Դանիելի մարգարեության մեկնություն 13(12):4

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ դու, Դանիէ՛լ, գաղտնի՛ պահիր այդ խօսքերը եւ կնքի՛ր այդ գիրքը մինչեւ ժամանակի վախճանը, մինչեւ շատերն ուսանեն, եւ շատանայ իմաստութիւնը»։
   
   «Եվ դու, Դանիե՛լ, գաղտնի՛ պահիր այդ խոսքերը և կնքի՛ր այդ գիրքը մինչև ժամանակի վախճանը»: Հրեշտակը հրամայում է Դանիելին, որ նրա բերանը չարտաբերի, և ոչ մի աչք չկարդա գրքում գրվածը, պատվիրում է նրան կնքել և պահել գիրքը, որպեսզի մարգարեության կատարումից հետո հրեաները չկարողանան ասել` Աստված չի կանխատեսել այն, ինչ պետք է կրեր ժողովուրդը։ Ինչպես Բաբելոնյան ճնշումից, այնպես էլ այս նեղությունից հետո շատերը կփնտրեն Աստծուն, և տեսիլքները կբազմապատկվեն:
   

Ա․ Լոպուխին

«Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր այս գիրքը մինչև վերջին ժամանակները. շատերը պիտի ընթերցեն այն, և գիտությունը պիտի շատանա»։ (Սինոդական թարգ․)[4]
   
   Հայտնությունն ավարտվում է մարգարեին ուղղված «իր խոսքերը գաղտնի պահելու», այսինքն՝ այս տեսիլքի մանրակրկիտ պահպանման մասին հոգ տանելու վերաբերյալ հրահանգով: Եվ քանի որ սա մյուս բոլոր տեսիլքների շարքում վերջինն էր, ուստի առաջին հրամանի հետ միաժամանակ տրվում է երկրորդ՝ «Գիրքը կնքելու», այսինքն՝ նախկինում ստացված բոլոր հայտնությունները նույն կերպ պահպանելու մասին հոգ տանելու պատվերը: Եթե ​​դրանք պահվեն իրենց նախնական մաքրությամբ և ամբողջական, ապա Տիրոջ ուղիների «իմացությունը» կավելանա:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ դու, Դանիէ՛լ, գաղտնի՛ պահիր այդ խօսքերը եւ կնքի՛ր այդ գիրքը մինչեւ ժամանակի վախճանը, մինչեւ շատերն ուսանեն, եւ շատանայ իմաստութիւնը»։
(Արարատ թարգ․ 12։4) «Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։
(Գրաբար) Եւ դու Դանիէլ փակեա՛ զբանսդ, և կնքեա՛ զգիրդ՝ մինչև ի ժամանակ վախճանի. մինչև սրբեսցին բազումք, և բազմասցի գիտութիւն։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Կնքի՛ր գիրքը: Արդեն մ․թ․ա․ VIII դարում էզոթերիկ տեքստերը «յոթ կնիքով» պահվում էին Ասորեստանում։ Նման տեքստերի լուսանցքում եղած հատուկ նշումները (այսպես կոչված «կոլոֆոնները») ցույց էին տալիս, որ դրանք այնպիսի գաղտնիքներ են պարունակել, որոնք նախատեսված են եղել միայն օծվածների համար։ Մագաղաթները կապում էին երիզով և հանգույցի վրա կավե կնիք էին դնում, կամ էլ դրանք տեղադրում էին անոթների մեջ և փոսը կնքում էին: Կնիքի դրոշմվածքը ցույց էր տալիս, թե ում է պատկանում մագաղաթը կամ անոթը: Միջագետքում օգտագործվում էին գլանաձև, Եգիպտոսում` կոյադնդիռ (սքարաբեյ), իսկ Սիրիայում և Պաղեստինում` շտամպ կնիքներ: Երբեմն մագաղաթները տեղադրվում էին կավե ծրարի մեջ, որը կնքվում էր տիրոջ անձնական կնիքով: Կնիքները հաստատում էին պահպանվող առարկայի անխախտելի ամբողջականությունը: Սա փաստաթղթերը պաշտպանում էր կեղծիքից, քանի որ անխախտ կնիքը վկայում էր պահպանվածի իսկության մասին: Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Նեեմիա 9.38 համարի մեկնաբանությունը: