Մաղաքիա արք. Օրմանյան
4-43․ Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր: Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»: Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»: Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ: Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ: Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել: Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը: Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»: Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի: Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»: Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա.
Հիսոուս Հրեաստանից Գալիլիա մեկնելու համար բռնեց Սամարիայի կենտրոնական ճանապարհը։ Հայտնի չէ, թե մի ուրիշ անգամ Հիսուս անցե՞լ է այդ ճանապարհով, թե՝ ոչ, չնայած որ Սամարիան գտնվում էր Գալիլիայի և Հրեաստանի միջև, և մեկից մյուս գնալու համար հարկ կլիներ անցնել Սամարիայով։ Բայց եթե մեկը ուզեր չանցնել Սամարիայով, կարող էր Գալիլիաայից Բերեա անցնել՝ Հորդանանի մյուս կողմը, և Հորդանանից նորից այս կողմ անցնելով՝ Հրեաստան մտնել, կամ էլ Սամարիայի արևելյան կողմով անցնել՝ Հորդանանի մոտով՝ քիչ բնակեցված նեղ ճամփով։ Այսպիսի շեղում անելու պատճառը հրեաների և սամարացիների միջև եղած խտրությունն է․ հրեաները սամարացիներից խորշում էին և զգուշանում էին նրանց հետ խառնվելուց, հարաբերություն ունենալուց։ Սամարիան քաղաք էր Եփրեմի ցեղի մեջ, որ շինեց Իսրայելի Ամիր թագավորը Սամերից գնած հողի վրա Գ Թագա. 16։6 և այնր իրեն մայրաքաղաք հռչակեց, որը տևեց մինչև Իսրայելի իշխանության վերջանալը և քաղաքի գրավումը՝ Սաղմանասարի կողմից Դ Թագա. 17։6։ Այդ ժամանակ Սամարիայի հրեաները գերի քշվեցին Մարաց երկիր և նրանց փոխարեն Բաբելոնի կողմից քութայեցի գաղթականներ բերվեցին, որոնք բնակեցվեցին Սամարիայում և Իսրայելի այլ քաղաքներում և այդ ժամանակից սկսած Սամարիա անունը սկսեց գործածվել որպես գավառի անուն, Իսրայելի իշխանության հարավային մասը ցույց տալու համար, մինչ դրանից առաջ միայն մայրաքաղաքի անունն էր Դ Թագա. 17։24։ Նոր գաղթականները հեթանոս էին և իրենց կուռքերն էին պաշտում, և երբ նրանք սկսեցին վայրի գազաններից վնասներ կրել, ընդունեցին որ երկրի աստծուն չպաշտելու համար պատժվեցին ու հրեա քահանա բերեցին, որ Իսրայելի Աստծու կրոնը և պաշտամունքը իրենց սովորեցնի Դ Թագա. 17։28։ Հեթանոս գաղթականները հրեաների Աստծուն էլ ընդունեցին, առանց իրենց հեթանոսական սովորությունները թողնելու, և այդպես խառնուրդ մի կրոն ստեղծեցին, որով էլ, ճշմարիտ աստվածապաշտ չլինելու համար, հրեաները նրանց սովորական հեթանոսների նման խորշելի նկատեցին Դ Թագա. 17։41։ Ժամանակն անցավ, և ինչքան էլ որ այդ խառնված սամարացիները տեղի հրեաների հետ ձուլվեցին, հեթանոս բաներից հրաժարվեցին ու կատարյալ աստվածապաշտության մոտեցան, նրանք հրեաների աչքին խորշելի լինելուց չդադարեցին։ Երբ Բաբելոնի գերությունից հետո Երուսաղեմի տաճարի վերաշինությունը սկսվեց, Զորաբաբել Սաղաթիելյանն ու Հեսու Հովսեդեկյանը մերժեցին սամարացինեիր առաջարկը, որոնք իբրև Մովսեսի օրենքի հետևորդներ ուզեցին մասնակցություն ունենալ Երուսաղեմի տաճարի շինությանը Ա․ Եզր 5։70 , Բ․ Եզր 4։3 ։ Դրա համար էլ սամարացիները մի նոր տաճար կառուցեցին Գարիզին լեռան վրա, պնդելով թե Աստծուն պաշտելու համար ընտրված տեղը Գարիզինն է, ինչպես նշանակեց Մովսեսը Բ․ Օր․ 27։12 , և ոչ թե Երուսաղեմը, որ հետո Դավիթը որոշեց Բ Թագա․ 24։24։ Գարիզինի տաճարի շինությունը ոմանք Նեեմիայի ժամանակներն են դնում՝ Հովիդա քահանայապետի որդի Եղիասիբ քահանայի ձեռքով Նեեմի 13։28, իսկ ուրիշները կես դար հետո են դնում՝ Հադդոս քահանայապետի եղբայր Մանասե քահանայի ձեռքով, որը պետք է վերանորոգություն համարել։ Սամարացիների և հրեաների հակառակությունը աճեց և փոխադարձ թշնամությունը բորբոքվեց, երբ զորացավ Մակաբայեցիների իշխանությունը և Հովհաննես Հյուրկանոսը, Քրիստոսի թվականից 129 տարի առաջ Գարիզինի տաճարը կործանեց։ Սակայն սամարացիները չդադարեցին նույն լեռը իրենց պաշտամունքի կենտրոն ճանաչելուց։ Հիսուսի ժամանակներում էլ, հրեաների և սամարացիների հակառակությունը առկա էր և սամարացիները, թեև հեթանոսության նշաններ այլևս չունեին, բայց միշտ խորշել էին, որովհետև հրեաներից տարբերվում էին Երուսաղեմի և Գարիզինի հարցով, Մովսեսի Հնգամատյանից բացի մյուս գրքերը մերժում էին և ավանդությունը չէին ընդունում։ Ահա այսպիսին էր իրավիճակը, Երբ Հիսուս Սամրիայի միջով էր անցնում, Հռոմի 780 և մեր 27 թվականի դեկտեմբերի վերջերին կամ Հռոմի 781 և մեր 28 թվականի հունվարի սկզբին։
Հրեաստանից Գալիլիա տանող ճանապարհն անցնում էր Սամարիայի Սյուքար գյուղի մոտով, որը մասն էր կազմում Սյուքեմ կամ Սիկիմ քաղաքների, այն Հակոբ նահապետը ստացավ Ամովրացի Եմովրից Ծննդ․33։19 և հետո տվեց իր Հովսեփ որդուն Ծննդ․48։22, ուր փոխադրվեց Հովսեփի ոսկորները՝ Եգիպտոսից դուրս գալուց Հեսու․24։32։ Սյուքարի մոտ էր Հակոբի Աղբյուր կոչված տեղը, որտեղից խմում էին Սյուքարի և Սյուքեմի բնակիչները և բոլոր ճամփորդները։ Սյուքարը և Սյուքեմը գտնվում էին մի ձորի մեջ, որի վրա բարձրանում էր Գարիզին լեռը և դիմացը գտնվում էր Գեբաղ լեռը։ Սյուքեմը հռոմեացիների օրոք նորից շինվեց և ընդարձակվեց, կոչվեց Նեոպոլիս և այժմ էլ կոչվում է Նապլուզ։
Ժամը վեցն էր, կեսօրին մօտ, շոգ ժամանակ, երբ Հիսուս ճամփորդությունից հոգնած նստեց Հակոբի Աղբյուրի մոտ՝ ջուր խմելու և հանգստանալու։ Հիսուսի հետ եղող աշակերտները գնացին ուտելիք ճարելու, և ահա այդ նույն պահին, երբ Հիսուս մենակ նստած էր, մի սամարացի կին է գալիս՝ ջուր քաշելու և տուն տանելու։ Հիսուս նրանից խմելու ջուր է ուզում։ Սամարացի կինը, որը, ինչպես կտեսնենք, համարձակ կյանքի տեր մեկն էր, հասկանում է, որ ջուր ուզողը հրեա է և խոսք բացելով՝ ասում է․ «Հրեաները խորշում են սամարացիներից, այդ ինչպե՞ս է, որ դու հրեա լինելով ինձանից՝ սամարացուց ջուր ես ուզում, որ խմես»։ Հիսուս, ինչպես միշտ, այս անգամ էլ ուզում է առիթից օգտվել և ավելի բարձր նյութերի մեջ մտնել և պարզաբանել իր ավետարանը։ «Եթե դու, ասում է- իմանայիր Աստծու տնօրինությունները, և ճանաչերի, թե ով է քեզ հետ խոսողը, թերևս դու նրան դիմեիր, որ քեզ կենդանի ջուր տա»։ Կենդանի ջուր խոսքը կինը բառացի է հասկանում, որպես աղբյուրից բխած ջուր, և ասում է․ «Ջրհորը խորն է, իսկ դու ոչ դույլ ունես, և ոչ պարան, ինչպե՞ս պիտի կարողանաս ջրհորի ներքևը հասնել և կենդանի ջուր հանել։ Հակոբ նահապետն էլ, թե՛ ինքը, և թե՛ իր զավակները և թե՛ իր ոչխարները այդ ջրհորի երեսից վերցրած ջուրը խմեցին, իսկ դու արդյոք ավելի մե՞ծ ես, քան Հակոբ նահապետը, որ նրա խմածով չես բավարարվում և կենդանի ջուր ես փնտրում»։ Հիսուս մի քայլ էլ է անում ավետարանական վարդապետության մեջ մտնելով՝ ասում է կնոջը․ «Քո ասած ջրից խմողը նորից կծարավի, իսկ իմ ասած ջրից խմողը այլևս չի ծարավի, իմ տված ջուրը հավիտենական կյանքի համար բավարարող ջրի աղբյուր կլինի նրա համար»։ Կինը Հիսուսի խոսքերը կատակի տեղ է դնում և հեգնելով՝ պատասխանում․ «Քանի որ այդպիսի հրաշալի ջուր ունես, ինձ էլ տուր, որ մեկ էլ չծարավեմ և այս հորից ջուր հանելու աշխատանքից ազատվեմ»։
Հիսուսի և սամարացի կնոջ խոսակցությունը բառ առ բառ գրված չէ, և մեկ խոսքից մյուսին անցնելիս միջանկյալ խոսքեր էլ են եղել, մինչդեռ ավետարանիչը կարևորներն է գրի առել։ Ըստ այդմ էլ, տեսնում ենք, որ հանկարծ խոսքը ուրիշ նյութի է անցնում և Հիսուս սամարուհուն ասում է․ «Գնա՛, ամուսնուդ էլ հրավիրիր և միասին եկեք և խոսենք»։ Կինը համարձակ ասում է․ «Ես ամուսին չունեմ»։ Հիսուս պատասխանում է․ «Իրավունք ունես, ամուսին չունեմ ասելդ ճիշտ է, հինգ ամուսինների հետ ապրել ես և թողել, իսկ նա ում հետ հիմա ապրում ես քո ամուսինը չէ»։ Կինը շվարեց, կատակը թողեց, տեսավ, որ իր դիմացինը իր բոլոր գաղտնիքներն իմանում է, ուրեմն, մտածեց նա, այս մարդը մարգարե է և խոսքը փոխելով՝ սկսեց լուրջ խնդիրների մեջ մտնել։ Այստեղ ավելորդ ենք համարում քննել, թե աստվածային գիտությամբ է, որ Հիսուս սամարուհու կյանքը գիտեր, թե Սյուքարից անցնել-դառնալով այդ մասին տեղեկություններ էր լսել։ Բավական է համարել, որ նա սամարուհուն անծանոթ մեկ էր, և նրա ներքին կյանքը այդքան պարզությամբ պատմում էր, որն էլ այդ կնոջ վրա մեծ ազդեցություն գործեց։
Կնոջ լուրջ խնդիրների մեջ մտնելով, նախ և առաջ հրեաների և սամարացիների միջև եղած գլխավոր վեճն է մեջտեղ բերում, այն է՝ Գարիզինի և Երուսաղեմի խնդիրը։ Գարիզինը մատով է ցույց տալիս՝ ի լերինս յայսմիկ ասելով, ուր իրենց նախնիները Աստծու տաճար ունեցան, մինչ հրեաները պնդում են, թե Աստծու ընտրած տաճարի տեղը Երուսաղեմն է։ «ՈՒրեմն, որտե՞ղ պետք է Աստծուն երկրպագել,» - ասում է կինը՝ տաճար կառուցել և զոհեր մատուցել, որովհետև պարզ աղոթքներ և պաշտամունք ամեն տեղ կարող էին կատարվել։ Հիսուս ուզում է կնոջ միտքը լուսավորել և աստվածային տնօրինությունների իսկությունը իմացնել․ «Այդ խնդիրը,- ասումէ Հիսուս- իր նշանակությունը կորցրել է, որովհետև այլևս Աստծուն պաշտամունք մատուցելը ոչ Երուսաղեմի և ոչ Գարիզինի հետ է կապված, քանի որ հասել է այն ժամանակը, որ նախորոք գուշակված էր․ Յամենայն տեղիս մատչին անուան իմոյ և պատարագ սուրբ Մաղ․ 1։11։ Խոստացյալ փրկագործությունը հասել է, բայց այն հրեաների միջից պիտի ելնի, որ մարգարեներ ունեցան և իմացան ու ճանաչեցին, թե ինչ պիտի լինի, մինչ դուք, որ մարգարեների չեք ընդունում, այդ գիտությունից զուրկ եք մնացել և ձեր երկրպագությունները ում պետք է ուղղեք՝ չգիտեք։ Ճշմարիտ երկրպագությունը, որ այսուհետև լինելու է, ոչ թե տեղի պայմաններով է, որ ընդունելի է դարձնում, այլ՝ հոգու և ճշմարտության պայմաններով։ Աստծու պահանջածն էլ այս է, Աստված հոգի է և ամենուր է, տեղի մեջ չի ամփոփված, ուրեմն, պետք է որ երկրպագությունն էլ, ուր որ լինի, հոգով ու ճշմարտությամբ անել, որ Աստծուն վայել և ընդունելի լինի»։ Կինը այս բարձր սկզբունքները լսելով՝ չի շվարում․ «Մենք էլ, - ասում է - ընդունում ենք , որ Մեսիան պետք է գա, և սպասում ենք նրա գալուն, և երբ նա գա, ամեն բան կբացատրի մեզ»։ Հիսուս այդ կնոջ վրա տեսնելով այդքան պատրաստակամություն, ավելացնենք նաև՝ բանիմացություն, չուզեց նրան զրկել ավետարանի հայտնության շնորհից և բացահայտ խոսքերով ավետեց․ «Այդ սպասված Մեսիան ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»։
Սամարուհին այս անգամ բոլորովին նոր և անակնկալ հայտնության առաջ գտնվելով՝ շփոթվում է թե ինչ ասի, ոչինչ չի կարողանում պատասխանել, և մյուս կողմից տեսնելով, որ Հիսուսի ընկերները վերադառնում են քաղաքից, մոռանում է ջուր տանելը, սափորն էլ թողնում և շտապ վազում է քաղաք ու քաղաքացիներին լուր տալիս։ «Ջրհորի մոտ մեկը կա,- ասում է նա, - որ ամեն գաղտնիք գիտե, նոր վարդապետություն է քարոզում, որ Մեսիան է, իմ միտքս հանդարտվեց, դուք էլ եկեք, միասին գնանք ու ստուգենք, թե արդյո՞ք նա է իսկական Մեսիան»։ Քաղաքացիները զարմացան, հետաքրքրվեցին և խումբ-խումբ Հակոբի Աղբյուրի ճամփան բռնեցին։
Այն միջոցին, երբ կինը գնում էր և քաղաքացիները գալիս էին, աշակերտները զարմանքով տեսան, որ Հիսուս առանձին սամարացի կնոջ հետ խոսակցության մեջ է մտել։ Կնոջ հետ խոսելը և սամարացու հետ մտերմություն անելը երկուսն էլ հրեաների սովորության համաձայն չէին, բայց աշակերտները չհամարձակվեցին դիտողություն անել, այլ միայն ուտելիքները հանելով՝ հրավիրեցին ուտելու․ «Ռաբբի, հաց կեր»։
Անշուշտ բերածը Սյուքարի հրեաներից և ոչ թե սամարացիներից էին հայթայթել։ Հիսուս ասում է․ «Ես ուրիշ կերակուր ունեմ, որից դուք տեղյակ չեք»։ Աշակերտները իրաի նայեցին․ Հիսուս իր հետ ուտելիք չուներ, ո՞վ կարող էր նրան կերակուր բերել։ Մենակ մի կին էր եկել, այն էլ՝ սամարացի, և Հիսուս նրա կերակուրից չէր ուտի։ Հիսուս տեսնում է, որ աշակերտները շփոթվեցին, հարկ է համարում իր խոսքը լուսաբանել․ «Ես նյութական ուտելիքի մասին չեմ ասում,- ասում է նա,- կերակուր ասվածը հոգևոր հագուրդն է, և ես հագեցած եմ, երբ կատարում եմ Երկնավոր Հորս կամքը, որն ինձ առաքեց։ Ձեր հաշվով չորս ամիս է պետք, որ հունձի ժամանակը հասնի, բայց իմ ասած հունձը արդեն հասել է։ Աչքերդ բարձրացրեք, նայեք դաշտերին, արդեն դեղնել են, հունձը հասել է»։ Այս խոսքերը ասելու ժամանակ Հիսուս ակնարկում էր սամարացիներին, որոնք կնոջ խոսքերից շարժվելով և բարի տրամադրությամբ իրեն էին գալիս։ «Ահա հունձը հասել է, - շարունակում է Հիսուս, - դրա սերմանողն էլ ուրախ է, հնձողն էլ․ նա էլ իր վարձն ունի, սա էլ, և արդյունքն նյութական չէ, այլ հավիտենական կյանքի պտուղն է։ Եթե ճիշտն ասենք, ուրիշ է սերմանողը, ուրիշ՝ հնձողը։ Այժմ ես սերմանեցի, դուք էլ միասին պիտի հնձեք․ սերմանելու աշխատանք չտարաք, այն անողը ուրիշն էր, բայց հնձողներդ էլ ձեր աշխատանքի համար վարձի արժանի պիտի լինեք։ Այդ է ձեզ տրված հիմիկվա պաշտոնը»։
Երբ Հիսուս իրեններին բացատրում էր այդ կետերը, ահա սամարացիները հասնում են Հակոբի Աղբյուրին։ Ճանապարհին ավելի մանրամասություններ լսելով կնոջ բերանից, էլ ավելի անծանոթ հյուրի Մեսիա լինելու համար համոզվել էին։ Երբ հասան, իրենք էլ Հիսուսի հետ խոսել սկսեցին, նրա վարդապետությունները, բացատրությունները, հայտնությունները լսեցին, էլ ավելի սկզբնական համոզման վրա հաստատվեցին և առաջին եկող կնոջը դառնալով՝ ասացին․ «Մինչև հիմա քո պատմածներին վստահելով էինք գաղափար կազմել, բայց հիմա, մենք տեսանք, լսեցինք և այլևս կասկած չունենք, թե Դա է ճշմարիտ փրկիչ աշխարհաց»։ Հիսուսի վրա կազմած հավատքի հետևանքով աղաչեցին, թախանձեցին և Հիսուսին թույլ չտվեցին նույն օրը ճանապարհը շարունակել, այլ իրենց գյուղը տարան, երկու օր էլ պահեցին, իհարկե այդ օրերին շարունակ նրա վարդապետությունները լսելով՝ էլ ավելի հաստատվեցին։ Հիսուս, որ շտապում էր Գալիլիա գնալ, երկու օր մնալուց հետո Սյուքարի և Սյուքեմի սամարացիներին հրաժեշտ տալով, անշուշտ իր ուղևորությունների ժամանակ նրանց այցելելու հույս տալով, շարունակելով ճանապարհը՝ հասավ Գալիլիա։ Այսպես ավարտվում է Սամարիայում Հիսուսի անցկացրած օրերի պատմությունը։
Սամարուհին ուրիշ անգամ այլևս ավետարանում չի հիշվում, թեպետ ավանդությունը ենթադրում է, որ նա սովորաբար Հիսուսին հյուրընկալողը եղավ նրա՝ Գալիլիայում և Հրեաստանում կատարած հաճախակի ճամփորդությունների ժամանակ։
Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նրան Հիսուսին հետևող կանանց մեջ են համարում, որոնք հետո յուղաբերներ կոչվեցին, և Փոտին անունով է հիշվում Հայսմավուրքում՝ Յուղաբեր կանանց տոնի օրը։ Լատին Հայսմավուրքում հիշվում են Փոտինեի հինգ քույրերը՝ Անատոլիա, Փոտիա, Փոաիդիա, Պարասքևիա և Կյուրակիա անուններով և երկու զավակները՝ Վիկտոր և Հովսեփ, որոնք բոլորն էլ հալածանքների ժամանակ մարտիրոս եղած են համարվում Հռոմում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: