Սուրբ Հովհան Ոսկեբերան
1-2․ Բաղդասար արքան ընթրիք տուեց իր մեծամեծներին՝ թուով հազար հոգու, նաեւ գինի՝ հազար հոգու համար: Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն:
Այնուհետև պատմվում է, թե ինչպես է խրախճանքի ժամանակ հարբած Բաղդասարը տաճարի սպասքները բերել հրամայում՝ ասես պարծենալով իր հոր հաղթանակով, կամ, ավելի շուտ, խելագարվելով հարբածությունից. կամ գուցե այն պատճառով է նա այդպես վարվում, որպեսզի ականատես հրեաների միջից արմատախիլ անի Աստծո հանդեպ նրանց ունեցած ակնածանքը: Դրա պատճառը հպարտությունն էր և հարբածությունը: Եկե՛ք զգուշանանք հարբեցողությունից, սիրելինե՛րս: Դրանից շատ անխոհեմություն է ծագում: Հարբեցողությունը իշխում է մեծ մարդկանց վրա. քանզի Բաղդասարը դա պատվիրեց գինի ըմպելուց հետո: Նրա հայրը քաղաքը գրավելուց և անոթներն այնտեղից հանելուց հետո խնայեց դրանք և չհամարձակվեց գործածել: Իսկ սա ոչ միայն ինքն օգտագործեց, այլ նաև տվեց, որ դրանք օգտագործեն նաև իր մոտ նստած ազնվականներն ու հարճերը:
Ա. Լոպուխին
«Բաղդասար թագավորն իր ազնվականներից հազարի համար մեծ խնջույք կազմակերպեց և այդ հազարի աչքի առաջ գինի խմեց»։ (Սինոդական թարգ․) [1]
Ըստ Դանիել գրքի վկայության՝ Բաբելոնի վերջին թագավորը եղել է Նաբուգոդոնոսորի որդի Բաղդասարը (Բելշացար) (2, 11, 13, 18), որը թագավորել է ավելի քան երկու տարի (Դանիել. 8։1) և սպանվել է Բաբելոնի անկման գիշերը (տե՛ս համար 30): Բայց քաղդեացի պատմաբան Բերոսի կողմից թվարկված Նաբուգոդոնոսորի գահի իրավահաջորդների շարքում Բաղդասար չկա: Նա Նաբուգոդոնոսորի որդի–իրավահաջորդ է անվանում Էվիլմերոդաքին, իսկ Բաբելոնի նվաճումը առնչում է Դանիել մարգարեին անհայտ Նաբոնիդի կառավարման 17–րդ տարուն: Նմանապես, ըստ Հերոդոտոսի, բաբելոնյան վերջին թագավորը ոչ թե Բաղդասարն էր, այլ Լաբինետը:
Աստվածաշնչային և արտաստվածաշնչային վկայությունների միջև եղած նմանատիպ անհամաձայնությունը որոշ էկզեգետների Դանիելի գրքի պատմության իսկությունը հերքելու առիթ տվեց, իսկ ուրիշներին էլ դրանց հաշտեցմանը ձգտել ստիպեց: Դանիել մարգարեի գրքի Բաղդասարի նույնացումը Բերոսի կողմից հիշատակված Նաբուգոդոնոսորի ցանկացած հաջորդի հետ համարվում էր դրան հասնելու ամենաբնական և ճիշտ ճանապարհը: Նմանատիպ առաջին փորձը կատարեց Հովսեփոս Փլավիոսը, ըստ որի՝ Բաբելոնի վերջին թագավորը Բաղդասարն էր՝ «Բաբելոնացիների կողմից Նաբոնիդ կոչվածը»: Նույն կարծիքին էր նաև հայտնի պատմաբան Նիպուրը, որը պնդում էր, որ Բաղդասար անունը եղել է Նաբոնիդի պատվավոր տիտղոսը ճիշտ այնպես, ինչպես Միքայելիսի, Կոռնելիուսի և Լապիդեի, Կալմետի, Կնոբելի, Իվալդի պատվավոր տիտղոսն է Բուխարևի հայրենական էկզեգետներից լինելը: Մյուսները՝ Կրանիչֆելդը, Քլիֆոթը, Քեյլը և Դելիչը, Գեֆերնիկը, Գուֆմանը, Սմիրնովը, հիմնվելով Բաղդասար «Նաբուգոդոնոսորի որդի» անվան վրա, նրան նույնացնում են այս վերջինիս իրական որդու՝ երկու տարի թագավորած Էվիլմերոդաքի հետ, և, վերջապես, երրորդները՝ Բաղդասարին նույնացնում են Լավոսոարդաքի հետ:
Ինչ վերաբերում է այս տեսակետների հավաստիությանը, ապա այն շատ աննշան է: Ուստի, Էվիլմերոդաքի և Լավոսոարդաքի հետ Բաղդասարի նույնացմանը դեմ է նաև այն նկատառումը, որ ոչ մեկը և ոչ էլ մյուսը Բաբելոնի վերջին թագավորը չեն եղել, ինչպիսին է Դանիել մարգարեի գրքի Բաղդասարը: Նրա մահը և Բաբելոնյան կայսրության բաժանումը հնդիկների և պարսիկների միջև կարծես թե անքակտելիորեն միմյանց կապված իրադարձություններ են (Դանիել. 5։30–31): Նույնքան անթույլատրելի է Բաղդասարի նույնացումը Նաբոնիդի հետ: Նախ՝ ո՛չ Դանիել մարգարեն և ո՛չ էլ Բերոսը չեն խոսում Բաբելոնյան վերջին թագավորի կրկնակի անուն կրելու մասին. երկրորդ՝ Բաղդասարի և Նաբոնիդի ճակատագրերը, ինչպես ներկայացնում են Դանիել մարգարեն և Բերոսը, բոլորովին տարբեր են: Առաջինը սպանվել է Բաբելոնի գրավման գիշերը (համար 30), իսկ երկրորդը՝ Կյուրոսի կողմից ջախջախվելուց հետո Բաբելոնից ուղարկվել է Կարմանիա, որտեղ էլ մահացել է:
Այս բոլոր փորձերը դիտավորյալ առանց հիմնավորման թողնելով՝ Դանիել մարգարեի գրքի մասին վերջին շրջանի գրականությունը հարում է այն կարծիքին, որ գրքում նշված Բաղդասար անունը Բաբելոնի վերջին թագավոր Նաբոնիդի որդու իրական անվանումն է։ Այս տեսակետը հիմնված է քննարկվող ժամանակների սեպագիր արձանագրությունների վրա: Դրանցից մեկում, որը անգլիացի Լոֆտուսը գտել է քաղդեացիների Ուր քաղաքի ավերակներում, Նաբոնիդը հետևյալ խնդրանքով դիմում է Սին աստծուն. «Ի՛նձ՝ Բաբելոնի թագավոր Նաբոնիդիս, հեռո՛ւ պահիր քո պայծառ աստվածության դեմ ուղղված ցանկացած մեղքից և երկար կյա՛նք տուր, իսկ Իմ առաջնեկ որդի ու ժառանգ Բաղդասարին ուղղորդի՛ր այնպես, որ նա պատվի քո պայծառ աստվածությունը, թող նա չգնա մեղքի ճանապարհով, բայց թող վայելի կյանքի երջանկությունը»:
Նույն թագավորի մեկ այլ գրության մեջ երկու անգամ հանդիպում է հետևյալ արտահայտությունը. «Ե՛ս՝ քո պայծառ աստվածությանը երկրպագող Բաբելոնի թագավոր Նաբոնիդս, վայելում եմ կյանքի երջանկությունը, իսկ իմ առաջնեկ որդի Բաղդասարին կյանքի երկար օրեր պարգևի՛ր, որպեսզի նա չմոլորվի մեղքի մեջ»:
Այս արձանագրությունների հիման վրա Ռաուլինսոնը դրանց մեջ հիշատակվող Բաղդասարին ճանաչում է որպես նույն Դանիելի գրքի Բաղդասար: «Նաբոնիդի ավագ որդին,– ասում է նա,– անվանվում է Բելշար–էթզար, անո՛ւն, որը Դանիելի գրքում կրճատվել ու վերածվել է Բաղդասարի, ճիշտ այնպես, ինչպես Ներգալ–շարեցորի անունն է հույների մոտ վերածվել Ներիգլիսսորի»: Միայն անունների նույնությունը, իհարկե, դեռ չի խոսում անհատականությունների նույնության մասին: Բայց աստվածաշնչյան Բաղդասարի սեպագիր արձանագրությունների Նաբոնիդի որդի Բաղդասարի հետ նույնականացումը, ըստ էկզեգետների, կասկածի ենթակա չէ: Եվ առաջին հերթին, դատելով խորհրդավոր արձանագրությունը բացատրելու համար Դանիելին պետության երրորդ անձը դարձնելու մասին խոստումից (Դանիել. 5։16), կարող ենք ասել, որ Բաղդասարը Բաբելոնի միապետ թագավորը չէր. նա ինքը զբաղեցնում էր երկրորդ տեղը, և այդ պատճառով Դանիելին կարող էր միայն երրորդ տեղը խոստանալ: Այլ կերպ ասած, Դանիելի գրքի Բաղդասարը հանդես է գալիս որպես թագավորակից: Միահեծան իշխող տիրակալները վաստակի համար որոշ մարդկանց թագավորությունում երկրորդ աթոռն էին տալիս (Եսթեր 10։3, Բ Եզրաս 3։7, 4։42): Նաբոնիդի որդի Բաղդասարին նույն հեղինակությունն էր վերապահված:
Ըստ Վիգուրի, այսպես կոչված, Կիրովի կոթողի վրա եղած տեքստը նրան որպես փոխարքա է ներկայացնում: Այն ժամանակ, երբ հայրը մի քանի տարի կամավոր հեռանում է կառավարության գործերից, Աքքադի (սա Բաբելոնիայի հյուսիսային մասն է) երկրի ամրոցներում, բարձրաստիճան խորհրդականներով շրջապատված, նա է կանգնում բանակի գլխին։
Նմանապես, Ռաուլինսոնը, ուշադրություն դարձնելով Նաբոնիդի որոշ արձանագրություններին, որոնք ավարտվում են իր որդի Բաղդասարի փրկության համար արված նույն աղոթքով, պնդում է, որ թագավորի փոխարեն արքայազնի հիշատակումը ներկայանում է որպես մի նախատիպ չունեցող երևույթ, և դրա միակ բացատրությունն այն է, որ Բաղդասարն իր հոր կենդանության օրոք մասնակցել է թագավորության կառավարմանը:
Ինչ վերաբերում է Բաղդասարի թագավորակից լինելու պարագային, ապա ենթադրվում է, որ դրա պատճառները հետևյալն են. Նաբոնիդը, լինելով բռնապետ, իր սերնդի իշխանությունը ամրապնդելու համար իր կենդանության օրոք թագավոր է հռչակում Նաբուգոդոնոսորի դստեր կամ թոռնուհու կողմից իր համար ծնած որդուն, որի հետ նա ամուսնացել է բաբելոնյան գահը պահելու նույն մտադրությամբ (Վիգուր, Կնաբենբաուեր): Իր հորը թագավորակից նշանակված Բաղդասարը նրա կառավարման վերջին տարիներին արդեն հանդես է գալիս որպես իրական թագավոր: Հաշվի առնելով պարսից Կյուրոսի նվաճողական տեղաշարժերը՝ Նաբոնիդը հարկադրված էր իր թագավորության վերջին շրջանն անցկացնել Բաբելոնից մշտական բացակայության պայմաններում, նախ որպես Լիդիայի Կրոզոս թագավորի դաշնակից, ապա նաև որպես իր երկրի սահմանների պաշտպան: Նման պայմաններում Բաբելոնի իշխանության փոխանցումն այնտեղ մնացած Բաղդասարի ձեռքը՝ միանգամայն բնական երևույթ էր: Հետո, ըստ Քսենոփոնի վկայության, Կյուրոսից պարտված Նաբոնիդը վերադառնում է ոչ թե Բաբելոն, այլ Բորցիպպա: Պարզվում է, որ առաջին քաղաքի տիրակալը և դրա ճակատագիրը որոշողը Բաղդասարն էր, ինչպես այդ մասին ասում է Դանիել մարգարեի գիրքը:
Բաղդասարի կազմակերպած տոնը համընկնում է մարերի և պարսիկների կողմից Բաբելոնը պաշարելու ժամանակի հետ (28։30–31): Ըստ այդմ, Հերոդոտոսը նաև պատմում է, որ բաբելոնացիները Կյուրոսի կողմից իրենց մայրաքաղաքը գրավելու ժամանակ ուրախ տոնախմբություն էին անում. բոլոր մարդիկ տրվել էին զվարճանքներին ու պարերին: Այս պարագայում թագավորի ակնհայտ անզգուշությունը (քանզի կրիտիկական պահերին նա ազնվականների հետ խնջույք է անում) առաջին հերթին բացատրվում է նրանով, որ նա իր հուսը դրել էր բաբելոնյան պարիսպների ամրության վրա (այս մասին ընթերցի՛ր 4։27 համարի մեկնաբանությունը): Դրանք անառիկ էին թվում ոչ միայն նրան, այլև նույնիսկ Կյուրոսին, որը, ըստ Հերոդոտոսի, կասկածելով Բաբելոնը բռնի կերպով գրավելու հնարավորության վրա, դիմում է խորամանկության: Բաղդասարի անփութության պատճառը նաև նրա երիտասարդությունն էր: Ըստ Բերոսի՝ Նաբոնիդը թագավորել է 17 տարի: Եվ եթե նրա համար Բաղդասարին ծնող Նաբուգոդոնոսորի ազգականի հետ Նաբոնիդի ամուսնությունն ընկնում է վերջինիս թագավորության առաջին տարում, ապա Բաբելոնը նվաճելու ժամանակ այս Բաղդասարը չէր կարող 16 տարեկանից մեծ լինել: Ըստ խնջույքների ժամանակ արքաներին ներկայացնող ասորա–բաբելոնական պատկերների՝ խրախճանքերի ժամանակ չէին ուտում, միայն խմում էին։ Խնջույքի մասնակիցները սովորաբար միայն որպես խմողներ են ներկայացվում: Դանիել մարգարեն նույն հատկանիշներով է նկարագրում նաև Բաղդասարի կազմակերպած խրախճանքը: Նույն հուշարձանների վրա խնջույքի մասնակիցների հետ նաև կանայք են երևում: Հին պարսկական խրախճանքների ժամանակ վերջիններիս ներկայության մասին նշվում է նաև Եսթերի գրքում (1։9):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բաղդասար արքան ընթրիք տուեց իր մեծամեծներին՝ թուով հազար հոգու, նաեւ գինի՝ հազար հոգու համար:
(Արարատ թարգ․ 5։1) Բաղդասար թագավորն իր մեծամեծներից հազարի համար մեծ հացկերույթ տվեց և այդ հազարի առաջ գինի խմեց:
(Գրաբար) Բաղտասա՛ր արքայ՝ արա՛ր ընթրիս մեծամեծաց իւրոց հազա՛ր առն. և ըստ հազարացն նոյնպէս և գինի. և իբրև ընդ գինիս եմուտ Բաղտասար,
Պատմամշակութային մեկնություն
Բաղդասար։ Բաղդասարը Բաբելոնի վերջին թագավոր Նաբոնիդի որդին և գահակիցն էր: Նաբոնիդը տասը տարի անցկացրեց Թեմայում, մինչդեռ Բաղդասարը իր պարտականությունները կատարեց Բաբելոնում: Բաղդասարի անունն առկա է մի շարք սկզբնաղբյուրներում: Նախորդ գլխում նկարագրված իրադարձություններից անցել էր շուրջ երեսուն տարի: Նաբուգոդոնոսորը մահացել է մ.թ.ա. 562 թվականին, իսկ այս խրախճանքը տեղի է ունեցել մ.թ.ա. 539–ի հոկտեմբերին:
Բաղդասարի խրախճանքը: Այս խրախճանքը տեղի է ունեցել մ.թ.ա. 539–ի հոկտեմբերի կեսերին (տաշրիտ ամսի 15–ին): Դրանից մի քանի օր առաջ պարսկական զորքերը արյունալի կռիվներով գրավեցին Օփիս քաղաքը (այն Բաբելոնից 50 մղոն դեպի հյուսիս էր՝ Տիգրիս գետի ափին), ապա անցան Եփրատը, որտեղ տաշրիտի 14–ին առանց կռվի հանձնվեց Սիփար քաղաքը:
Հավանաբար, այդ ժամանակ Բաբելոնում արդեն ստացել էին այդ տեղեկությունները, և Բաղդասարը գիտեր, որ պարսկական զորքը Բաբելոնի ճանապարհին էր: Նաբոնիդը իր զորքի հետ Օփիսում էր և այնտեղից հեռացավ, երբ քաղաքն ընկավ: Նրան գերեցին Բաբելոնում, թեև տեքստերից պարզ չէ, թե երբ է նա ժամանել այնտեղ: Բերոսը (մ.թ.ա. 3–րդ դարի բաբելոնացի պատմաբան, որին հղում է անում Հովսեփոս Փլավիոսը) պնդում է, որ նա թակարդի մեջ է ընկել Բորցիպպայում (Բաբելոնից՝ 17 մղոն հարավ): Սրա լույսի ներքո խրախճանքը, նրանց պատահելիք մի շարք աղետներին նախորդած, վերջին տոնակատարությունն էր: Հերոդոտոսը հիշատակում է այն հանդիսավոր տոնակատարության մասին, որը տեղի է ունեցել քաղաքում դրա անկումից հետո: Միևնույն ժամանակ չպետք է մտածել, որ այս խրախճանքը վկայում է Բաղդասարի հոռետեսական տրամադրության մասին: Բաբելոնը լավ ամրացված քաղաք էր, և նրանք հավատում էին իրենց աստվածների զորությանը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: