Ա. Լոպուխին
1-13. «Եվ Սափատիան՝ Մատթանի որդին, ու Գոդողիան՝ Փասուրի որդին, և Յուքաղը՝ Սեղեմիայի որդին, ու Փասուրը՝ Մեղքիայի որդին, լսեցին այն խոսքերը, որոնք Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին՝ ասելով»: [1] «Այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, պիտի մեռնի սրից, սովից և ժանտախտից. իսկ ով որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և նրա հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա ողջ պիտի մնա»»։ «Այսպես է ասում Տերը. «Այս քաղաքն անպատճառ պիտի մատնվի Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, և նա պիտի գրավի այն»»։ «Այդ ժամանակ իշխաններն ասացին թագավորին. «Թող այս մարդը մատնվի մահվան, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով. որովհետև այս մարդը չի ցանկանում այս ժողովրդի բարօրությունը, այլ նրա չարիքը»»։ «Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա, նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ որևէ բան չի կարող անել»»։ «Այդ ժամանակ վերցրին Երեմիային և նրան գցեցին Մեղքիայի՝ թագավորի որդու գուբը, որը պահակախմբի գավթում էր, և Երեմիային իջեցրին պարաններով. այդ գբի մեջ ջուր չկար, այլ միայն տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ»։ «Եվ Աբդիմելեք եթովպացին՝ ներքինիներից մեկը, որը թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. իսկ թագավորն այդ ժամանակ նստել էր Բենիամինի դարպասի մոտ»։ «Եվ Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և ասաց թագավորին»: «Տե՛ր իմ թագավոր, վատ բան արեցին այս մարդիկ՝ այդպես վարվելով Երեմիա մարգարեի հետ, որին գցեցին գուբը. նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև այլևս հաց չկա քաղաքում»։ «Թագավորը հրաման տվեց Աբդիմելեքին եթովպացուն ՝ ասելով. «Այստեղից քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ և Երեմիա մարգարեին հանի՛ր այն գբից, քանի դեռ նա չի մեռել»։ «Աբդիմելեքը մարդկանց վերցրեց իր հետ և գնաց թագավորի տունը՝ պահեստի տակը, և այնտեղից հին, անպիտան լաթեր ու հին, անպիտան շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ»։«Եվ Աբդիմելեք եթովպացին ասաց Երեմիային. «Այդ հին, մաշված լաթերն ու շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց»։ «Եվ Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից. և Երեմիան մնաց պահակախմբի գավթում»։ (Սինոդական թարգմ.)
1–13–րդ համարներում Երեմիայի կյանքի փորձն է: Իսկ 14–28–րդ համարներում Երեմիայի գաղտնի զրույցն է Սեդեկիա թագավորի հետ:
Չնայած Երեմիան թագավորի կողմից որոշակի բարեհաճության արժանացավ (Երեմիա, գլուխ 31), այնուամենայնիվ, նրա թշնամիները չննջեցին և սկսեցին թագավորին ներշնչել, որ իր կանխատեսումներով Երուսաղեմի պաշտպաններից ամբողջ քաջությունը խլող մարգարեն արժանի է մահվան: Թուլակամ թագավորը Երեմիային հանձնեց նրանց, և նրանք մարգարեին գուբը նետեցին, որտեղ նա կարող էր սովից մահանալ: Այնուամենայնիվ, թագավորի ծառաներից մեկը եղավ (այդ մարդը Աբդիմելեք ներքինի էր), ով կարողացավ համոզել թագավորին Երեմիային սովից փրկելու անհրաժեշտության հարցում, և Երեմիային հանեցին գբից ու կրկին թագավորական արքունիքում բանտարկեցին:
Երեմիան, հավանաբար, թագավորական արքունիքում նստած, զրուցում էր թագավորի մոտ եկող մարդկանց հետ:
Յուքարը 3–րդ համարում հիշատակվող նույն Յուքաղն է:
Պասքորի մասին տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Երեմիա 20:1–րդ համարի մեկնաբանությունը:
-------------------
[1](Էջմիածին թարգմ.) Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝
(Արարատ թարգմ.) Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ լուաւ Սափատիա որդի Մատթանայ, եւ Գոդողիա որդի Պասքովրայ, եւ Յովաքազ որդի Սելեմիայ, եւ Պասքովր որդի Մելքեայ, զբանս Երեմիայի՝ զոր խաւսէր առ ամենայն ժողովուրդն՝ եւ ասէր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: