Մաղաքիա արք. Օրմանյան
9-14․ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: «Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»: Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»:
Ահա մի երկրորդ առակ, որը դարձյալ նպատակ ունի բարձրացնել աղոթքի պարագան։ Առաջինը պահանջում էր աղոթքի հարատևությունը, իսկ այս երկրորդը ցույց է տալիս աղոթքի հոգին: Այս անգամ էլ, դեռ առակը չասած՝ հայտնված է նպատակը, ինչ-որ ամեն առակի համար արված չէ: Մյուս դեպքերում Ավետարանն սկսում է պատմել առակը և միայն վերջում է դնում նրա բարոյականը կամ մեկնությունը, իսկ այս երկու առակներում, Ղուկասը դեռ առակը չպատմած, ասում է, թե խոսքն ինչի մասին է լինելու և այստեղ էլ գրում է, որ Հիսուս ուզեց խրատել ու հանդիմանել նրանց, ովքեր գոռոզաբար պարծենում են, և բացի իրենցից, բոլորին անարգում, բոլորին անարժանի տեղ դնում: Առակը հետևյալն է.
Տաճարում աղոթքի ժամանակ, ուրիշ աղոթողների հետ երկու աչքի ընկնող անձեր են գտնվում. մեկն այս կողմում, մյուսն այն կողմում, իրարից ոչ շատ հեռու: Մեկը փարիսեցի էր, բոլորից օրինապահ և պատվավոր մի անձ, ինքն էլ իր մասին մեծ կարծիք ունեցող, որ այնպես էր աղոթում, իբր թե Աստված պարտավոր էր իրեն շնորհները տալ, որովհետև արժանավոր էր . «Փառք քեզ, Աստված,- ասում էր,- բյուր գոհություն սուրբ անվանդ․ աշխարհը լեցուն է անիրավ մարդկանցով․ ամբողջ աշխարհի բնակիչները հափշտակողներ, անիրավներ և շնացողներ են, փառք քեզ, որ ես նրանց նման չեմ: Ահա կողքիս աղոթող այս մաքսավորն էլ նրանցից մեկն է, որքա՜ն հափշտակություններ է արել․ ես դրանցից ոչ մեկը չեմ արել: Ընդհակառակը, ըստ օրենքի տասանորդները ճշտությամբ վճարել եմ, մինչև անգամ անանուխի և փեգենայի հարկն էլ եմ տվել: Օրենքի թույլ տված բարեպաշտություններն էլ եմ հոժարությամբ արել և շաբաթը երկու օր ծոմապահության սովորությունը զանց չեմ արել: Փառք քեզ Աստված, որ ինձ սրբության մեջ ես պահել և շնորհներիդ արժանի արել»:
Բոլորովին հակառակն էր մաքսավորի աղոթքը: Նա հիշում էր, թե քանի անգամ է անիրավության գործեր արել, զգում էր, որ մեղանչել է Աստծու դեմ, Աստծու շնորհներին անարժան է, բայց մտածելով, որ Աստված բազումողորմ ու երկայնամիտ է և մեղավորի դատապարտությունը չի ուզում, այլ սպասում է զղջմանը, անկեղծ սրտով զղջում էր: Պատրաստ էր նույնիսկ կատարած անիրավություններն առավելագունս փոխարինել և ապագայում այլևս մեղանչական գործեր չանել: Սակայն չէր համարձակվում աչքերը բարձրացնել և սրբության տաճարին նայել, վախենալով, որ կհանդիպի Աստծու բարկացած հայացքին, այլ գետնին ընկած, աչքերը դեպի վար, ձեռքերով ուժգին խփում էր կրծքին և հառաչում շարունակ, կրկնելով. «Աստված, մեղավոր եմ, ներիր ինձ, մեղքս քավի՛ր. Աստուած, քավեա՛ զիս զմեղաւորս»: Հեռվից դիտողը պիտի ասեր. Աստված պիտի գոհ լինի օրինապահ փարիսեցուց և երեք պիտի դարձնի գողացող մաքսավորից: Հիսուսի դատողությունը բոլորովին հակառակն է. «Աստծու առաջ,- ասում է,- մաքսավորն արդարացավ և Աստծուց թողություն ստանալով, դուրս եկավ տաճարից ներված ու սրբված, այնինչ արդար երևացողը նոր մեղքի տեր եղավ և տաճարից դուրս եկավ ավելի մեղավոր»:
Տարբերությունը աղոթքում հայտնված հոգու դրսևորման մեջ է: Ինքն իրեն հավանող պարծենկոտը զղջում չունի, արժանավորություն էլ չունի, մարդկանց խաբելով, կարծում է, թե Աստծուն էլ է խաբում: Միայն ուրիշներին երևալու համար կատարած օրինապահությունը առաքինություն չէ, բուն առաքինության հոգին չկա նրա մեջ, միայն կեղևն է փայլուն, իսկ միջուկը՝ փտած: Աստված արտաքինը չի ընդունում, այլ սիրտ է փնտրում: Եվ մեղավորը կընդունվի Աստծու կողմից կատարյալ զղջումով, որ պարունակում է անկեղծ ցավ, հատուցման պատրաստակամություն և չմեղանչելու առաջարկություն:
«Ահա այսպես,- եզրակացնում է Հիսուս,- ով ամբարտավանությամբ բարձրացնում է ինքն իրեն, ընկնում է Աստծու երեսից, ցածրանում ու ստորանում է․ իսկ ով ճշմարիտ խոնարհությամբ ինքն իրեն ստորացնում է, նա հանդիպում է Աստծու գթությանը և իրոք բարձրանում է»:
Այդ սկզբունքը, որ բարոյական է և առակի նպատակն է, ոչ միայն աղոթքի համար է մեկնաբանվում, այլև ընդհանուր առմամբ, ամեն գործի: Սակայն բարոյական իմաստի կողքին կա նաև ավետարանական իմաստը: Փարիսեցին Հին Ուխտին հետևողների պարծենկոտ դրության օրինակն է, մաքսավորը Նոր Ուխտին հետևողների զղջացող ու ապաշխարող դրության նշանակը: Հին Ուխտը պետք է ընկնի ու ստորին դառնա իր ամբարտավանությամբ, Նոր Ուխտը կամ Ավետարանը պետք է բարձրանա իր անկեղծ վերանորոգությամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: