Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):2

Սուրբ Եփրեմ Ասորի

Թագավորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին և աստղագուշակներին, որպեսզի թագավորին հայտնեն նրա երազը: Նրանք եկան, կանգնեցին թագավորի առաջ,
   
   Իր թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազ տեսավ և մոռացավ երազում տեսածը, իհարկե դա եղավ հմայողներին ու քաղդեացիներին ամաչեցնելու համար, որոնք  կարծում էին, որ իրենց հմայություններով ու հաշվարկներով էին բարձրացրել Բաբելոնի թագավորին: Քանզի եկավ Դանիելը և փառավորվեց այն Աստծո կողմից, որի մասին բաբելոնացիները մտածում էին, որ պարտություն  է կրել բաբելոնական աստվածներից:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թագավորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին և աստղագուշակներին, որպեսզի թագավորին հայտնեն նրա երազը: Նրանք եկան, կանգնեցին թագավորի առաջ,
   
   Հանգամանքն այստեղ ավելի բարդ էր: Ի՞նչն էր բարդ: Այն փաստը, որ թագավորը չգիտեր, թե ինչպիսին էր իր երազը: Եվ սա իմաստուն կերպով էր կազմակերպվել, քանի որ եթե այդ հանգամանքը չլիներ, ապա Դանիելի իմաստությունը չէր բացահայտվի: Ենթադրենք, որ նա նույնպես կանչվել և խոսել էր ապագայի մասին, այդ մասին կխոսեին նաև մյուսները. բայց քանի որ ոչինչ դեռ չէր իրականացել, ուստի անհնար կլիներ պարզել, թե նրանցից ո՞վ է ճշմարտությունն ասում, և ո՞վ է ստում: Սա պետք է այլ ձևերով ուսումնասիրել: Ենթադրենք, որ երազի բովանդակությունը հայտնվել էր, և Դանիելը դրա վերաբերյալ ասել էր իր խոսքը, իսկ մյուսները  հակառակն էին ասել: Այս պարագայում ինչպե՞ս պետք է պարզվեր` նա ստո՞ւմ էր, թե՞ ճշմարտությունն էր ասում: Հետևաբար, նա հենց այստեղ է ապացույցներ ներկայացնում: Հովսեփի մոտ այդպես չէր. այնտեղ թագավորը պատմում է երազը, որովհետև կատարման ժամանակը մոտ էր: Զարմանքի է արժանի այն հանգամանքը, որ Եգիպտոսում եգիպտական իմաստունները, լինելով ապահով, չեն ցանկանում ինչ–որ բան հորինել, այլ ասում են, որ իրենք չգիտեն: Եթե ​​նրանք երազները բացատրել չեն կարողանում, ապա ուրիշ ի՞նչ հարցով  կարելի է հավատալ նրանց: Այստեղ այլ կերպ չէր էլ կարող լիներ. իսկ Հովսեփի մարգարեություններում կատարումը պարզ էր.  հատկապես երբ հարցը վերաբերում էր պալատական ​​գործին:
   

Ա. Լոպուխին

2-3. «Եվ թագավորը հրամայեց կանչել մոգերին, գուշակներին, կախարդներին ու քաղդեաներին, որպեսզի նրանք թագավորին պատմեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ»։ [2] «Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին անհանգստացած է. ցանկանում եմ իմանալ այդ երազը»»։ (Սինոդական թարգ․)

   

   Ըստ Նաբուգոդոնոսորի՝ երազը այն միջոցներից մեկն էր, որոնցով աստվածները մարդկանց հայտնում էին իրենց կամքը: Այսպիսով՝ արձանագրություններից մեկում նա աղոթքով դիմում է Սամաս աստծուն, որպեսզի երազում վերջինս իրեն (այսինքն` Նաբուգոդոնոսորին) հայտնի իր ողորմության և բարեհաճության մասին: Նոր ու մոռացված երազը վերից եկող հայտնություն համարելով՝ թագավորը, բնականաբար, ցանկանում է իմանալ այն, քանի որ դա հավասարազոր էր աստվածների կամքը իմանալուն, և նա տանջվում ու տառապում է անորոշությունից («Հոգիս խռովվեց՝ երազս իմանալու (Հայերեն թարգմանության մեջ «հասկանալու» բառն է օգտագործված) համար»):

   Հիշողության մեջ մոռացվածը վերականգնելու և այդ ճանապարհով հանգստանալու համար նա դիմում է, իր կարծիքով, միակ հնարավոր և հուսալի միջոցին` բաբելական իմաստունների հինգ դասերի օգնությանը, որոնցից յուրաքանչյուրը հատուկ գիտելիքների էր տիրապետում: Դրանցից «երազահաններ»–ը (եբրայերեն՝ «խարտումիմ») քաղդեական սրբազան գրականության մասնագետներն էին, որոնք այդ գրականության օգնությամբ երազները մեկնաբանում էին կրոնական իմաստով և չար դևերին հմայում էին միայն խոսքերով՝ առանց որևէ կախարդական միջոցի օգնության դիմելու (Ելք 7:11, Տալկովայա Բիբլիա, հատոր 1): «Գուշակողներ»–ն (եբրայերեն՝ «asafim», որը առաջացել է «ասաֆից՝ փչել» արտահայտությունից, հունարեն՝ «magoi», սլավոներեն՝ «մոգեր») այն մարդիկ էին, որոնք, երանելի Հերոնիմոսի խոսքով, զբաղվում էին տարբեր տեսակի առարկաների փիլիսոփայական ուսումնասիրությամբ, բացատրում էին պատգամախոսների հրաշալի տեսիլքներն ու կանխատեսումները, ժողովրդին հայտնում էին աստվածների կամքը, նրանց պատվին հիմներ էին հորինում  և վերջապես շնչառության միջոցով կախարդություններ էին անում: «Mekasfim–կախարդները» մոգության համար տեսանելի կախարդանքներ օգտագործող հրաշագործներ էին, որոնք, իմիջիայլոց, այդ նպատակով գործածում էին նաև զոհաբերված կենդանիների արյունը (երանելի Հերոնիմոս). «Քասդիմները»  քաղդեացիներն էին կամ ուղիղ իմաստով՝ քահանաները (Հերոդոտոս. Դիոդորոս Սիկուլացի), որոնք հետևում էին աստղերի շարժումներին, զբաղվում էին աստղագիտական ​​հաշվարկներով և դրանց հիման վրա կանխատեսում էին մարդու ճակատագիրը (երանելի Հերոնիմոս): Եվ, վերջապես, «գազրիմները» (համար 27) նույն աստղագետներն էին, որոնք աստղերի, կենդանիների ներքին օրգանների, թռչունների թռիչքի և աղաղակի միջոցով գուշակություններ էին անում: Նաբուգոդոնոսորի կողմից կանչվում են իմաստունները, իհարկե, նրանց հինգ դասերի ներկայացուցիչները, քանի որ որևէ մեկի գիտելիքն առանձին վերցված անբավարար էր երազը բացատրելու համար: Խարտումիմը պետք է տար դրա մեկնաբանությունը, ասաֆիմը պետք է թագավորին հայտներ աստվածների կամքը. երազի կանխատեսած բարեկեցությունը կամ դժբախտությունն ավելի ճշգրիտ կարելի էր գուշակել աստղերի ու կենդանիների ներքին օրգանների միջոցով, ինչով զբաղվում էին քասդիմն ու գազրիմը: Եթե երազը որևէ դժբախտություն էր նախանշում, ապա նույն քասդիմները, որպես քահանաներ, պարտավոր էին զոհաբերություններով գթասիրտ դարձնել աստվածներին, իսկ մեկասֆիմները պետք է փորձեին իրենց հմայությունների միջոցով կանխել աղետը:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Թագաւորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին եւ աստղագուշակներին, որպէսզի թագաւորին յայտնեն նրա երազը: Նրանք եկան, կանգնեցին թագաւորի առաջ,
(Արարատ թարգ․2։2)Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։
(Գրաբար) Եւ ասէ թագաւորն. Կոչեցէ՛ք զգէտս, և զմոգս, և զկախարդս, և զքաղդեայս, պատմե՛լ թագաւորին զերազ իւր։ Եւ եկին կացին առաջի թագաւորին։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Թագավորի խորհրդականները: Աքքադական գրականության մեջ էզոթերիկ գիտելիքների տիրապետող իմաստունները ներառվել են «ummanu mudu»  ընդհանուր հասկացության ներքո: «Երազահաններ»–ի մասին ըմթերցի՛ր Դան. 1:20 համարի մեկնաբանությունը: Հին Կտակարանում «կախարդներ» սովորաբար անվանում էին հրաշագործներին ու դյութիչներին: Բաբելոնում այդպես անվանում էին հմայողներին: Շատ թարգմանություններում «քաղդեացիներ» կոչվող իմաստունները պատկանում էին քուրմ–գուշակների դասին: Հետագայում նրանք մասնագիտանում են աստղագուշակության մեջ: