Երեմիայի մարգարեության մեկնություն 31:20

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան: Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան», - ասում է Տէրը:
    
    Մենք և՛ հոգու, և՛ մարմնի տարիքը չափում ենք ըստ ժամանակի հաշվարկի, սակայն առաքինության ուժով չափելու դեպքում հասուն մարդ կարելի է անվանել այնպիսի մեկին, ով զերծ է մանկության պատրանքներից և իր հոգու հասունության շնորհիվ չի ենթարկվում երիտասարդությանը բնորոշ գայթակղություններին, իսկ երեխա կարելի է անվանել այնպիսի  մեկին, ով դեռ առաջընթաց չի ունեցել առաքինության մեջ։ Ուստի Երեմիա մարգարեի գրքում Տերը, խղճալով իր մեղքերը սգացող և ներողություն խնդրող Եփրեմին, ասում է. «Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը»։ Եթե ​​նա փայփայված ու երես տալով փչացված պատանի չլիներ, ապա երբեք չէր մեղանչի: Երկուսն էլ շատ տեղին են ասված. և՛ պատանին, և՛ փայփայվածը, քանի որ կա մի պատանի, ով չի մեղանչում. «Ահա՛ իմ որդին, որին ես ընտրեցի  (Ես. 43:10): Քանի որ փայփայված էր, մեղք գործեց. Նա, ում Տերը ստեղծել էր մեղքին անտեղյակ: Եթե ​​նա սիրելի պատանի չլիներ և հասներ հասուն մարդու տարիքին, ապա երբեք չէր սայթաքի և ստիպված չէր լինի իր մեղքերի համար ներում խնդրել այն ժամանակ, երբ պետք է իր վաստակի համար վարձատրություն խնդրեր: Ինձ թվում է, որ մեր Տերը սա է նկատի ունեցել Ավետարանում, երբ ասել է. «Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք»  (Մատթ. 18:10)։
 

Ա. Լոպուխին

««Մի՞թե Եփրեմն Ինձ համար պատվական որդի չէ կամ մի՞թե սիրելի զավակ չէ, որովհետև հենց որ խոսում եմ նրա մասին, միշտ սիրով եմ հիշում նրան. Իմ ներսը տակնուվրա է լինում նրա համար. պիտի ողորմեմ նրան», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [20]

    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան: Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) «Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ թէ որդի սիրելի իցէ իմ Եփրեմ մանուկ գրգանաց, փոխանակ զի բանք իմ են ի նմա. յիշելով յիշեցից զնա միւսանգամ. վասն այնորիկ փութացայ յաղագս նորա. ողորմելով ողորմեցայց նմա՝ ասէ Տէր։