Սուրբ Հովհան Ոսկեբերան
Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով»:
«Ենոն»–ը Տաֆնայի մոտակայքում գտնվող քաղաքի անունն է: Հավանաբար հունարեն կոչվել է «Հելիոպոլիս», իսկ եգիպտերեն՝ «Ենոն»:
Սուրբ Եփրեմ Ասորի
Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով»:
Արևոտ քաղաքը եգիպտական Հելիոպոլիսն էր: Այստեղ հատկապես շատ էին դևերին ծառայություն մատուցում և ունայն կուռքերին երկրպագում: Այնտեղ զարմանալի չափի բարձրություն ունեցող սյուներ կային. յուրաքանչյուրի բարձրությունը հասնում էր վաթսուն լակտիայի (լակտիան չափման միավոր է, որը հավասար է արմունկից մինչև միջին մատի վերջը եղած տարածությանը): Սյուների վերին մասում գտնվող խոյակները փայլուն պղնձից էին, որոնք կշռում էին մինչև հազար լիտր կամ ավելի (լիտրը չափման միավոր է, որը հավասար է ֆունտին): Այս սյուների վրա մարդկանց ու կենդանիների նմանվող պատկերներ կային (այս պատկերները երկրպագվում էին հեթանոսների կողմից): Սյուների վրա նաև հեթանոսական խորհուրդների կատարման սուրբ գրություններ կային: Այս սյուների մասին գրված է, որ Տերը կոչնչացնի դրանք, թեև իրականում Տերը չի ջախջախել և չի տապալել դրանք, սակայն այս սյուների վրա պատկերված դևերի և կուռքերի երկրպագությունը տապալվել, ոչնչացվել և դադարեցվել է՝ մարդանալով աշխարհում հայտնված Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: Սա հատկապես կանխատեսում է Եսային, երբ ասում է. «Ահավասիկ Տերը՝ բազմած թեթևասահ ամպերի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն» (Եսայի. 19:1): Ամպը, որի վրա նստած էր Տերը, մեզ պատկերում է Աստծուն աշխարհ բերած Մարիամ Աստվածածնին, և Տիրոջ ավետարանի քարոզչության կենդանի և հստակ խոսքը, Քրիստոսի սուրբ անունը, որը ամենուր տանում էին առաքյալները, այս աստվածային քարոզիչները: Նրանց վրա, ինչպես թեթև ամպի վրա, Տերը նստեց, և քարոզվեց երկրի բոլոր ծայրերում: Նույնիսկ ամպերի ներքո խորհրդավոր կերպով հասկացվում են նաև սուրբ մարգարեները, ինչպես Եսայու մոտ խաղողի այգու տեսքով ներկայացված Իսրայելի ժողովրդի մասին, Աստված ասում է. «Կկործանեմ նրա պարիսպները և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգում» (Ես. 5:5–6): Նույն կերպ էլ այստեղ մարգարեներն են ամպեր կոչվում, ովքեր, որպես երկնային անձրև, տեղացել են մեզ համար:
Ա. Լոպուխին
«Եվ պիտի ավերի Բեթսամյուսի արձանները, որոնք գտնվում են Եգիպտոսի երկրում, և Եգիպտոսի աստվածների տաճարները պիտի այրի կրակով»։ (Սինոդական թարգմ.) [13]
«Բեթսամիս»–ը, ի տարբերություն պաղեստինյան համանուն քաղաքի, այստեղ կոչվում է եգիպտական: Սա կա՛մ Օն, կա՛մ Հելիոպոլիս (արևի քաղաք) քաղաքն է, որը Ստորին Եգիպտոսում էր և հայտնի էր արևին նվիրված տաճարով և բարձր սյուներով (ռուսերենում այս բառի իմաստը հստակ չէ, կարելի է թարգմանել «արձաններ»): Վերջիններիս մեջ հատկապես հայտնի են «Կլեոպատրայի ասեղները», որոնցից մեկն այժմ Ալեքսանդրիայում է, իսկ մյուսը՝ Լոնդոնում: Դրա գտնվելու վայրում մինչ օրս էլ մի հնագույն կոթող է կանգնած: Ինչ վերաբերում է այս մարգարեության կատարմանը, ապա գիտնական քննադատները երկար ժամանակ պնդում էին, որ Նաբուգոդոնոսորը Եգիպտոս չի արշավել: Սակայն վերջին ժամանակներում բավարար տվյալներ են հայտնաբերվել, որոնք ասում են, որ իրականում այդպիսի արշավանք տեղի է ունեցել:
1) Օֆրա փարավոնի իշխանության տակ ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի (ըստ մեր տեքստի այդ մարդու անունը Վաֆրի է) թողած եգիպտական արձանագրությունը հաղորդում է «սիրիացիների, հյուսիսային ժողովրդի, ասիացիների» Վերին Եգիպտոսի վրա կատարած հարձակման մասին, որտեղ նրանք, հասնելով Սիենա (Էլեֆանտին), ավերեցին Խնումի տաճարը, բայց ջրվեժների մոտ գտնվող անցուղիները փարավոնը պահեց իր հսկողության տակ: Ինչ վերաբերում է Եզեկիել մարգարեին (Եզեկ. 29:17), ապա սա ապագայի խնդիր է (որը առնչվում է մ.թ.ա. 573–572 թվականներին), իսկ Օֆրան թագավորել է մինչև մ.թ.ա. 572–571 թթ., ուստի սա նշանակում է, որ վերոհիշյալ հարձակումը կարող էր տեղի ունեցած լինել միայն մոտ մ.թ.ա. 572 թվականին:
2) Բաբելոնյան մի արձանագրության մեջ, որը նույնպես վերջերս է հայտնի դարձել, Նաբուգոդոնոսորը ինքն է հայտարարում, որ իր թագավորության 37–րդ տարում (մ.թ.ա. 568 թ.) նա արշավել է Եգիպտոս, ջախջախել է (Ամա)–սու թագավորին, այսինքն՝ Ամազիսին և հարուստ ավար է ձեռք բերել: Անհավանական է, որ նա Եգիպտոս արշաված լինի նախքան մ.թ.ա. 572 թվականը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:8
-------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով»:
(Արարատ թարգմ.) Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"»։
(Գրաբար) եւ խորտակեսցէ զսիւնս Արեգ քաղաքի, որ է յերկրիդ Եգիպտացւոց, եւ զմեհեանս դից նոցա այրեսցէ հրով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: