Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):44

Սուրբ Եփրեմ Ասորի

Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու: Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան:
   
   Այս թագավորությունը չի տրվելու հրեա ժողովրդին: Թեև այն խորհրդավոր կերպով նախասահմանվել էր մակաբայեցիների համար, որոնք վերացրին հույների թագավորությունը (ավելի ճիշտ կլինի ասել` տիրապետությունը). բայց իրականում այս մարգարեությունը կատարվեց մեր Տիրոջ մեջ:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու: Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան:
   
   Հրեաներին ի՛նձ մոտ բեր: Ի՞նչ կասեն նրանք այս մարգարեության մասին: Իհարկե, մարդկային թագավորության մասին չի կարելի ասել, որ այն կարող է հավիտենական լինել: Միևնույն ժամանակ պետք է լինի այնպիսի մի թագավորություն, որի մասին սա ասվել է: Եթե ​​ ասես, որ այստեղ խոսվում է Հայր Աստծո մասին, ապա լսի՛ր, թե ինչ է ասում. «Այդ թագավորությունների օրոք», այսինքն՝  հռոմեացիների:
   

Ա. Լոպուխին

44-45․ «Եվ այդ թագավորությունների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և այդ թագավորությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այդ բոլոր թագավորությունները, բայց ինքը կմնա հավիտյան»։ [44] Ինչպես որ դու տեսար, որ քարն առանց ձեռք դիպչելու պոկվեց սարից և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու։ Եվ երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։ (Սինոդական թարգ․)
   
   Չորրորդ միապետության գոյության շրջանում է տեղի ունենում (քարը հարվածում է արձանի ոտքերին) նոր թագավորության հայտնվելը, որը ներկայացված է քարի պատկերի ներքո: Ծագումով աստվածային («Երկնքի Աստվածը մի թագավորություն պիտի բարձրացնի»), հավիտենական («հավիտյան չի կործանվելու»), ինքնին անխորտակելի, երկրային թագավորությունների նկատմամբ կործանարար (Դան. 2:35) թագավորությունն աստիճանաբար կվերածվի համատիեզերական թագավորության («Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը» (Դան. 2:35): Այս բոլոր նշանները մատնանշում են երկնավոր Աստծու հիմնադրած մեսիական թագավորությունը, որը հայտնվում է Հռոմեական կայսրության շրջանում, իր բարձրագույն հոգևոր–բարոյական զորությամբ ջախջախում է հեթանոսական աշխարհի բիրտ ուժը և ամբողջ երկիրը լցնում է իրենով: Հին Կտակարանի եկեղեցու լեռան պատկերի ներքո ներկայացման համապատասխանությամբ (Ես. 2:2–3, Միք. 4:2) իր հայտնվելու ժամանակ փոքր չափեր ունեցող մեսիական թագավորությունը պատկերվում է քարի տեսքով: Այն պոկվում է լեռից (Դան. 2:34), քանզի Նոր Կտակարանի եկեղեցին առաջացավ Հին Կտակարանի հիմքի վրա: Այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ, հիմնվելով Ես. 8:14, 28:16, Մատթ. 21:42 Մարկ. 12:10, Ղուկ. 20:17, Գործք. 4:11, Ա Պետ. 2:4, Հռոմ. 9:32 համարների վրա, «քար»–ի ներքո հասկանում են Մեսիային, իսկ «լեռան» ներքո՝ Կույս Մարիամին («Առանց ձեռք դիպչելու Քեզանից` լեռիցդ, ո՛վ Կույս և անկյունաքար, քար պոկվեց»): Այս ըմբռնման համաձայն՝ մեսիական թագավորությունը, առաջին միապետության նմանողությամբ,  անձնավորվում է՝  նույնանալով  իր հիմնադրի հետ:

   Ի՞նչ են նշանակում «այդ թագավորությունը ուրիշ ազգի չի տրվելու» խոսքերը (Դան. 2:44):  Նայի՛ր, Դարեհի և մակեդոնացիների օրոք եղած անցյալին: Ո՞ւմ համար է դա եղել: Հրեաների համար: Ուստի  ասում են, որ նաև Ալեքսանդրն է խոնարհվել տաճարի առաջ, երբ տեսել է Դանիելի գիրքը, նաև հեթանոսներն են զարմացել նրա ունեցած մարգարեական զորության վրա: Ոչ ոք այս մասին չի խոսել, բացառությամբ այս մի մարգարեի:
--------------------------------
[44] (Էջմիածին թարգ․) Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու: Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան:
(Արարատ թարգ․ 2։44) Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։
(Գրաբար) Եւ յաւուրս թագաւորացն այնոցիկ յարուսցէ Աստուած երկնից թագաւորութիւն՝ որ յաւիտեանս ո՛չ եղծանիցի. և թագաւորութիւն նորա ազգի այլում ո՛չ մնասցէ. մանրեսցէ և հոսեսցէ՛ զամենայն թագաւորութիւնս, և ինքն կացցէ՛ յաւիտեանս։