Երեմիայի մարգարեության մեկնություն 39:1

Ա. Լոպուխին

1–14. «Սեդեկիայի՝ Հուդայի թագավորի իններորդ տարում, տասներորդ ամսին Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, իր ամբողջ զորքով շարժվեց Երուսաղեմի դեմ և պաշարեց այն»։ [1] «Իսկ Սեդեկիայի տասնմեկերորդ տարում, չորրորդ ամսին, ամսվա իններորդ օրը, քաղաքը գրավվեց»։ «Եվ այնտեղ մտան Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորներն ու նստեցին միջին դարպասների մոտ՝ Ներգալ-Սարեսերը, Սամարգ-Նեբավը, Սարսեքիմը՝ ներքինիների գլխավորը, Ներգալ-Սարեսերը՝ մոգերի գլխավորը, և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանավորները»։ «Երբ Սեդեկիան՝ Հուդայի թագավորը, և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և գիշերը դուրս եկան քաղաքից թագավորի պարտեզի միջով՝ երկու պարիսպների միջի դարպասով, և գնացին հարթավայրի ճանապարհով»։ «Բայց քաղդեացիների զորքերը հետապնդեցին նրանց. և հասան Սեդեկիային Երիքովի հարթավայրերում. և բռնեցին նրան ու տարան Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի մոտ, Ռեբղա՝ Եմաթի երկիր, որտեղ նա վճիռ արձակեց նրա դեմ»։ «Եվ Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքերի առաջ Ռիբլայում մորթեց նրա որդիներին, և Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց Բաբելոնի թագավորը»: «Իսկ Սեդեկիայի աչքերը հանեց ու նրան կապեց շղթաներով, որպեսզի նրան տանի Բաբելոն»։ «Թագավորի տունն ու ժողովրդի տները քաղդեացիներն այրեցին կրակով և քանդեցին Երուսաղեմի պարիսպները»։ «Իսկ քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան՝ թիկնապահապետը, գերեվարեց Բաբելոն»։ «Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովրդին թողեց Հուդայի երկրում ու ապա նաև նրանց տվեց խաղողի այգիներ ու արտեր»։ «Իսկ Երեմիայի մասին Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, այսպիսի հրաման տվեց Նաբուզարադան թիկնապահապետին»: «Վերցրո՛ւ նրան և ուշադի՛ր եղիր նրան, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա կասի քեզ»։ «Եվ Նաբուզարադան թիկնապահապետն ու Նաբուսազաբանը՝ ներքինիների պետը, և Ներգալ-Սարեսերը՝ մոգերի գլխավորը, և Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները»: «Մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին պահակախմբի գավթից ու նրան հանձնեցին Գոդողիային՝ Սափանի որդի Աքիկամի որդուն, որպեսզի նրան տանի տուն։ Եվ նա մնաց ապրելու ժողովրդի մեջ»։ (Սինոդական թարգմ.)
     
      Սեդեկիայի թագավորության տասնմեկերորդ տարում Երուսաղեմը գրավվեց Նաբուգոդոնոսորի կողմից. Սեդեկիային բռնեցին քաղաքից փախչելու ժամանակ և աչքերը հանեցին, բայց նախքան դա նրան ստիպեցին տեսնել իր որդիների մահապատիժը. գրեթե բոլոր հրեաները, բացառությամբ աղքատները, տեղափոխվեցին Բաբելոն: Երեմիան իր համար շահեց Բաբելոնի թագավորի բարեհաճությունը, և վերջինս էլ նրան ազատություն շնորհեց:

-------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Իսկ Երուսաղէմը գրաւուելու ժամանակ, Յուդայի երկրի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքը իր ամբողջ զօրքով եկաւ հասաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն:
(Արարատ թարգմ.) Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։
(Գրաբար) Յամին իններորդի Սեդեկիա արքայի Յուդայ՝ յամսեանն տասներորդի. եկն եհաս Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց, ինքն եւ ամենայն զաւրք իւր յԵրուսաղէմ, եւ պաշարեցին զնա։