Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):35

Սուրբ Եփրեմ Ասորի

Միաժամանակ բոլորովին փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին և դարձան ինչպես ամառվա կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնվում դրանց համար: Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը:
   
   «Եվ լցրե՛ք ամբողջ երկիրը»,– ահա թե ինչ է մարգարեն ասում Ավետարանի մասին, որը տարածված է աշխարհի բոլոր մասերում: Ընթերցի՛ր նաև Դան 2:45 համարը։
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Միաժամանակ բոլորովին փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին և դարձան ինչպես ամառվա կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնվում դրանց համար: Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը:
   
   Տե՛ս, թե երբ դա պատահեց. ոչ թե այն ժամանակ, երբ ոսկյա, արծաթյա կամ պղինձե թագավորությունն էր, այլ այն ժամանակ, երբ հայտնվեց երկաթյա թագավորությունը: «Այդ ժամանակ,– ասում է,– «պոկվեց լեռից»: «Լեռից» ասելով՝ նկատի ունի բարձրությունը: Բայց թագավորի առաջ նա ցույց տվեց, որ երազը վերաբերում է մարդկային գործերին: «Քարը,– ասում է նա,– լեռից պոկվեց»: Մատնանշում է առանց հարկադրանքի եղած ազատ գործողությունները։ Նա չի ասում՝ «նետվեց», այլ ասում է «լեռից պոկվեց»։ Միևնույն ժամանակ մատնանշում է անսպասելիությունը, և այն, որ  ոչ ոք չգիտեր դա: «Առանց ձեռքերի օգնության պոկվեց լեռից» (Դան. 2:45): Ցույց է տալիս Քրիստոսի մարմնով ծնվելը։ Երբեմն Սուրբ Գիրքը նաև կանանց է լեռ անվանում, երբ օրինակ ասում է. «Նայեցե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք» (Ես. 51:1)։ Նաև Քրիստոս է ամրության հետևանքով Վեմ անվանվում. «Իսկ ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18): «Ինչպես ամառվա կալի փոշի»,  այստեղ մատնանշվում է անկայունությունը։ «Սաստիկ քամին քշեց դրանք, ու դրանցից հետք չմնաց»։ Թագավորություններն այնպես են կործանվում, որ թվում է, թե դրանք գոյություն չեն ունեցել։ «Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը», քանզի առաքելական քարոզությունը լցրեց ամբողջ երկիրը։ Այսպիսով՝ այդ քարը երբեմն լեռ, երբեմն անկյունաքար, իսկ երբեմն էլ հիմք է կոչվում, որպեսզի դու իմանաս, որ այն լցնում է ամեն ինչ։ Լեռ է կոչվում, քանի որ այն պարունակում է ամեն ինչ, անկյունաքար, քանի որ ամեն ինչ կանգնած է դրա վրա։ Այն կոչվում է նաև խաղողի արմատ և հիմք, քանզի Տերն ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հով. 15:5):
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ ամեն բան միասին փշրվեցին․ երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին ամառվա կալերի մղեղի պես եղան, և քամին քշեց դրանք, ու դրանց հետքը բոլորովին չմնաց։ Իսկ այն քարը, որը փշրեց արձանը, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը»։ (Սինոդական թարգ․) [35]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):31
--------------------------------
[35] (Էջմիածին թարգ․) Միաժամանակ բոլորովին փշրուեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին եւ դարձան ինչպէս ամառուայ կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնւում դրանց համար: Իսկ այն քարը, որ հարուածեց արձանին, դարձաւ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը:
(Արարատ թարգ․ 2։35) Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։
(Գրաբար) Յայնժամ առ հասարակ մանրեցան՝ խեցին և երկաթ, պղինձն և արծաթ՝ և ոսկին, և եղեն իբրև զփոշի՛ կալոյ ամարայնոյ. և ա՛ռ զնոսա սաստկութիւն հողմոյ. և տեղի ո՛չ գտանէր նոցա։ Եւ վէմն որ եհար զպատկերն՝ եղև լեառն մեծ, և ելից զամենայն երկիր։