Հիսուսի կողմը շատանում ու զորանում էր: Երկու խմբերից դուրս գտնվող հրեաներն էլ սկսեցին մեղադրական խնդիրներ հարուցել և հարցումներ ուղղել, թե ո՞ր մկրտությունն է, որ սրբություն է տալիս. Հովհաննեսի մկրտությունը, թե՝ Հիսուսի մկրտությունը: Այստեղ մեր թարգմանությունն ու հույն բնագիրն եզակի ձև ունեն. Եղեւ խնդիր աշակերտացն Յովհաննու ընդ Հրէի, վասն սրբութեան. մինչդեռ լատիներենում հոգնակիով է դրված ընդ հրէից, իսկ եզակի ձևի իմաստի տակ հոգնակի պետք է հասկանալ, որովհետև հովհաննիսյանների հետ խոսող հրեան ներկայացնում է վիճաբանող բազմությանը:
    Իրենց տկարացումից խեղճացած Հովհաննեսի աշակերտները գանգատի ձևով դիմում էին իրենց վարդապետին և ասում. «Ռաբբի, երբ գտնվում էինք Բեթաբրայում, այն Հիսուսը, որ քեզ հետևորդ էր և քեզնից մկրտվեց, և որի համար դու վկայություն տվեցիր, նա այժմ զորացել է այնտեղ, նա էլ մկրտություններ է անում, և բոլորը նրա մոտ են գնում, մեզ մոտ եղողներից շատերն էլ նրա կողմն են անցնում»: Անշուշտ նրանք սպասում էին, որ Հովհաննեսն իրենց գանգատներին ընթացք տար, և Հիսուսի հաջողությունը խոչընդոտելու ճանապարհ ցույց տար: Բայց նրանք մարդկային էին խորհում, մինչդեռ Հովհաննեսը աստվածային հոգով էր ներշնչված: «Իզուր եք անհանգստանում, - ասում է Հովհաննեսը գանգատվողներին, - ոչ ոք չի կարող ինքն իրեն երկնային առաքելության դիրք ունենալ և հաջողել, այլ պետք է, որ իրեն այդ կոչումը Աստծուց տրված լինի: ճիշտ եք անում, որ հիշում եք, թե ես ձեզ արդեն հայտնել եմ, որ ես Քրիստոսը չեմ, այլ որ Նազովրեցի է խոստացյալ Մեսիան․ ես ուղարկված եմ միայն նրա ճամփան բացելու և նրա կարապետը լինելու, ուրեմն ինչու՞ եք զարմանում, որ նա իր Մեսիականությունն է արտահայտում: Քրիստոս ինքն է, որովհետև նա է Երկնքի Արքայության տերը, ինչպես որ փեսա է նա, ով հարսի տերն է: Ես միայն փեսայի բարեկամն եմ, և ինչպես որ փեսայի բարեկամն է ուրախանում փեսայի հաջողությունից և համբավից, այնպես էլ ես եմ ուրախանում Հիսուսի հաջողություններից, դուք ցավ եք զգում, իսկ ես ուրախությանս գագաթին եմ: Այսուհետև նրանն է ասպարեզը, նա հետզհետե պիտի բարձրանա ու պիտի ընդարձակվի, իսկ ես պիտի հատզհետե նվազեմ և պիտի ամփոփվեմե»։ Հովհաննեսն այսպես բացորոշ կերպով Հիսուսի համար ևս մի նոր վկայություն տալուց, Բեթտբրայի վկայություններից (Հովհ.  1:15-28, և 1:29-34) և Այենովում էլ հստակորեն կրկնելուց հետո, առիթ է ունենում մի քանի ընդհանուր խոսքերով Նոր Ուխտի սկզբնավորության և փրկագործության խորհրդի մասին բացատրություններ տալ: «Երկնքից եկողը, - ասում է նա, - վեր է երկրի վրտ եղողից: Երկնքից եկողը աստվածային պատգամներ է բերում, երկրի վրա եղողը այդ բանը չի կարող անել: Երկնքից եկողը Աստծուց լսածն է խոսում և հաստատում, հոգ չէ որ նրա վկայությունը չընդունողներ կգտնվեն: Նա, որ ընդունում է այդ վկայությունը, Աստծո ճշմարտությունն է ընդունում, որովհետև հավանում է նրան, գիտենալով որ Աստծուց ուղարկվածը Աստծո խոսքն է խոսում, որովհետև Աստված որոշ չափով չի տալիս նրան իր հոգին, այլ սրբել է նրան, ինչպես Հայրը իր Որդուն և ամեն բան հանձնել է նրան: Հիսուսն է Հայր Աստծու Որդին, ինչպես որ ես երկնքից եկած ձայնով լսեցի, հետևաբար ամենքը նրան պետք է հավատան։ Ով որ հավատում է նրան, հավիտենական կյանքի կարժանանա, իսկ ով որ նրան չի հավատում և նրա պատվիրաներին չի հնազանդվում, երբեք հավիտենական կյանքի չի արժանանա, այլ Աստծո բարկության տակ կմնա»: Այդ համառոտ խոսքերով ամփոփվում է ավետարանական քարոզության բովանդակությունը, որն ավետարանիչը Հովհաննեսի բերանից է գրի առել: Բայց դրանք այնքան բացորոշ ու հստակ են, որ մեկնիչներից ոմանք, ինչպես նշեցէնք Նիկոգեմոսի հետ եղած խոսակցության մասին Հովհ. 3։34, այդ վարդապետական ամփոփման վնրջին մասը Հովհ. 3։31, համարից սկսած, հարմար են գտնում զատել առաջին մասից, և ուղղակիորեն ասել, որ գրված է ավետարանիչի կողմից, սակայն ավելի շատ են նրանք, որոնք այդ ընդունում են որպես Հովհաննես Մկրտչի բերանից ելած խոսքը:
    Մինչ այս ամենը կատարվում էր Այենովում, Հիսուս շարունակում էր Հրեաստանի իր պտույտներն ու քարոզությունները: Զատիկը զետեղելով հռոմեական 360 և Քրիստոսի 27 թվականի ապրիլի մեջ, Հիսուսի պտույտի սկիզբը ընկնում է մայիս ամսին և տևում է մինչև տարվա վերջ, մինչև դեկտեմբեր ամիսը, և Հիսուս այդ կողմերում է անցկացնում ամբողջ 8 ամիսներ: Հրեաստան գալու ժամանակը ճշտված է զատկի հիշատակությամբ, իսկ Հրեաստանից հեռանալու ժամանակն էլ ճշտված է հունձքի եղանակից չորս ամսվա առաջ լինելու հիշատակությամբ Հովհ. 4։35: Պաղեստինում հուձքը սկսում է Ապրիլի վերջին, նրանից չորս ամիս առաջը դեկտեմբեր ամիսն է. և հաստատում է, որ Հիսուս իր կյանքի 31-րդ տարվա ապրիլց դեկտեմբեր ընկած միջոցը Հրեաստանի մեջ է անցկացրել:
    Բայց թե ո՞ր կողմերը և ո՞ր քաղաքները շրջեց՝ հայտնի չէ, և թե Հորդանանի մյուս կողմում՝ Պերեայի գավառում եղա՞վ, թե ոչ՝, այդ էլ չգիտենք, կամ թե երբեմն Երուսաղեմում էլ եղա՞վ՝ դարձյալ չենք կարող ասել, միայն թե հավանական ենք գտնում, որ այս ժամանակից սկսած Բեթանիան և Երիքովը նրա համար սովորական տեղ էր դարձել և նա այդ քաղաքների մեջ հետևողներ, բարեկամներ և հյուրընկալողներ ունեցավ: