Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):1

Սուրբ Հովհան Ոսկեբերան  

«Մարերի սերնդից Արշաւիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագաւորեց քաղդէացիների թագաւորութեան մէջ,
   
   Սա Դարեհ Մեդացին է: Առաջին տարվա ներքո մարգարեն չի ակնարկում նրա թագավորության առաջին տարին, քանի որ նա չի ասում. «Նրա թագավորության առաջին տարում», այլ ասում է «նրա տիրապետության առաջին տարում»։ Այստեղ «առաջին տարի» կարող է անվանվել նաև թագավոր դառնալուց հետո Դարեհ Մեդացու կողմից Բաղդասարի հետևորդներին գերի վերցնելու տարին:
   

Ա․ Լոպուխին

1-2․ «Մարերի ցեղից Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որը թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա»: [1] «Նրա թագավորության առաջին տարում ես՝ Դանիելս, գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի լրանային Երուսաղեմի ավերումները»։ (Սինոդական թարգ․)
   
   Դարեհ Մեդացու թագավորության առաջին տարին (մ.թ.ա. 538−537 թթ․) նույն Բաբելոնական կայսրության անկման տարին է (այս մասին ընթերցի՛ր 5։30−31 համարների մեկնաբանության մեջ): Եվ քանի որ վերջին իրադարձությունը Երեմիա մարգարեի կողմից ուղղակիորեն կապի մեջ է դրվում յոթանասունամյա բաբելոնական գերության ավարտի հետ (Երեմ. 25։9−12), ուստի Երեմիայի կանխատեսմանն այժմ Դանիելը հատուկ ուշադրություն է դարձնում (Սինոդալ թարգմանության մեջ եբրայերեն «բինոտ» բառը ընկալվել է որպես «ուշադրություն դարձնել»): Իր խորհրդածությունների մեջ նա երկար է սրա վրա կանգ առնում: Բաբելոնը ընկնում է․ յոթանասունամյա գերությունն ավարտին է մոտենում, և այդ ընթացքում հրեա ժողովուրդը դեռ շարունակում է ստրկության մեջ մնալ: Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպես երևում է 15−19 համարներից, Դանիելը չի ​​կասկածում ո՛չ Երեմիայի կանխատեսման ճշմարտացիության և ո՛չ էլ դրա կատարման ժամանակի մոտեցած լինելու հարցում: Նրան տանջում և անհանգստացնում է այն միտքը, թե արդյո՞ք ժողովրդի մեղավորությունը չի դանդաղեցնում մարգարեության կատարումը: Եվ քանի որ նա բավարար հիմքեր ուներ (տե՛ս 16, 18 համարները), ուստի Երեմիայի մարգարեության շուրջ մտորումները Դանիելին մղում են ժողովրդի ներման և Երուսաղեմի վրա կախված բարկության վերացման խնդրանքով աղոթք անելու (տե՛ս 16, 20 համարներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Մարերի սերնդից Արշաւիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագաւորեց քաղդէացիների թագաւորութեան մէջ,
(Արարատ թարգ․ 9։1) Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս,
(Գրաբար) Յամին առաջնորդի Դարեհի որդւոյ Արշաւրայ ի զաւակէ՛ Մարաց, որ թագաւորեաց ի թագաւորութեանն Քաղդեացւոց։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ժամանակագրություն։ Եթե ​​ենթադրենք, որ Դարեհ Մեդացու իշխանությունը համընկնում է Կյուրոսի թագավորության հետ, ապա նրա թագավորության առաջին տարին պետք է լինի մ.թ.ա. 539 թվականը: Ինչպես նախորդ դեպքում (այս մասին ընթերցի՛ր 7։1 համարի մեկնաբանության մեջ), այստեղ էլ են արձանագրվում համաշխարհային տերություններում  տեղի ունեցող նշանակալի փոփոխությունները: