Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 12։41

Մաղաքիա արք. Օրմանյան

41-44. Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է: Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»:
   
    Իր հանդիմանական խոսքն ավարտելուց հետո, Հիսուս, մի փոքր հանգստանալու համար, լուռ կանգնած էր տաճարի մոտ՝ գանձատան դռան առջև և դիտում էր տաճար եկող-գնացող ուխտավորներին, ովքեր ուխտավորության հատուկ պարտականությունը կատարելով, գալիս էին գանձանակի մեջ գցելու իրենց դրամական նվերները։ Նիսան 12-ն էր, երեքշաբթի, երկու օրից պիտի կատարվեր զատկական գառան զոհողությունը։ Քիչ օրեր էին մնում ուխտավորության բոլոր պարտականությունները կատարելու և պետք էր շտապել։ Թե՛ քաղաքից, թե՛ գավառներից, ուխտավորները գալիս էին տաճար և մոտենալով գանձանակին, գցում իրենց նվերները՝ դրան խառնելով մի տեսակ ցուցամոլություն, որպեսզի բոլորը տեսնեն իրենց կարողության և բարեպաշտության չափը։
    Գանձը կամ գանձանակը հաստատվել էր Մովսեսի կողմից, և ժամանակ առ ժամանակ նորանոր կարգադրություններ էր արվել դրա վերաբերյալ։ Հիսուսի ժամանակ, Հերովդեսյան տաճսրի գանձանակը դրսի կողմից տասներեք տարբեր բերաններ կամ անցքեր ուներ,որոնք դեպի ներս՝ փողի ձևով նեղանալու պատճառով փող էին կոչվում։ Ամեն մի անցքը հատկացված էր տաճարի կամ արարողությունների որոշակի կարիքների համար, և ժողովուրդը, ուխտավորը իր կարողության չափով յուրաքանչյուրի մեջ իր նպաստը պիտի գցեր։ Հիսուս դիտում էր դրամ նետողներին, ովքեր փարիսեցիական կեղծավորությամբ, ի ցույց ամենքի էին անում այդ և իրապես, ունևորներից շատերը բավական խոշոր նվերներ էին թողնում գանձատան բերանների մեջ։
    Բոլորի հետ միասին մի այրի կին էր մոտենում, մի աղքատ, խեղճ ու տառապյալ մեկը, ձեռքին միայն երկու լումա բռնած,որը համապատասխանում է մեկ նաքարակիտի, մեր դրամով երեք փարայի արժեքով։ Այրին, օրենքի պատվերը իր կարողության չափով կատարելու խղճահարությամբ, երկու լուման գցեց երկու գլխավոր փողերից ներս։
    Այս խեղճ ու համեստ օրինապահ կնոջ արարքը մեծ տպավորություն գործեց Հիսուսի վրա։ Չ՞է որ նա կարող էր իրեն բոլորովին պարտավորված չզգալ գամձանակի նվերն մատուցելու, բայց կարողացածը անելու խիղճը և հավատքն ուներ, նաքարակիտը նվիրելու բարեպաշտությունն էր կատարում, անշուշտ իրեն անհրաժեշտ օրապահիկից կտրելով այդ գումարը։ Ունևորների նետած մեծ գումարները հատուկ ուշադրության չէր արժանացել, այնինչ այրիի նաքարակիտը Հիսուսի վրա մոծ տպավորուէյուն էր թողել։ Առաքյալները նկատեցին Հիսուսի կերպարանքը և զգացված գոհունակությունը, Հիսուսն էլ նրանց իր մոտ կանչելով՝ ասաց. «Դուք տեսնում եք այս նվիրատուներին, թերևս ձեր ուշադրությունը գրավեցին և գոհունակություն պատճառեցին շատ հարուստների նվերները։ Սակայն դա այնքան էլ մեծ արժեք չունի, որովհետև նրանք ոչ թե զոհողություն են անում, այլ իրենց ավելացածն են Աստծուն ընծայում։ Իսկ Աստված ուզում է, որ իրեն հաճելի եղողը, զոհողություն հանձն առնի և սիրուց դրդված իր նվերները ընծայի, այլ ոչ թե իր ավելորդով Աստծուն պատիվ մատուցի։ Դուք էլ այն լավ նկատեցիք, նվիրատուների հետ մի խեղճ կին էլ եկավ և երկու լումա գցեց։ Այն խեղճ կինը որպեսզի տաճարին նվիրաբերելով կատարի գանձանակի օրենքը, որ թերևս մի օր պիտի չուտի, մի կարևոր բանից կզրկվի՝ երկու լումայից զրկվելով և տաճարին նվիրելով։ Ահա ճշմարիտ նվիրատվության մի օրինակ, ահա Աստծուն հաճելի մի գործ, ահա չքնաղ ու զորավոր մի առաքինություն, ինչ չի կարելի ասել իրենց ավելորդից նվեր տվողների մասին։ Աստծուն մատուցած նվերի արժեքը կայանում է ոչ թե գումարի նյութական չափի մեջ, այլ՝ զոհողության չափն է։ Այդ պատճառով տառապյալ այրիի նվերը շատ ավելի մեծ ու արժեքավոր էր, քան հարուստների խոշոր գումարները։ Ողորմության արժեքը համեմատականի վրա է հիմնված»։
    Այս միջադեպը իր ներքին իմաստով կապվում է քիչ առաջ Մատթ. 23:13-32 բացատրված կեղծավորների ընթացքին և, անշուշտ, նույն տպավորությունն էր գործել, որ Հիսուս հարկ համարեց իր աշակերտներին մեկնել այրիի նվերը։ Մի ուրիշ անգամ Հիսուս խայտառակել էր փող հնչեցնելով և թմբուկ զարկելով ողորմություն տվողներին Մատթ.6:2, այս անգամ էլ գործնական օրինակով միևնույն սկզբունքն է սովորեցնում։