Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:
 
Ավետարանիչներից Ղուկասը, որ ամենահեռուն է տանում իր պատմությունը, Ավետարանը ավարտում է համբարձման հիշատակությամբ, իսկ մյուսները այն չեն հիշում, եթե հաշվի չառնենք Մարկոսի հավելվածական հատվածը։ Մեզ էլ մնում էր նույն չափի մեջ պահել Համապատումը և այստեղ ավարտել մեր ապաշխարությունն էլ, սակայն հարմար գտանք տնօրինական խորհուրդների շրջանն հասցնել մինչև իրենց լրմանը, որ է Սուրբ Հոգու գալուստը և այդպես ավարտել ավետարանական պատմությունը։
Սուրբ Հոգու գալուստը տեղի ունեցավ զատիկի պենտեկոստեին կամ հիսնօրյակի լրանալուն, մինչ համբարձումը տեղի էր ունեցել հարությունից քառասուն օր հետո, որով համբարձման և հոգեգալուստի միջև տասն օրերի տարբերություն է մնում։ Այդ ժամանակամիջոցն էր, որ Հիսուս հրամայել էր անցկացնել սպասումով, իրենք իրենց պատրաստեն երկնային զորությունն ընդունելու և դրանից առաջ որևէ գործ չձեռնարկեն։ Հետևաբար, առաքյալներին ուրիշ բան չէր մնում, միայն աղոթքով ապաշխարության օրեր անցկացնել, առանց որևէ արտաքին գործով մտքները զբաղեցնելու և հոգնեցնելու։ Ղուկասը Գործքում ասում է «Էին հանապազորդեալ միաբան յաղօթս», իսկ ավետարանում, թե «Էին հանապազ ի տաճարին, գովէին եւ օրհնէին զԱստուած»։ Աղոթքի զբաղումները երկու մասի էին բաժանվում՝ մեկը հին օրինական և կանոնական աղոթքներ, որոնց համար ըստ սովորության գնում էին տաճար, իսկ մյուսը՝ մասնավոր և Հիսուսի կողմից կարգադրված աղոթքներ, որոնք կատարում էին վերնատան մեջ։ Առաքյալների ընթացքը և օրենքի կարգ ու սարքը չէր կարող մեկ վայրկյանում միանգամից փոփոխվել, այլ փոքր առ փոքր տարբերություններով հինը պիտի նվազեր և նորը աճեր։ Ուստի նրանք չէին կարող անտեսել ո՛չ տաճարի պատիվը, ո՛չ օրինական կարգերը և ո՛չ էլ Հին Ուխտի գործերը, այլ պիտի կատարեին դրանք աչքի չնկնելու չափով։ Իսկ մյուս կողմից պիտի սկսեին Հիսուսի կողմից հրահանգված ու քրիստոնեության Նոր Ուխտի հատուկ կարգերը գործադրության դնել և նրանք հետզհետե զարգացնել ու տարածել։ Այս պատճառով առաքյալների աղոթքներն ու հոգևոր զբաղումները փոխնիփոխ կատարվում էին և՛ տաճարում և՛ վերնատանը։
Ղուկաս ավետարանագիրը տեղեկություն է տալիս, թե այդ աղոթքներին միայն Տասնմեկ աշակերտները չէ, որ մասնակցում էին, այլ նրանց հետ էին նաև կանայք և Տյառնեղբայրները ու Հիսուսի մայր Մարիամը։ Անշուշտ, Հիսուսին հետևորդների այդ խումբը նրա հետ եկել էր Գալիլիայից և սկսել էր նվիրագործել քրիստոնեական եկեղեցու նախասկիզբը՝ միմյանց հետ համախմբությամբ և միաբանությամբ։ Մարիամ Տիրամայրը, որի մասին Ավետարանի քարոզության տարիներին շատ հիշատակություններ չտեսանք, Հիսուսի կյանքի վերջին ժամանակներում ավելի հաճախ է ներկայանում մեր աչքին և միշտ ականատես է Հիսուսի փրկագործ տնօրինություններին, խաչելությանն ու մահվան, հարությանն ու համբարձմանը։ Կանայք՝ յուղաբերից կանայք են, որոնք Հիսուսի երևումներով պատտված՝ Նրան ծառայելու և Նրա հետևողների խմբի հոգսերով էին զբաղված։ Սրանց գլխավորներն են՝ Մարիամ Մագդաղենացին, Մարիամ Կղեովպան, Սողոմե Զեբեդյան, Հովհաննա Քուզան, Շուշանը և ուրիշներ, որ միշտ «եւ այլք ընդ նոսա» ընդհանուր արտահայտության մեջ են պարունակվում, սակայն ավետարանի մեջ երբեք չեն հիշվում։ Մեկնիչներն ու վկայագիրները, ինչքան որ ավետարանում հիշատակված կանայք կան՝ Պետրոսի զոքանչը, Սամարուհին, Նայինի այրին, քանանուհին, Հայրոսի կինը, Կափառնայումի պոռնիկը, տեռատես կինը, բոլորին էլ յուղաբերների խմբի մեջ են դասում, ա՛յն խորհրդածությամբ, որ եթե նրանց մասին եղելությունները պատմվում են, անշուշտ, նշանավոր անձինք պետք է եղած լինեն։ Սակայն սա պարզ ենթադրությունից այն կողմ չի անցնում։ Շատերը Բեթանիացի Մարթա և Մարիամ քույրերին նույնպես դասում են յուղաբերների շարքում, սակայն նրանք բոլորն էլ գալիլիացիներ էին, որը նշանակում էր, թե նրանց մեջ բեթանիացիներ չկային։ Բեթանիացի քույրերը հաստատուն բնակություն ունեին Երուսաղեմում և Հիսուսին խնամում և հյուրասիրում էին այնտեղ գտնվելիս և միայն հարությունից հետո կարողացան գործակցել գալիլիացի կանանց խմբի հետ։ Այստեղ մեկ անգամ էլ նշենք, որ ավետարանական հիշատակություններին չի համապատասխանում Մարիամ Մագդաղենացուն, Մարիամ Բեթանիացուն և Կափառնայումի պոռնիկին միևնույն անձ համարելը։ Թեպետ և արևմտյանները հետևում են այդ տեսակետին, բայց այս երեքը երեք տարբեր անձնավորություններ են (Ղուկ. 8:1-3)։
Գալով Տյառնեղբայրներին, ասենք, որ սրանք արդեն ծանոթ են մեզ՝ Կղեովպասի և Մարիամի զավակները՝ չորս եղբայրներ՝ Հակոբը, Հովսեփը, Սիմոնն ու Հուդան։ Սրանց վերաբերյալ դարձյալ նշենք, թե ավետարանին չի համապատասխանում Տյառնեղբայրներից Հակոբին, Սիմոնին և Հուդային նույնացնել Հակոբ Ալփյան, Սիմոն Նախանձահույզ և Հուդա Թադեոս առաքյալների հետ և միացնել Տասներոկուսի խմբին։ Երբ Ղուկասը գրում է, թե «սոքա»՝ այսինքն, անուն առ անուն հիշված Տասնմեկը աղոթում էին «հանդերձ եղբարք նորա»՝ այսինքն Տյառնեղբայրների ընկերակցությամբ, ուրեմն որոշակի է, որ Տասնմեկը տարբեր էին Տյառնեղբայրներից և պետք չէ համանունները շփոթել իրար հետ (Մատթ. 10:2-4)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: