Սուրբ Հովհան Ոսկեբերան
31-33․ Դու, արքա՛, ահա թե ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, և նրա կերպարանքն ու տեսքը ահավոր էր: Այդ արձանը շատ սարսափազդու էր: Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, ոտքերը՝ կեսը երկաթիցև կեսը խեցուց:
Տե՛ս, թե ինչպիսի տեսիլքի արժանացավ Նաբուգոդոնոսորը: Քանի որ ավետարանական քարոզչությունը հետագայում պետք է տարածվեր հեթանոսների շրջանում, ուստի այն նախապես ներմուծվում է հեթանոսական ավանդության մեջ, և հեթանոսական երկրում նմանատիպ տեսիլք է հայտնվում, երբ հրեական տաճարն արդեն ավերված էր, և օրենքի դրույթների գործունեությունը՝ դադարեցված: Բայց դա բացատրվում է հրեաների միջոցով, որովհետև թեև քարոզը պետք է տարածվեր հեթանոսների մեջ, սակայն դրա տարածումը պետք է լիներ հրեա մարդկանց՝ առաքյալների միջոցով: Այդպես եղավ նաև Կոռնելիուսի պարագայում, քանզի հեթանոսները գնում են առջևից և ոչ թե հետևից: Նույն կերպ էլ եղավ այստեղ, քանզի Նաբուգոդոնոսորը առաջինը տեսավ տեսիլքը, բայց դրա իմաստը առաջինը իմացավ Դանիելը: Տեսնում ես, որ հրեաները և՛ առաջինն են, և՛ վերջինը: Նրանք առաջինն էին, որ շնորհ ստացան, բայց չհասկացան, թե ինչ են ստացել. դա եղավ, որ նրանք հավասարվեն հեթանոսներին: Նույն կերպ էլ այն ժամանակ հավատացյալները մկրտությունից առաջ Հոգուն արժանացան: Եվ Աբրահամի օրոք էլ նախ տրվեց շատ ազգերի վերաբերյալ խոստումը, իսկ հետո՝ թլփատությունը. բայց փրկությունը թլփատության միջոցով է: Այս մասին մարգարեները բազմիցս խոսել են հրեաների հետ, և եթե ձեր ծուլությունը մեծ չլիներ, ապա ես կբացահայտեի որտեղ և երբ: Եվ քանի որ հրեաներն ուշադրություն չդարձրին, ուստի քարոզությունն այնուհետև անցավ հեթանոսներին: Հրեաները, այդպիսի խոսքեր լսելով, արհամարհանք ցուցաբերեցին, իսկ հեթանոսը` խոնարհվեց: Ուշադրություն դարձրո՛ւ, որ սա ներկայացնում է այն, ինչ տեղի է ունեցել Քրիստոսի ժամանակ: Կանանացի կինը երկրպագում է Նրան, իսկ նրանք ոչ միայն չեն անում դա, այլև վանում են նրան: Նույն կերպ էլ եղավ այստեղ. հրեաները շղթաներով կապում են Երեմիային, իսկ հեթանոսները խոնարհվում են Դանիելի առաջ: Բացի այդ՝ հրեաները հալածում են առաքյալներին, իսկ հեթանոսներն ասում են. «Աստվածները մարդկանց կերպարանքով իջան մեզ մոտ» (Գործք. 14:11): Եթե դատավճիռը կայացվում է առանց կողմնակալության, ապա այն անթերի և մաքուր է: Տեսնո՞ւմ ես, թե որքան վառ են պատկերներն այստեղ: Բաբելոնում լսվում է Քրիստոսի մասին ավետիսը, իսկ լսողները բարբարոսներն են, որպեսզի իմանաս, որ ոչ միայն հեթանոսները, այլ նաև բարբարոսները կլսեն այդ մասին, ինչպես Պողոսն է ասում. «Դուք պետք է ավետարանը քարոզեք «և՛ հույներին, և՛ բարբարոսներին» (Հռոմ. 1:14): Եվ որպեսզի չհուսահատվեք, հույս է տրվում: Եվ իսկապես, ինչքա՜ն անբարենպաստ է ամեն ինչ՝ թագավորական հպարտությունը, բարբարոսական բնույթը, խոսողի աննշանությունը (չէ՞ որ նա գերի էր), նրա տարիքը (չէ՞ որ նա երիտասարդ էր), օտար հավատը: Թագավորը չի ասում. «Դու պետք է կանխատեսեիր քո գործերը, քաղաքի գերությունը. այն ժամանակ դու չգիտեիր, բայց հիմա կանխատեսո՞ւմ ես»: Իսկ հակառակ սրան՝ տե՛ս, թե ինչ ասացին հիմարները հաջորդիվ. «Քրիստոսը պետք է Ինքն Իրեն հարություն տար»:
Դանիելի խոսքի թեման Նաբուգոդոնոսորի թագավորության կործանումը և ամբողջ տիեզերքի վախճանն էր: Նաբուգոդոնոսորը հավատում էր, քանզի եթե նա չհավատար, ապա Դանիելին զոհ չէր մատուցի: Նաբուգոդոնոսորը հավատում էր, իսկ ոմանք չէին հավատում դրան: Այդ պատճառով են բազմաթիվ մարգարեություններ տրվել: Եթե այդ մարգարեություններն իրականություն չեն դարձել, ուրեմն մի՛ հավատացեք նաև սրան: Այնուամենայնիվ, խոսքը չխճողելու համար մենք ձեզ կբացատրենք այս մարգարեությունը: Նաբուգոդոնոսորը հինգ նյութ տեսավ՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ և կավ: Ամբողջ պատկերը մատնանշում է ժամանակը և ժամանակի հաջորդականությունը: Դիպուկ ձևով նա դա պատկեր անվանեց, քանի որ մեր բոլոր գործերը նման են պատկերի, անշունչ պատկերի: Եվ լավ է ասված «ոսկու» պատկերով, քանի որ թեև ոսկու նման է շողում, սակայն երկրից է գալիս, այդպես էլ մեր բնությունն ու գործերն են: Եվ տե՛ս, այն վերածվում է «փոշու», ինչպես նախկինում էր (Դան. 2:35): Մինչդեռ քարը չէր կարող դա անել: Քարը կարելի է կոտրել, բայց էությունը փոխել հնարավոր չէ. բայց այստեղ այդպես եղավ (այսինքն` էությունը փոխվեց):
Տեսնում ես հարության խորհուրդը: Իրոք, երբ մեր մարմինները բաժանվում ու վերածվում են տարրերի և վերադառնում են իրենց նախկին բնությանը, այսինքն՝ երկրին, այդ ժամանակ քայքայում է տեղի ունենում: Իսկ այս ամենն անում է քարը: Այսպիսով, երբ պատկերացնում ենք տարբեր նյութերից բաղկացած այս պատկերը, նրա գլուխը փայլուն է, կրծքավանդակը՝ պակաս գեղեցիկ, փորը՝ ավելի պարզ, իսկ ոտքերը նույնիսկ ավելի վատն էին, ապա համարում ենք, որ սա միայն արտաքինի տարբերությունն է, քանի որ դրանք բոլորը նույն բնությունն ունեն, ինչպես ապացուցում է նաև վերջը՝ ամեն ինչ փոշի դարձնելով: Այստեղ պակաս իմաստություն չկա: Այս իմաստությունը կարելի է կիրառել նաև ներկա իրողությունների դեպքում՝ անցնելով այն ժամանակվա միապետից այժմյան իշխողին, ապա՝ կառավարչին, որը հաջորդում է նրան և համապատասխանում է պղնձին, այնուհետև՝ ավելի ցածրերին՝ երկաթին և կավին: Սակայն եթե դամբարան մտնես (թեև նույնիսկ այն կառուցողները հազարավոր ջանքեր են գործադրել ու իրենց համար ոսկե դագաղ են պատրաստել), այնտեղ նույն բնությունը (այսինքն՝ նույն տարրերը) կտեսնես: Դրանից հետո հիշի՛ր այն հարուստ մարդուն, որը բանտարկյալ էր (այսինքն՝ Պողոսին), կամ այն հարուստ մարդուն, որը աղքատացավ ճիշտ կավի պես (այսինքն՝ Հոբին), և կտեսնես, որ ամեն ինչ փոշի է: Բայց ուշադրությո՛ւն դարձրու, որ նախքան քարի ընկնելն ամեն ինչ փոշի դարձավ:
Ա. Լոպուխին
31-36․ «Դու, ո՛վ թագավոր, այսպիսի տեսիլք ունեցար. ահա, մի ինչ-որ մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր, այն իր գերազանց պայծառությամբ կանգնած էր քո առաջ, և նրա տեսքն ահավոր էր»։ [31]«Այդ արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու ձեռքերը՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից»: «Նրա սրունքները երկաթից էին, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից»։ «Մինչ նայում էիր, առանց ձեռքի օգնության մի սարից քար պոկվեց, հարվածեց արձանին, նրա երկաթե և կավե ոտքերին, ու փշրեց դրանք»։ «Այդ ժամանակ ամեն բան միասին փշրվեցին․ երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին ամառվա կալերի մղեղի պես եղան, և քամին քշեց դրանք, ու դրանց հետքը բոլորովին չմնաց։ Իսկ այն քարը, որը փշրեց արձանը, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը»։ «Սա՛ է երազը, ու նաև դրա նշանակությո՛ւնն ասենք թագավորին»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորի հարցի համաձայն (2:26)՝ Դանիելը նախ նկարագրում է երազը, ապա անցնում է դրա բացատրությանը: Դանիելն իր խոսքը կառուցում է որպես պատասխան արքայի այն մտքերին, թե ինչ է տեղի ունենալու իրենից հետո (2:29), այսինքն՝ իր ստեղծած միապետությունը մնալո՞ւ է արդյոք որպես աշխարհի ճակատագրերի տիրակալ, թե տեղը զիջելու է այլ կայսրությունների: Երազը պատմում է չորս երկրային միապետությունների՝ միմյանց հաջորդելու և երկրի վրա Աստծո Թագավորության հաստատման մասին:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Դու, արքա՛յ, ահա թէ ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, եւ նրա կերպարանքն ու տեսքը ահաւոր էր: Այդ արձանը շատ սարսափազդու էր:
(Արարատ թարգ․ 2։31) Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր.
(Գրաբար) Դու ա՛րքայ տեսանէիր. և ահա պատկեր մի մե՛ծ պատկեր. և երեսք նորա և տեսիլ նորա ահագի՛ն յոյժ. և կա՛յր առաջի քո. ահաւո՛ր էր յոյժ պատկերն։
Պատմամշակութային մեկնություն
Կուռքի տեսիլքը: Եգիպտական փարավոն Մերնեպտան (մ.թ.ա. XIII դար) հայտնում է, որ նա երազում տեսել է Պտահ աստծո հսկայական արձանը: Այդպիսով՝ աստված նրան թույլատրել է Լիբիայի դեմ ռազմական գործողություններ սկսել: Աշուրբանիպալի գահակալման ժամանակով թվագրվող մի երազում ինչ–որ մեկը տեսնում է Սին աստծո արձանի պատվանդանի վրա գրված մի գրություն, որը նախանշում էր Բաբելոնում սպասվելիք ապստամբության ձախողումը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: