Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրանցից մէկից ելաւ մի հզօր եղջիւր, առաւել հզօրացաւ դէպի հիւսիս, ուժ ստացաւ,
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Նրանցից մեկից դուրս եկավ մի փոքրիկ եղջյուր, որը չափազանց մեծացավ դեպի հարավ ու դեպի արևելք և դեպի սքանչելի երկիրը»։ (Սինոդական թարգ․) [9]
Ըստ երկնքում բնակող (հրեշտակի) բացատրության (Դան. 8։23)՝ այծի գլխին հայտնված նոր եղջյուրը մատնանշում է խորամանկության մեջ հմուտ և ամբարտավան թագավորի, որը ստիպված է ըմբոստանալ չորս թագավորությունների քաղաքական գոյության վերջին շրջանում, «երբ հավատուրացները լրացնեն անօրինության չափը»: Հիմնվելով Ա Մակաբ․ 1։7–15 համարների հաղորդած տեղեկությունների վրա՝ այս թագավորի ներքո պետք է հասկանալ Անտիոքոս Եպիփանեսին։ «Ալեքսանդրը,– ասում է Մակաբայեցիների Առաջին գրքի հեղինակը,– թագավորեց 12 տարի և մահացավ: Եվ նրա ծառաներից յուրաքանչյուրը թագավորեց իր տեղում: Նրա մահից հետո նրա բոլորը ծառաները թագեր դրեցին, իսկ նրանցից հետո՝ երկար տարիներ, նույնը արեցին նաև նրանց որդիները և երկրի վրա բազմացրին չարությունը: Եվ նրանցից դուրս եկավ մեղքի արմատը՝ Անտիոքոս Եպիփանեսը: Այդ օրերին Իսրայելից անօրինության որդիներ դուրս եկան և համոզեցին շատերին՝ ասելով. «Եկե՛ք գնանք դաշինք կնքենք մեզ շրջապատող ազգերի հետ, քանի որ նրանցից մեր բաժանվելու ժամանակից ի վեր մեզ բազում աղետներ են պատահել: Եվ այս խոսքերը նրանց աչքում բարի թվացին: Մարդկանց մի մասը ցանկություն հայտնեց և գնաց թագավորի մոտ, և նա նրանց հեթանոսական արարողություններ կատարելու իրավունք տվեց: ... Եվ նրանք իրենց մեջ անթլփատություն հաստատեցին և հեռացան սուրբ ուխտից»: Եթե, ըստ Դանիել մարգարեի գրքի խոսքերի, ամբարտավան և հմուտ թագավորը ոտքի կկանգնի այն ժամանակ, երբ «հավատուրացները լրացնեն իրենց անօրենությունների չափը», ապա Ա Մակաբայեցիների գրքի վկայության համաձայն՝ Անտիոքոս Եպիփանեսի վերելքը համընկնում է Իսրայելում «սուրբ ուխտից հեռացողների» հայտնվելու հետ: Անօրինության բարձրագույն չափանիշն անթլփատության ներդրումն է: Դարաշրջանի և անձերի նույնականությունը կասկածի ենթակա չէ: Սկզբնապես փոքր եղջյուրը մեծապես ընդարձակվեց դեպի հարավ, արևելք և դեպի գեղեցիկ երկիր: Նույն կերպ էլ սկզբնապես Սիրիայում թագավորած Անտիոքոս Եպիփանեսը հաջող պատերազմներ վարեց հարավի՝ Եգիպտոսի (Ա Մակաբ. 1։16–18), արևելքի՝ Պարսկաստանի (Ա Մակաբ. 3։31, 37, 6։1–4), Բաբելոնի (Ա Մակաբ. 6։4) և Հայաստանի դեմ, ընդ որում՝ նա հնազանդեցրեց նաև Հայոց արքա Արտաշեսին: Նրա իշխանությանը ենթարկվեց նաև Գեղեցիկ երկիրը, այսինքն՝ Պաղեստինը (Երեմ. 3։19, Եզեկ. 20։6), որն այսպես է կոչվում իր բերրիության համար:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրանցից մէկից ելաւ մի հզօր եղջիւր, առաւել հզօրացաւ դէպի հիւսիս, ուժ ստացաւ,
(Արարատ թարգ․ 8։9) Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավոր երկիրը։
(Գրաբար) Եւ’ի միոջէ’ի նոցանէ ել եղջեւր մի հզօր. և մեծացաւ առաւել ընդ հիւսւսի.
Պատմամշակութային մեկնություն
Փոքր եղջյուրը: Ըստ ամենայնի, այստեղ մենք խոսում ենք Սելևկյան տոհմից սերող Անտիոքոս IV Եպիփանես արքայի մասին, որի մ.թ.ա. II դարում ծավալած գործունեությունը մանրամասն կքննարկենք ստորև:
Գեղեցիկ երկիրը: 11։16 և 41 համարներից պարզ է դառնում, որ խոսքը Իսրայելի մասին է: Անտիոքոս III–ը մ.թ.ա. 212–205 թվականներին ընկած ժամանակահատվածում ռազմական արշավներ է կազմակերպում դեպի արևելք՝ ընդդեմ Պարթևստանի, Հայաստանի և Բակտրիայի, իսկ մ.թ.ա 200 թվականին Պանինի (Panium) ճակատամարտի արդյունքում վերահսկողություն է հաստատում Պաղեստինի վրա: Բայց ո՛չ նրան, և ո՛չ էլ նրա որդուն՝ Անտիոքոս IV–ին Եգիպտոսը ենթարկեցնել չի հաջողվում: Անտիոքոս IV–ը նվաճողական պատերազմներ է մղում նաև Արևելքում և հայտնի է Հրեաստանի և Երուսաղեմի դեմ իր իրականացրած գործողություններով (այս մասին ընթերցի՛ր 11։21–39 համարների մեկնաբանությունները):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: