Մաղաքիա արք. Օրմանյան
39-41. Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:
Հիսուս բուժված կույրի հետ հանդիպումից հետո նորից սկսում է իր վարդապետությունները և փարիսեցիներին ուղղված հանդիմանությունները, Նա շատ քիչ ժամանակ է մի կողմ քաշվել կույրի բժշկության դեպքից հետո, և քանի որ եղելության հարցաքննությունը և հրաշքի ստուգությունը լավ տպավորություն գերծեցին ժողովրդի վրա, փարիսեցիները պարտավորվեցին լռել, իսկ Հիսուս համարձակորեն սկսեց հանդիմանել նրանց ընթացքը:
Նոր քարոզության բնաբանը Հովհաննես ավետարանիչն այսպես է դնում, «Ի դատաստան եկի յաշխարս յայս, զի որ ոչն տեսնեն, տեսցեն, և որք տեսանեն՝ կուրասցին»: Տեսնելու և չտեսնելու հակադրությունը որոշակիորեն ակնարկում է կույրի բժշկությունը, բայց նյութական առումով չէ, այլ տեսական և հոգեկան, և մարմնի տեսության օրինակը գործածված է մտքի և հոգու տեսությունը բացատրելու համար: Իսկ դատաստանը, որ Հիսուս եկել էր կատարելու՝ յուրաքանչյուր անձի իր արժանիքների համեմատ վարձ կամ պատիժ ընդունելն է: Հիսուսի աշխարհ գալը և քարոզությունները ոմանց համար պատճառ պետք է լինեն հավանելու և օգտվելու, իսկ ուրիշներին էլ՝ հակառակվելու ու տուժվելու: Նրանք, որ իրենց կարողությանն ու գիտությանը հավակնելով չպետք է ընդունեն ճշմարտությունը, իրոք պետք է զրկվեն ճշմարտությունից, պետք է չտեսնեն ճշմարտության լույսը և կույրերի նման պետք է լույսից զրկված մնան: Այս է չտեսնողների աչքի բացվելը և տեսնողների աչքի կուրանալը, փոխաբերական իմաստով բացատրված՝ վերցրված բժշկված կույրի պարագայից և պատշաճ հարմարեցված փարիսեցիների հակառակությանը:
Փարիսեցիների համար դժվար չէ հասկանալ, որ Հիսուսի ակնարկը իրենց է ուղղված. գուցե Հիսուս ավելի բացահայտ խոսքերով էլ ընդլայնեց Իր միտքը, բայց ավետարանիչը ամփոփելով այսքանը հասցրեց մեզ: Փարիսեցիները Հիսուսի կծու ակնարկությունների հանդեպ երբեմն լավագույնն էին համարում չիմանալու տալը, բայց երբեմն էլ ուզում էին ըննդիմախոսել: Այս անգամ այդպես են վարվում և ասում են. «Ինչպե՞ս կարող ես մեզ նմանեցնել կույրերին, մենք օրենքի վարդապետներ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ճշմարտությունը հասկանում և սովորեցնում ենք: Ի՞նչ հանդգնությամբ ես մեզ նմանեցնում տգետ կույրերին»: Հիսուսի ասածը մի քիչ տարբեր էր, «կոյր էք», «տգէտ եք» չէր ասել, բայց իրենց հասկանալ չուզելը նմանեցրել էր կուրության, ցանկանալով ասել, որ ամբողջ իրենց գիտությամբ՝ կմնան կամավոր տգետներ: Փարիսեցիները հույս ունեին, որ Հիսուս կփոխեր խոսքը և իրենք կարդարանային ժողաովդի առաջ, այնինչ ընդհակառակը, Հիսուս, առիթից օգտվելով խոսքն ավելի ծանրացրեց: «Երանի՜ թե, - ասում է, - կույր լինեիք, որովհետև ձեր չտեսնելը հանցանք չէր համարվի, մինչ բաց աչքերով ձեր չտեսնելը՝ հանցանք է, որովհետև կամովին ձեր աչքի լույսը փակում եք»: Խոսքը փոխաբերությունից ազատելով, Հիսուս ուզում է ասել. «Երանի՜ թե տգետ լինեիք, օրենք ու մարգարեություն չիմանայիք, որովհետև տգիտության պատրվակով կարդարանայիք, մինչ հիմա, որ ինքներդ եք խոստովանում, թե տգետ չեք, օրենք ու մարգարեություն գիտեք, քանի որ օրենքն ու մարգարեությունը հավաստում են իմ քարոզությունները, և դուք չեք հոժարում ընդունել իմ քարոզություններս, ուրեմն հաստատում եք, դուք կամովին ճշմարտությունը մերժողներ և հավակնությամբ ճշմարտությանը հակառակ եք և ձեր բերանով վճռում եք ձեր հանցանքը»:
Հիսուս փարիսեցիների ընթացքը ավելի հստակ կերպով բացատրելու և Իր աշխարհ գալու և կատարած գործի նպատակը ճիշտ հասկացնելու համար, սկսած խոսքը շարունակում է ճշմարիտ հովվի, այսինքն՝ արի, արթուն, բարի, քաջ հովվի օրինակով: Ավետարանիչը Հիսուսի գործածած օրինակը առակ է անվանում. «Զայս առակ ասաց նոցա Յիսուս»: Բայց առակ անունն այստեղ ընդարձակ իմաստով է օգտագործվում: Ավելի սեղմ իմաստով առակը կոչվում է կենդանական և բուսական աշխարհից վերցրված երևակայական մի գործողություն, ինչպիսին են Եզովպոսի կամ Խիկարի երևակայական պատմվածքները: Այդպիսի առակներ շատ անգամ վերցրվում են նաև մարդկային ենթադրական գործողություններից: Օրինակ՝ կորած դրամի կամ կորած ոչխարի ծանոթ առակները: Իսկ այստեղ, պարզապես նմանությամբ փոխանակված բացատրություն է, որ գրականության մեջ կոչվում է այլաբանություն: Հովիվ ասելով պետք է իմանալ առաջնորդ, ոչխար ասելով՝ մարդիկ, գայլ ասելով՝ սատանա և այլն: Այլաբանությունները բացատրելու համար պետք է ճշտել յուրաքանչյուր անձին, իրին կամ գործին համապատասխանող անձը, իրը և գործը, էականը տարբերել պատահականությունից և էականի վրա հիմնվելով՝ գտնել ցանկալի ճշմարտությունը: Հիսուսի կողմից խոսված այլաբանության մեջ հիշվում է հովիվ, դռնապան, գող, վարձկան, ոչխար, գայլ, դուռ և այլն, բայց Հիսուսի խոսքերը սկզբից մինչև վերջ միանվագ և միաձույլ այլաբանություն չունեն, որ յուրաքանչյուր օրինակի հանդեպ տարբեր բան հարմարեցնենք և միայն պահենք Հիսուսի բերած հովվի օրինակը. Հիսուսի խոսքը տարբեր պարագաներում տարբեր դարձվածներ ունեն, գուցե և տարբեր պարագաներում տարբեր ոճով խոսքեր են, որ ավետարանիչը իրար մոտեցնելով, վերածել է քարոզչության մի ձի:
Հիսուսի այլաբանության կամ առակի իմաստը հասկանալու համար պետք է նախապես նկարագրել հովվության պարագաները: Հովիվը, ըստ Հիսուսի, ոչխարների տերն ու արածեցնողն է. հովվից տարբերվում է վարձկանը, որ ուրիշի ոչխարներին է արածեցնում: Ոչխարները, ամբողջ ցերեկ մարգագետնում արածելուց հետո, երեկոյան հավաքվում և գիշերում են փարախում. բայց նույն փարախում ուրիշ տարբեր հովիվներ գիշերը պահում են նաև իրենց ոչխարները, որպեսզի իրար հետ, մեկը մյուսին օգնելով, ավելի հեշտությամբ պաշտպանեն ոչխարներին: Փարախը մի դուռ ունի, որտեղից մտնում և դուրս են գալիս թե՛ հովիվները և թե՛ ոչխարները. դուռը գլխավոր հովվի իշխանության տակ է, և մյուս հովիվները գլխավոր հովվի վարձկաններն են: Երբ որ այս հովիվներից մեկը ուզում է մտնել կամ դուրս գալ, գլխավոր հովիվն է նրանց համար բացում դուռը: Բայց երբ օտար է գալիս, նրան մուտք չի տալիս: Օտարները, որ գալիս են ոչխարները գեղանալու համար, չկարողանալով անցնել դռնից, ձգտում են փարախի ցանկապատով ներս մտնել: Առավոտյան յուրաքանչյուր հովիվ սկսում է իր ոչխարներին կանչել, ոչխարները ճանաչում են իրենց հովվի ձայնը: Հովիվն էլ իր ոչխարներին է ճանաչում, կանգնում է դռան առաջ, նայում է, հաշվում, իսկ երբ ոչխարները հավաքվում են, առաջ են անում և տանում արածացնելու: Եթե արածացնելու ժամանակ հանկարծ գայլ հարձակվի՝ ոչխար հափշտակելու համար, լավ և ժիր հովիվը, իր անձը վտանգելով, կգնա գայլի հետևից, մինչև ոչխարին գայլի բերանից ազատի: Իսկ այն հովիվը, որ վատ վարձկան է բառի բուն իմաստով, ոչ թե աշխատանքի արդար վարձ ընդունող է, այլ մտածում է իր վարձի ու շահի համար, նեղություն հանձն չի առնում և տեղից չի շարժվում, ապա գայլն էլ հեշտությամբ տանում է իր հափշտակած ոչխարըը: Սրանք են հովվական գործունեության պարագաները, որ Հիսուս հարամարեցնում է Իր պաշտոնին ու նպատակին և Իրեն հետևողներին ու չհետևողներին: Անտարակույս բուն հովիվը Հիսուս է, թեպետ ոմանք բուն հովվի անձնավորությունը վերագրել են Երկնավոր Հորը, սակայն այդ ավետարանին հարմար չի գալիս, որովհետև Հիսուս կրկին անգամ ասել է. «Ես եմ հովիւն քաջ»: Բայց Հիսուս միայն բուն հովվի կերպարանքը չի տալիս Իրեն, այլ՝ այլաբանության շարքում հիշված դուռն էլ, դռնապանն էլ Ինքն է, և սա՝ օրինակին անհարմարություն չի բերում, քանի որ փարախի տերն ու իշխանը և հսկողը միևնույն բուն հովիվն է, և այսպես գործն ու գործողը նույնանալու ձևն են ստանում, և սա էլ խիստ գործածական է հռետորական և գրական ձևերում: Իսկ այժմ Հիսուսի ասածը զննենք ավելի մոտիկից:
«Լավ իմացեք, - ասում է Հիսուս, - երբ կտեսնեք մեկին, որ դռնից չի մտնի փարախ, այլ պատերի վրայով թաքուն սողոսկելով կմտնի կամ դուրս կգա փարախից, նա հափշտակող գող է, որովհետև եթե հովիվ լիներ, պահպանող բուն հովիվը դուռը կբացեր նրա առաջ, իմանալով, որ օտար չէ»: Այդ օտարները Իսրայելի սուտ մարգարեներն են, որ օտար են Երկնքի Արքայության փարախի համար և չէին կրում երկնավոր առաքման նշանները: Հիսուս ասում է, որ նրանք ընդունելի չէին, քանի որ աշխատեցին որպես գող մտնել փարախ, որ բանավոր ոչխարները գողանան և մոլորեցնեն, բայց ոչխարները չպետք է նրանց հետևեին: Ինչքան էլ ջանացին իրենց մոլորության խոսքերով այդ ողջամիտ ոչխարներին կանչել, ոչխարները նրանց ձայնը չճանաչեցին, նրանց չհետևեցին: Երբ որ իսկական հովիվն է ձայն տալիս, հետևողները ճանաչում են նրա ձայնը, հետևում նրա ձայնին, փարախից դուրս են գալիս և գնում են մաքուր և ընտիր արոտներում արածելու, ուր բարի հովիվը տանում է իրենց և առաջները ընկած առաջնորդում: Հիսուս ուզում է բացատրել, թե ինչու ժողովուրդն ավելի շատ Իր ձայնն է լսում, քան թե սուտ մարգարեների և վարդապետների, որովհետև Ինքը ճշմարիտ հովիվ է, իսկ նրանք օտար գողեր են, չնայած, որ իրենք իրենց ժողովրդի պետեր կամ հովիվներ են ցանկանում ցույց տալ: Հիսուս շատ բան է ուզում հասկացնել. Իր քարոզությունների հաջողություններից՝ ուզում է հաստատել նրանց մեջ ճշմարտությունը և հասկացնել փարիսեցիների հակառակության անիրավ և անիմաստ գործ լինելը. բայց նրանք այս խնդիրների իմաստի մեջ չէին թափանցում:
Երբ Հիսուս տեսնում էր, որ շփոթված նայում են և Իր խոսքի խորհուրդը չեն հասկանում, ցանկանում է մի քիչ ավելի պարզաբանել Իր խոսքը և ավելի բացահայտ հասկացնել Իր միտք: «Լա՜վ իմացեք, - ասում է, - փարախի դուռն էլ եմ ես և ինձնից բացի ճշմարիտ մարգարե ու վարդապետ չկա: Գիտեմ, որ այս կերպարանքով ինձնից առաջ ուրիշներն էլ երևացին, բայց հաջողություն չունեցան, ժողովուրդը չհավատաց և չհետևեց նրանց, որովհետև բուն դուռն ու ճշմարիտ հովիվը չէին, և ժողովուրդն էլ չհետևեց նրանց, որովհետև Երկնից Արքայության փարախի իսկական դուռը ես եմ, ինձնով պետք է անցնեք, որ մտած ժամանակ ապահով կյանք և դուրս եկած ժամանակ առողջ սնունդ գտնեք: Գողերը ոչ կյանք և ոչ էլ առողջ սնունդ են ջանում տալ, այլ միայն գալիս են գողանալու, հափշտակելու, սպանելու և լափելու համար, իրենց օգուտն են մտածում, ոչխարների վտանգն ու վնասը չեն հոգում. մինչ, ընդհակառակը, ամբողջ իմ նպատակն է, որ ոչխարները սնվեն, ապրեն ու ավելի լավ կյանք ունենան»: Հիսուս ակնարկելով սուտ մարգարեներին, ուզում է հիշեցնել իրենից առաջ իբր ակնկալվող Մեսիա առաջ նետվողներին:
Պատմությունը հիշում է Թևդասին և Հուդասին, ովքեր Հիսուսից առաջ իրենց Մեսիա-Քրիստոս հռչակեցին: Հիսուսից հետո էլ այդպիսիները եղան, բայց հաջողություն չունեցան, որովհետև Սուտ-Քրիստոսներ էին: Բայց նույնիսկ այս Սուտ-Քրիստոսների երևալը հաստատում էր, որ հասել էր Մեսիայի գալստյան ժամանակը և իրենց Սուրբ Գրոց հմուտ վարդապետներ կարծող դպիրներն ու փարիսեցիները հեշտությամբ պետք է իմանային Հիսուսի մեսիայությունը:
Հիսուս շարունակում է. «Ես եմ հովիւը քաջ: Արի, բարի ու քաջ հովիվը ես եմ, նաև ձեզ մի գլխավոր նշան: Ճշմարիտ հովիվն ավելի շատ ոչխարների մասին է հոգում, քան իր անձի և իր անձն էլ վտանգի է ենթարկում, երբ մի գայլ է հարձակվում ոչխարի վրա: Սրա հակառակն է վարձկան հովիվը, բառի վատ իմաստով. գայլը տեսնելու պես իր անձն է ապահովում, մոռանում է ոչխարներին, թողնում ու փախչում է և գայլն էլ համարձակորեն ցրում է ոչխարներին ու մի քանիսին հափշտակում: Վարձկանը, այսինքն՝ իր շահի հետևից ընկնող հովիվը, ոչխարների մասին հոգ չի տանում, քանի որ իրենը չեն, և նրանց վնասը իրեն չի դիպչում: Սրա հակառակն է բուն հովիվը, որ ոչխարների տերն է և վնասը իրենն է լինում»: Այս հատվածում համեմատությունը փոխվում է, հովվի և գողի փոխարեն հիշվում է հովիվն ու վարձկանը: Գողերը սուտ-քրիստոսներ են, իսկ վատ վարձկանները սուտ-վարդապետները, դպիրներն ու փարիսեցիները, ովքեր ձևացնում են, թե հովվություն են անում ժողովրդին, բայց չեն պաշտպանում: Ավելի շատ ուզում են օգտվել ժողովրդի կաթից ու բրդից, քան թե հոգալ ժողովրդի օգուտն ու բարեկեցությունը:
Հիսուս շարունակում է, և, ոչխարների համար Իր անձը վտանգելու հիշատակությունն անելով, բացատրում փրկագործության խորհուրդը. «Ես եմ հովիւն քաջ - կրկնում է Հիսուս, - որ ճանաչում եմ ոչխարներին և ճանաչվում եմ նրանց կողմից. և ինչպես Երկնավոր Հայրն է ինձ ճանաչում, ես էլ իմ Երկնավոր Հորն եմ ճանաչում, գիտեմ Նրա կամքը, կատարում եմ Նրա հրամանը, իմ կյանքն էլ պիտի զոհեմ, որ մարդկությունը հոգևորապես փրկվի և սրա համար է, որ Երկնավոր Հայրն էլ ինձ սիրում է: Բայց երբ իմ կյանքը զոհեմ, չկարծեք, թե պիտի կորչեմ, այլ իմացեք, որ նորից պետք է այն ստանամ: Ուրիշի կամքը չէ, որ բռնությամբ վերցնի իմ կյանքը, այլ ես եմ, որ հոժարական այն զոհում եմ: Ես իշխանություն ունեմ իմ կյանքը զոհել և իշխանություն ունեմ այն վերանորոգելու. կմեռնեմ, բայց նորից կվերակենդանանամ, ես եմ մահը հանձն առնողը, և ես եմ մահը ջնջողը: Երկնավոր Հոր կամքն էլ սա է, իմ կատարած գործն էլ սա է, փրկագործության խորհուրդն է սա», Հիսուսի խոսքերը շատ խրհրդավոր էին. նա ամփոփ խոսում էր Իր Մեսիայության, փրկագործ մահվան և կենդանարար ջատագովության հարության մասին, և լսողներն իհարկե, այդ երկրորդ մասի համար շվարել էին այնպես, ինչպես առաջին մասի համար, որ հիշեց ավետարանիչը. «Ոչ գիտէին, թէ զինչ էր, որ խօսէրն ընդ նոսա»:
Հիսուսի խոսքերում մի ակնարկ էլ կա հեթանոսների կոչման մասին, որ առանձին դիտելու համար հետաձգեցինք: Հիսուս ասել է. «Նաեւ այլ եւս ոչխարք են իմ, որ ոչ են յայսմ գաւթէ, եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր, եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիվ»: Այստեղ հիշված ոչխարների գավիթը Իսրայելի փարախն է, հրեա աստվածածանոթ ժողովուրդն է, որի անձնատուր և փրկագործ հովիվը Մեսիան է, իսկ այս փարախից դուրս գտնվողները հեթանոսներ են, ճշմարիտ Աստծուն չճանաչող և կուռք պաշտող ժողովուրդները: Մեսիան միայն հրեաների համար չպետք է գա, հեթանոսներին էլ պետք է կանչի և փրկի, ուստի Հիսուս խոստացված Մեսիա-Քրիստոսն է: Իր փրկագործությունը հեթանոսների վրա էլ պետք է տարածի և Իր վարդապետությունը հեթանոսներին էլ պիտի քարոզի, այնպես որ այլևս հրեայի և հեթանոսի միջև տարբերություն չպետք է լինի. բոլորը, նույն հավատքով միացած, մի փարախի միակ հոտը պիտի կազմեն, և Հիսուս պետք է լինի բոլորի միակ հովիվը, «Մի հօտ եւ մի հովիւ»:
Հեթանոսների կոչումը հրեական սնապարծությունը վիրավորող մի ակնարկ էր, և Հիսուս մի քանի անգամ այդ հարցը շոշափելով հանդերձ, չի ցանկացել այն երկարորեն բացատրել, թերևս չուզելով հրեաների համար նոր խնդրի նյութ պատրաստել: Սակայն ճշմարտությունն էլ երբեք չի լռել և բացահայտ, բայց համառոտ կերպով միշտ բացատրել է հեթանոսների կոչման խորհուրդը:
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու այժմյան վարդապետները «Մի հօտ եւ մի հովիւ» խոսքն այնպես են մեկնում, իբրև թե Հիսուս այնպես է ասել, որ բոլոր քրիստոնյաները մի հոտ են և Պետրոսը նրանց միակ հովիվն է և Պետրոսի իրավունքն էլ Հռոմի պապերի սեփականությունն է: Հիսուսի այս խոսքերում, ինչպես որ Ավետարանում ենք կարդում և ինչպես բացատրեցինք «հովիւ» կոչումը միայն ու միայն Հիսուսին է տրված և ուրիշ ոչ ոքի. Հիսուսի կրկին ու կրկին «Ես եմ հովիւն» հայտարարելուց հետո ասել, որ. «Հովիւը Պետրոսն է», Հիսուսի վարդապետությանը հակառակ է և Հիսուսի մտքից դուրս իմաստ է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: