Մաղաքիա արք. Օրմանյան
1-7. Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան: Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: Յիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ:
Հիսուսի քարոզությունները միշտ նրա շուրջը ամեն տսակ մարդիկ էին հավաքվում՝ և՛ հոժարական ժողովրդի հետ լսելով զվարճանալու հետաքրքրվողնոր, և՛ խծբծելու առիթ փնտրող դպիրներ ու փարիսեցիներ: Այս վերջինները նկատեցին, որ Հիսուսի շուրջը մաքսավորներ ու մեղավորներ էլ կան, որոնց հետ Հիսուս քաղցր վարվելակերպ ունի, նրանց Իրեն է մոտեցնում, Ինքը նրանց է մոտենում և մինչև իսկ նրանց հետ անխտիր տեսնվում ու միասին սեղան է նստում, և երբեք չի զգուշանում նրանց հետ շփվելուց պղծվելու վտանգից: Մինչդեռ եթե պղծեվելու վտանգն էլ չլինեչ, պետք չէր, որ նրանց համարձակություն տար և իբրև թե նրանց անիրավությունները քաջալերեր: Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին տրտունջները շատացնել: Հիսուս մի առակով նրանց պատասխանեց:
«Մի հովիվ հարյուր ոչխար ուներ, որոնց հանել էր լեռների արոտավայրերում արածելու: Ոչխարներից մեկը մի քիչ հեռացավ հոտից և սխալ ուղղությամբ գնաց: Վերջապես բոլորովին մոլորվեց ու կորավ: Երբ հովիվն զգաց, որ ոչխարներից մեկը պակաս է, թողեց իննսունիննին առանձին արածելու, և ինքն սկսեց լեռից լեռ, ձորից ձոր թափառել, ձայն հանել, մինչև հաջողվեց գտնել մոլորված ոճխարը: Ուրախացավ, բայց տեսավ, որ ոչխարը հոգնած է: Առանց իր հոգնության մասին մտածելու՝ ոչխարը դրեց ուսերի վրա ու վերադառնալով, մյուս ոչխարների հետ փարախ մտցրեց: Այնտեղից տուն գնաց և այդ երեկո բարեկամներին ու հարևաններին հրավիրեց, նրանց հետ ուրախության և զվարճության նստեց և սկսեց բոլորին ավետել. «Այսօր շատ ուրախ եմ և խնդրում եմ, որ ինձ ուրախակից լինեք: Ոչխարներիցս մեկը կորած էր, հետևից գնացի ու հոգնեցի, բայց հոգ չէ, որովհետև կարողացա այն գտնել և բերել»»:
Այս առակը մենք ուրիշ տեղ էլ տեսանք (Մատթ. 18:6-14), բայց այնտեղ փոքրիկներին ընծայվելիք կարևորությունը ցույց տալու համար էր առաջ բերված, մինչ այստեղ ներկայացված է մոլորվածների, այսինքն՝ մեղավորների դարձի առիթով կատարվելիք աշխատանքը հանձնարարելու և մեղավորի դարձը հաջողելու դեպքում առաջացող ուրախության աստիճանը բացատրելու համար:
Ոչխարները մարդիկ են, մոլորված ոչխարը մեղավորն է, հովիվը՝ Ինքը Հիսուսը, որ մեղավոր անձի համար է աշխարհ եկել: Նրա ուրախությունը մեղավորներին դարձի բերելու առիթով է: Շատ ավելի ուրախություն է զգում մեկ մոլորվածի դարձի պատճառով, քան թե իննսունիննի չմոլորվելով: Հիսուս Ինքն էլ այդ ուրախության վրա է պատշաճեցնում առակը, բայց ուրախությունը պահում է երկնքում, ակնարկելով Երկնքի արքայությունը, որի մասին Ինքը քարոզելու է եկել:
Հիսուս այս առակով պատասխանում է փարիսեցիներին, որ Իրեն մեղադրում են մաքսավորներին ու մեղավորներին հոգալու ու պաշտպանելու համար, սակայն այդ բարոյական իմաստից բացի, այս առակը նաև ավետարանական իմաստ ունի, ինչպես մյուս բոլոր առակները: Դեպի Երկնքի Արքայություն դարձող մոլորյալը հեթանոսներն են, որոնց Ավետարանի փարախը դառնալը ավելի մխիթարություն է առաջացնում, քան աստվածածանոթության Հին Ուխտի տակ գտնվողների փարախի մեջ մնալը:
Առակիս մեկնության մեջ Սուրբ Հայրերը Եկեղեցու պաշտոնյաններին ուղղված խրատ էլ են տեսնում, թե ինչպես պետք է նրանք աշխատեն մեղավորների դարձի համար և այդ առիթով ջանք ու եռանդ չխնայեն:
Մի վերջին տեսակետ էլ ոչխարի մոլորվելու վերաբերյալ, որ անբան անասունի չմտածելուց է առաջանում: Այս պատճառով է նա արժանանում, որ հովիվն իր հետևից վազի, բայց ինքն էլ հովվի ձայնն առնելուց դեպի նա է գնում: Այդ պարագաները տգիտության կամ անգիտության մեղքերին են համապատասխանում, որոնց համար Աստվածային գթությունը պարգևում է Իր շնորհները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: