Դանիելի մարգարեության մեկնությու 4(3):24

Սուրբ Եփրեմ Ասորի

Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 4(3):23
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 4(3):23
   

Ա. Լոպուխին

24-48. «Եվ նրանք քայլում էին կրակի մեջ՝ օրհներգելով Աստծուն և գովաբանելով Տիրոջը»: [24] «Եվ Ազարիան ելավ, աղոթեց և, կրակի մեջ բացելով իր բերանը, բացականչեց»։ «Օրհնյալ ես Դու, մեր հայրերի Տե՛ր Աստված, գովաբանված և փառավորված է Քո անունը հավիտյան»։ «Որովհետև Դու արդար ես այն ամենի մեջ, ինչ որ արեցիր մեզ, և Քո բոլոր գործերը ճշմարիտ են, և Քո ճանապարհները՝ ուղիղ, և Քո բոլոր դատաստանները՝ ճշմարիտ»։ «Դու ճշմարիտ դատաստան արեցիր այն ամենի համար, ինչ արեցիր մեր և մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղեմի նկատմամբ, որովհետև ճշմարտութեամբ և արդար դատաստանով արեցիր այդ ամենը մեր նկատմամբ՝ մեր մեղքերի պատճառով»։ «Քանի որ Քեզնից հեռանալով՝ մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք. և ամեն ինչում մեղանչեցինք»: Քո պատվիրանները չլսեցինք և չպահեցինք դրանք ու չգործեցինք այնպես, ինչպես Դու պատվիրեցիր մեզ, որպեսզի լավ լիներ մեզ համար»։ «Եվ այն ամենը, ինչ բերեցիր մեզ վրա, և այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, ճշմարիտ դատաստանով արեցիր»: «Եվ մեզ մատնեցիր անօրեն թշնամիների, ամենաատելի անհավատների և ամբողջ երկրի վրա եղող ամենաանիրավ և չար թագավորի ձեռքը»: «Եվ այժմ մենք չենք կարող բանալ մեր բերանները․ մենք ամոթ և նախատինք ենք դարձել Քո ծառաների ու Քեզ պաշտողների համար։»: «Բայց Դու մեզ իսպառ մի՛ լքիր՝ հանուն Քո անվան, և մի՛ դրժիր Քո ուխտը»։ «Քո ողորմութիւնը մեզանից մի՛ հեռացրու հանուն Աբրահամի՝ Քո սիրելիի, հանուն Իսահակի՝ Քո ծառայի, և հանուն Իսրայելի՝ Քո սրբի»։ «Որոնց Դու ասացիր, որ պիտի բազմացնես նրանց սերունդը, ինչպես որ երկնքի աստղերն են, և ինչպես ավազը՝ ծովի ափին»: «Մենք տկարացանք, Տե՛ր, բոլոր ժողովուրդներից ավելի, և այժմ նվաստացած ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով»: «Եվ մենք այս ժամանակներում չունենք ո՛չ իշխան, ո՛չ մարգարե, ո՛չ առաջնորդ, ո՛չ ողջակեզ, ո՛չ զոհ, ո՛չ ընծա, ո՛չ խունկ, ո՛չ էլ տեղ, որպեսզի զոհ մատուցենք Քեզ և արժանանանք Քո ողորմությանը»։ «Այլ կոտրված սրտով և խոնարհ հոգով թող ընդունելի լինենք»։ «Ինչպես խոյերի և արջառների, ինչպես նաև բյուրավոր պարարտ գառների ողջակեզների ժամանակ. այդպես էլ մեր զոհաբերությունն այժմ թող հաճելի լինի Քո առաջ, որովհետև Քեզ ապավինողներն ամոթով չեն մնա»: «Եվ այժմ մենք հետևում ենք Քեզ մեր ամբողջ սրտով և վախենում ենք Քեզանից ու փնտրում ենք Քո երեսը»։ «Մեզ ամոթահար մի՛ արա, այլ մեզ հետ վարվիր ըստ Քո հեզության և ըստ Քո առատ ողորմության»։ «Եվ փրկիր մեզ Քո հրաշքների զորությամբ և փա՛ռք բեր Քո անվանը, Տե՛ր»: «Եվ թող ամոթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում Քո ծառաներին. և թող ամաչեն իրենց բոլոր կարողություններով հանդերձ, և նրանց զորությունը թող խորտակվի»։ «Եվ թող ճանաչեն, որ Դու ես միակ Տեր Աստվածը և փառավորվածը ողջ տիեզերքում»: «Իսկ ահա թագավորի սպասավորները, որոնք հնոց էին նետել նրանց, չէին դադարում հնոցը բորբոքել նավթով, ձյութով, վուշով և ծառերի ճյուղերով»: «Եվ բոցը հնոցից քառասունինը կանգուն վեր բարձրացավ»։ «Եվ այն բռնկվեց ու այրեց քաղդեացիներից նրա՛նց, ովքեր գտնվում էին հնոցի շուրջը»: (Սինոդական թարգ․)
   
   Ժամանակակից եբրայերեն տեքստում Դանիել մարգարեի գրքի այս հատվածը գոյություն չունի ճիշտ այնպես, ինչպես դա գոյություն չի ունեցել հին ժամանակներում՝ Որիգենեսի և երանելի Հերոնիմի դարաշրջանում: Այն պահպանվել է Յոթանասնից թարգմանության մեջ, որից կազմվել է հին լատիներեն թարգմանությունը։ Յոթանասնիցից մեջբերում են կատարել Տերտուղիանոսը, Թեոդիտոնը և Վուլգաթան։ Այս հատվածն առկա է ամբողջ արևելյան, սիրիական, ղպտական, եթովպական, հայկական, արաբական և, վերջապես, ըստ Թեոդիտոնի տեքստի կազմված, սլավոնական և ռուսական տեքստերում:

   Եբրայերեն–արամեերեն բնօրինակ տեքստում հատվածի բացակայությունը, ըստ երևույթին, հիմք է տալիս կարծելու, որ այն ի սկզբանե էլ դրանում չի եղել: Բայց նման եզրակացությունն առաջին հերթին թուլանում է Թեոդիտոնի թարգմանության մեջ 24–90 համարների առկայության պատճառով: Նա ուղղակիորեն Յոթանասնիցից անկախ մի եբրայերեն տեքստից է թարգմանել.  հետևաբար միայն այնտեղից կարող է փոխառած լինել նաև այս հատվածը: Բնօրինակ տեքստում դրա գոյության մասին հետագայում վկայում է ժամանակակից հրեական տեքստի 23 և 24 համարների ընթերցման անբնականությունը: «Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը կապված ընկան կրակով բոցավառված հնոցի մեջ (համար 23): Նաբուգոդոնոսոր թագավորը զարմացավ, շտապ վեր կացավ և իր ազնվականներին ասաց. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չնետեցինք կրակի մեջ... Բայց ես կապերից արձակված չորս մարդու եմ տեսնում» (համար 24): Ինչպես ակնառու է, համարների միջև ոչ մի կապ չկա. անցումը չափազանց կտրուկ է, ինչն էլ, անկասկած, բացթողման մասին է ենթադրել տալիս: Այս վերջինը կատարելապես լրացվում է հունական տեքստում առկա 24–90 համարներով, որում խոսվում է հնոց նետված երիտասարդների փրկության, բոցերի մեջ նրանց մոտ իջած հրեշտակի, նրանց երգելու և կրակի մեջ քայլելու մասին: Նրանց կենդանի տեսնելով և մեկ ուրիշ չորրորդի էլ նկատելով՝ Նաբուգոդոնոսորը «զարմացավ»: Հունարեն ընթերցումը շատ ավելի հետևողական ու տրամաբանական է, քան եբրայերենը: Վերջինիս թույլ տրված բացթողումը ենթադրում է, որ բնօրինակ տեքստում գոյություն է ունեցել այս հատվածի մի ավելի երկար տարբերակ, որը նման է եղել հունարեն թարգմանություններում առկա տարբերակին: Սակայն եբրայերենում դրա գոյությունն ընդունելով, անհրաժեշտ է նաև ընդունել, որ քննարկվող հատվածի հեղինակը տարբերվում է Դանիել մարգարեի գրքի երրորդ գլխի հեղինակից: Դա հաստատում է երիտասարդների եբրայական անունների՝ Անանիա, Ազարիա և Միսայել,  օգտագործումը, մինչդեռ գլխի կանոնական մասում օգտագործվում են բացառապես երիտասարդների քաղդեական անունները՝ Սեդրակ, Մեսակ և Աբեդնագով: Այս հատվածի գրման ճշգրիտ ժամանակն անհայտ է: Այս հատվածի և Դանիել մարգարեի ամբողջ գրքի Յոթանասնից թարգմանության հունարեն լեզվի հետ ունեցած նույնության փաստը, այնուամենայնիվ, հիմք է տալիս կարծելու, որ քննարկվող հատվածը նույնպես պատկանում է  վերջինիս հեղինակին: Այս դեպքում՝ 24–90 համարներն ընդգրկող հատվածի եբրայերեն կամ արամեերեն բնօրինակը պետք է գոյություն ունենար արդեն մ.թ.ա. 3–րդ դարի սկզբին: Ինչ վերաբերում է դիտարկվող հատվածի՝ հատկապես երեք երիտասարդների հրաշալի փրկության պատմության, պատմական հավաստիությանը, ապա դա հաստատվում է գլխի կանոնական մասով: 19–92 համարներում խոսվում է հնոցի մեջ Հրեշտակի՝ «Աստծո Որդուն նմանվող չորրորդ մարդու» (համար 49) հայտնվելու մասին:

   ( 4(3)։24–45 համարների մասին)  Այս հատվածներում շարադրված Ազարիայի աղոթքը բաժանված է երեք մասերի՝ 26–33, 34–38, 39–45։ Աղոթքը սկսվում է Աստծո փառաբանությունից և այն մասին խոստովանությունից, որ Տիրոջ բոլոր գործերը, Նրա ուղիներն ու դատաստանները, որոնք դրսևորվել են գերության մեջ գտնվող աստվածընտրյալ ժողովրդի և ավերված Երուսաղեմ քաղաքի նկատմամբ, ճշմարիտ են, որ մարդիկ անընդհատ մեղք են գործել, ուստի նրանք արժանի կերպով են հանձնվել անօրեն թշնամիների, ամենաատելի հավատուրացների ու անարդար թագավորի ձեռքը: Որպես աղոթքի շարունակություն՝ ծառայում է այն աղաչանքը, որով Տիրոջը խնդրվում է (հանուն Իր անվան և նահապետների հետ կնքած ուխտի, որոնց Նա ասել էր, որ երկնքի աստղերի և ծովի ավազի չափ կբազմացնի նրանց սերունդը), որ չլքի բոլոր ազգերից ավելի նսեմացած Իր ժողովրդին, այնքան նվաստացած, որ չունի ո՛չ իշխան, ո՛չ մարգարե, ո՛չ ողջակեզ, ո՛չ զոհ  և ո՛չ էլ մի տեղ, որտեղ կարող է դրանք բերել և ողորմությունը գտնել (Ողբ. 2։9): Աղոթքն ավարտվում է իր և իր ընկերների անունից Ազարիայի ներկայացրած խնդրանքով, որպեսզի Տերը ամբողջովին կոտրված սրտի լիությունից մատուցված իրենց հոգևոր զոհաբերությունը ընդունի որպես հազար գեր գառների, ցլերի և խոյերի զոհաբերություն, որպեսզի Նա ոչ թե խայտառակի ամբողջ սրտով իրենց հույսն Իր վրա դնողներին, այլ Իր բազմում ողորմությամբ փրկի  և դրանով էլ փառավորի Իր անունն ու ամաչեցնի թշնամիներին:
   (4(3)։40–46 համարների մասին) Աստվածային ամենազոր ուժով սահմանափակվում է կրակի տարածական գործողությունը: Այն չի դիպչում հնոցի ներքին՝ կենտրոնական մասին, այլ միայն տարածվում է դրա ծայրամասում: Եվ հետևաբար, մինչ հնոցից դուրս եկած բոցն այրում է կրակը բորբոքողներին (նրանք Բաբելոնում տարածված սովորական յուղ էին լցնում կրակի վրա), դրա կենտրոնը լցվում է խոնավ և աղմկող քամով:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն:
(Արարատ թարգ․ )
(Գրաբար) նային’ի մէջ հրոյն. օրհնէին և գովէին զՏէր Աստուած։