Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին:
Վերջապես Պիղատոսը տեղի է տալիս։ Նա, որ ցանկացած առիթներով ժամավաճառությամբ կամ հնարագիտությամբ վերջնական վճռից խուսափելու ձևեր էր գտել, իր ողջ ճարտարությունն սպառված տեսավ, երբ սպառնալիքն իր դեմ շրջվեց ու իր անձնական վնասի հարցը ծագեց։ Պիղատոսն արձակեց Հիսուսի խաչելության որոշումը այն ժամանակ,երբ քարահատակի վրա իր իշխանական աթոռին էր բազմած, որով գործին, ասես, դատական ձևակերպում տվեց։ Արդյոք դատավճիռը գրավո՞ր կազմեց կամ իր վճիռը հաստատե՞ց փաստերով, բոլորովին հիշատակված չէ, և մենք կարծում ենք, թե ամբողջը բանավոր ու զիջողական հայտարարությամբ ավարտվեց։
Շատ նշանակալից է այս մասին Ղուկասի բացատրությունը․ «Եւ զՅիսուս մատնեցան կամացն նոցա»։ Ո՛չ դատ, ո՛չ վճիռ, այլ բռնակալ մի պահանջկոտություն և բռնադատյալ մի զիջողություն։ Սա է Պիղատոսի դատավարության ճշգրիտ տեսքը։ Հիսուսի մահն ի կատար ածողների մեջ անշուշտ գլխավոր դերականատարներն ու պատասխանատուները եղան հրեական մեծ ժողովը կազմողները, մեծ քահանայապետ նախագահը, քահանայապետ, դպիր ու ավագանի անդամները, նրանք, ովքեր դեռևս շատ վաղուց հղացան այդ միտքը (Հովհ. 5:2-18) և, ի վերջո, այն իրականացնելու համար ամեն ջանքեր գործադրեցին, նրանց հաջողվեց նույնիսկ հռոմեական դատավորին ծառայեցնել իրենց նպատակին։
Ոմանք նկատելով Պիղատոսի կողմից Հիսուսի անմեղության համար արված պաշտոնական վկայությունը, անմեղ Հիսուսին ազատելու համար բազմաթիվ հնարքների դիմելը, վերջապես, լոկ ստիպողականության առջև ու գրեթե անձնապաշտության համար արած զիջողությունը՝ կամեցան արդարեցնել նրան, հեռացնել Հիսուսի սպանության պատասխանատվությունից։ Ասում են, թե եթովպական եկեղեցին մինչև իսկ Սուրբ Պիղատոսի հիշատակություն ունի, ինչը չենք կարողացել ստուգել։ Սակայն ընդհանուր քրիստոնեության կարծիքը միշտ աննպաստ է եղել Լուկիոս Պոնտիոս Պիղատոս դատավորի նկատմամբ։ Նրա օրինական պարտքն էր առաջին իսկ վայրկյանից, երբ ճանաչեց անմեղությունը և բացահայտորեն հռչակեց, դրան գործնական ընթացք տար և չդիմեր այնպիսի հնարքների, որոնք ոչ թե հրաներին համոզելու, անգամ նրանց քաջալերելու ձևեր ունեին, որոնցով մինչև իսկ դատավորին ամբաստանելու համարձակության հասան, ինչն սկզբում մտքներով անգամ չէր անցնում։ Արդարությունը պաշտպանող դատավորները չեն արդարանում, եթե վատոգի տկարությամբ իրեն խղճին հակառակ վճիռ չեն արձակում։
Ղուկասի «Մատնեցա կամաց նոցա» և Հովհաննեսի «Ետ զնա ի ձեռս նոցա» ասելը մատնացույց է անում այն,թե իբր մահապարտության վճռի գործադրողները հենց իրենք՝ հրեաները պիտի լինեին։ Սակայն ենք կարող այս խոսքերը սույն իմաստով ընդունել, քանի որ հետագա պատմությունները, ոչ միայն հակառակն են հաստատում, այլև այն, որ Հռոմեական իշխանությունն իր վճիռները սեփական զինվորներով ու պաշտոնյաներով էր կատարում և անպաշտոն անձանց երբեք չէր հանձնում։ Ավետարանիչներն այդ խսքերով կամենում են հասկացնել վճռի բարոյական կողմը, այսինքն՝ Պիղատոսը ոչ թե օրենքով ու իրավունքով, կամ իր համոզմամբ ու ակմքով է վճիռը արձակել, այլ պարզապես տեղիք է տվել հրեաների կամքին ու պահանջին և Հիսուսին զոհել հրեաների քմահաճույքին։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 23:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: