Սուրբ Եփրեմ Ասորի
«Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը հավիտեանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զօրությունը:
«Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից» այն բոլոր բարեգործությունների համար, որոնք ցույց է տրվել Եգիպտոսի մեր հայրերին և բաբելոնացիների մեջ գտնվողներիս: «Նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը»: Թեև Աստված իր իմաստությամբ և համբերությամբ պահել է բաբելոնացիներին և նրանց դաշնակիցներին, ինչպես հին ժամանակներում պահել էր եգիպտացիներին, բայց հիմա նա շրջում է Իր ձեռքը և Իր զորությամբ հարվածում է նրանց, ինչպես հարվածել էր Եգիպտոսին:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը հավիտեանս հավիտենից, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զօրությունը:
Տե՛ս, խնդրանքը ստանալուն պես նա անմիջապես չշտապեց թագավորի պալատ, այլ նախևառաջ իր մեծագույն երախտագիտությունը հայտնեց Տվողին, ոչ թե մեզ նման, որ հաճախ մեր գործերի հաջողության պատճառով մոռանում ենք երախտագիտության մասին: Բայց նա այդպիսին չէ. նա օրհնեց Աստծուն և ասաց. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից»: «Մենք,– ասում է նա,– ժամանակավոր ենք և ոչ հարատև, բայց օրհնություններ ենք վերառաքում նրան ոչ միայն այս ժամանակի, այլ նաև ամեն ինչի համար, ոչ միայն նրա համար, որում ապրում ենք, այլև անցյալի ու ապագայի: Մենք միշտ պետք է օրհնենք Աստծուն՝ անկախ Նրա երևալու կամ չերևալու հանգամանքից, քանի որ Նրա նախախնամությունը տարածվում է ամեն ինչի վրա: Տե՛ս, թե ինչպես է նա երախտագիտություն հայտնելու ժամանակ ցույց տալիս, թե ում է պատկանում երազի մասին գիտելիքը: Նա «ինձ իմաստություն և ուժ տվեց», այսինքն` ամեն ինչի մասին գիտելիք և կանխագիտություն: Այստեղ նա ասում է հետևյալը. «Աստված գիտի ամեն ինչ. այնպիսի բան չկա, որը Նա չգիտի: Ի՞նչ է արդյոք սա. մի՞թե Նա միայն կանխագիտություն ունի: Ավելին, մարգարեն չասաց «ունի», այլ ասաց՝ «Նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը»` ցանկանալով մեզ ցույց տալ, որ սա Աստծո բնութենական կատարելությունն է, որ սա բնությամբ է պատկանում Նրան:
Ա. Լոպուխին
«Եվ Դանիելն ասաց. «Օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից, որովհետև Նրանն են իմաստությունն ու զորությունը»։ (Սինոդական թարգ․) [20]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):17
--------------------------------
[20] (Էջմիածին թարգ․) «Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը:
(Արարատ թարգ․2։20) Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։
(Գրաբար) և ասէ. Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտենից մինչև յաւիտեանս. զի իմաստութիւն և հանճար և զօրութիւն՝ նորա՛ է.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: