Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-20․ Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը: Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր: Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել: Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում, աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում: Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր». քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»: Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»: Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց: Եւ այնտեղ, լերան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր: Բոլոր դեւերը աղաչեցին նրան եւ ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»: Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում: Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել: Եկան Յիսուսի մօտ եւ տեսան դիւահարին, որ նստել էր՝ հագնուած եւ զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. եւ զարհուրեցին: Եւ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին եւ ինչ՝ խոզերին: Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից: Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի: Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մօտ եւ պատմի՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց եւ թէ ինչպէս խղճաց քեզ»: Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր: Եւ ամէնքը զարմանում էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28
   

Որոգինես

Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը:
   
   Սուրբ Գիրքը առանց բացթողումների հասկանալ ցանկացողը չպետք է անտեսի անունների ճշգրտությունը: Հունական ձեռագրացանկերը, սակայն, անունների հարցում հաճախ են սխալվում, որում էլ ավելի ենք համոզվում, երբ ուսումնասիրում ենք տվյալ Ավետարանի հաջորդ համարը։ Խոզերի հետ տեղի ունեցած հրաշքը, որոնց դևերը դարավանդից ցած քշեցին և ծովում խեղդեցին, տեղի ունեցավ,  ինչպես գրված է, Գերգեսացիների երկրում: Գերգեսան, սակայն, արաբական քաղաք է, որի մոտակայքում չկա ո՛չ ծով, ո՛չ էլ լիճ, և, հետևաբար, Հրեաստանի վերաբերյալ շատ բան իմացող ավետարանիչները չէին կարող այդպիսի ակնհայտ և հեշտությամբ մերկացվող սուտ ասել: Մյուս կողմից, որոշ ձեռագրացանկերում գտնում ենք «Գադարական երկիր» անվանումը, և, հետևաբար, անհրաժեշտ է խոսել նաև այդ մասին: Թեպետ Գադարան հրեական քաղաք է, որտեղ  կան հայտնի տաք աղբյուրներ, սակայն  այնտեղ զառիվեր ափերով ծովեր կամ լճեր չկան։ Ընդհակառակը, Գերգեսան, որից առաջացել է «գերգեսացիներ» անվանումը, այժմ Տիբերական կոչվող լճի հարևանությամբ գտնվող հին քաղաք է: Դրա մոտակայքում՝ լճին հարակից, կա մի ժայռ, որտեղից էլ, ինչպես երևում է, խոզերը թափվել են դևերի կողմից: Գերգեսան թարգմանվում է որպես «չարագործների բնակավայր»: Միգուցե նրան մարգարեաբար այդպես են կոչել այն բանի համար, ինչպես նրանք՝ խոզերի համաքաղաքացիները, վարվեցին Փրկչի հետ, երբ խնդրեցին, որ Նա լքի իրենց սահմանները (Մատթ. 8։34, Մարկոս 5։17, Ղուկ. 8։37):
   

Ա. Լոպուխին

Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը: (Սինոդական թարգ․)[1]

   
   Տեքստի նորագույն հետազոտողներն այստեղ ճիշտ են համարում ոչ թե «Գաղադացիների երկրում», այլ «Գերգեսացիների երկրում» տեղանվանումը: Այս անունը ծագում է «Գերգեսա» անվանումից.  քաղաք, որը, ըստ Որիգինեսի,  Տիբերական ծովի ափին էր (Հովհ. 6։24): Եվսեբիոսը Գերգեսան «գյուղ» է անվանում և ասում է, որ այն լեռան վրա էր: Մատթեոսի մոտ ավետարանական տեքստի հետազոտողներն ընթերցում են ոչ թե «Գերգեսացիների», այլ «Գաղադացիների» (Մատթ. 8։28) (հայերեն թարգմանության մեջ և՛ Մատթեոսի, և՛ Մարկոսի մոտ օգտագործվում է «Գերգեսացիներ» տեղանունը): Հայտնի է, որ Գաղադը  նշանակալի հունական քաղաք էր, որը Տիբերիական ծովի հարավարևելյան ափից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա էր: Այս քաղաքը  հիմնականում բնակեցված էր հույներով, բայց քաղաքը շրջապատող գյուղերում խոսում էին սիրիական լեզվով: Շատ հավանական է, որ Գերգեսան եղել է Գաղադի շրջանի մի մասը:
--------------------------------
[1] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը:
(Արարատ թարգմ․) Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։
(Գրաբար) Եւ ե՛կն յայնկոյս ծովուն՝ յաշխարհն գերգեսացւոց: