Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-7. Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»: Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին: Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»: Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին: Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային, Ձիթենյաց լերան մոտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին և նրանց ասաց.
   
   Հիսուս ուրիշ ժամանակներում էլ էր հաճախ Երուսաղեմ գալիս, սակայն ոչ երբեք այժմյան փառքով: Նախկինում հրեաների նախանձի պատճառով նա թաքնվում էր, սակայն հիմա, քանի որ եկել էր հենց Իր կողմից որոշված տառապանքի ժամանակը, գալիս է բացահայտորեն, որպեսզի, եթե ցանկանան, կարողանան ըմբռնել Նրա փառքը և Նրա վերաբերյալ եղած մարգարեությունների կատարման միջոցով իմանան ճշմարտությունը: Իսկ եթե նրանք չցանկանան ըմբռնել, ապա այս հանգամանքը նրանց, որպես նույնիսկ նման փառահեղ հրաշքներից հետո չհավատացողների, ավելի շատ դատապարտման համար ծառայի: Քանզի տեսե՛ք, թե այստեղ որքան նշաններ կան:
   

Ա․ Լոպուխին

Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային, Ձիթենյաց լերան մոտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին և նրանց ասաց. (Սինոդական թարգմ․) [1]
   
    1-ին համարում  Մարկոս ​​ավետարանիչը Բեթփագե տեղանվանը ավելացնում է նաև Բեթանիա անունը: Միգուցե նա այս հավելումն այն բանի համար է անում, որպեսզի գրեթե անհայտ Բեթփագե անունը (այս տեղանունը բացակայում է Տիշենդորֆի 8−րդ հրատարակության մեջ) հստակեցնի առավել հայտնի Բեթանիա անվամբ: Այս վերջին գյուղը (այժմ՝ Էլ−Ազարի)  Ձիթենյաց լեռան հարավարևելյան լանջին էր: Այսօրվա պես Բեթանիայից Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում էր Ձիթենյաց և Գայթակղության լեռների միջով և ձգվում էր նախ հարավարևմտյան, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ:
--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց.
(Արարատ թարգմ․) Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
(Գրաբար) Եւ յորժամ մե՛րձ եղեն յԵրուսաղէմ ի Բեթփագէ եւ ի Բեթանիա մա՛ւտ ի լեառն Ձիթենեաց, առաքէ երկուս յաշակերտաց անտի,