Երեմիայի մարգարեության մեկնություն 49։19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից: Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի իմ առջեւ»:
   
    «Եթեմմա» բառը պետք է կարդալ եբրայերեն տեքստի նմանությամբ: Ըստ այդմ այս բառը  նշանակում է  «ուժեղ»: Նա ցանկանում է ասել, որ առյուծի պես բարձրացած բարբարոսը կկործանի երկիրը: Իսկ Հորդանանի մասին հիշում է, քանի որ այդ կենդանիները հատկապես այնտեղ են հայտնվում և սարսափելի են լինում:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

19–20. Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից: Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի իմ առջեւ»: Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդոմայեցիների մասին, եւ նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Միթէ չե՞ն խփում հօտի վերջին ոչխարներին, որ գնան, կանգնած չմնան, եւ հօտը չցրուի:
   
    «Առյուծ»–ը Նաբուգոդոնոսոր հզոր թագավորն է, որը, Հորդանանի երկու կողմերում ամրացված քաղաքները նվաճելով, գնալու է եդոմացիների երկիրը:
    Ինձ նմանը չկա, և ոչ ոք չի կարող առարկել, որ ես անարդար բան եմ մտածել և գործել Եդոմի և Թեմանի բնակիչների հանդեպ: «Նրանց հանձնելու եմ հոտերից փոքրերի ձեռքը», այսինքն՝ Բաբելոնի ամենաթույլ մարտիկների ձեռքը, որպեսզի նրանց տեղափոխեն Բաբելոն: «Եվ նրանց բնակավայրերը ցրված կլինեն նրանց վրա», այսինքն՝ Սեիրի բնակիչների մի մասը մահապատժի կենթարկվեն, մյուսները կգերեվարվեն, իսկ լեռները կվերածվեն անմարդաբնակ անապատի:
   

  Ա. Լոպուխին

«Ահա, նա առյուծի պես պիտի բարձրանա Հորդանանի բարձունքներից դեպի ամրացված բնակավայրերը. բայց Ես պիտի ստիպեմ նրանց ակնթարթորեն փախչել Իդումեայից, և ով ընտրված է, նրան պիտի կարգեմ նրա վրա: Որովհետև ո՞վ է Ինձ նման, և ո՞վ պիտի պատասխան պահանջի Ինձնից, և ո՞ր հովիվը պիտի հակառակվի Ինձ»։ (Սինոդական թարգմ.) [19]
   
    «Նա»–ն այստեղ, իհարկե, Բաբելոնի թագավորն է:
«Հորդանանի բարձրությունից եկած առյուծի պես», ավելի ստույգ պետք է թարգմանել՝ «Հորդանանի բարձր թավուտներից եկած առյուծի պես»  (Երեմ. 12:5):
    «Ամրացված բնակավայրերի վրա», այսինքն՝ Եդոմի քաղաքների վրա:
«Բայց ես կստիպեմ...», ավելի ստույգ պետք է թարգմանել՝ «Իրականում, ես նրանց (եդոմացիներին) կստիպեմ հապճեպ հեռանալ...» և այլն:
«Հովիվ»–ը՝ թագավորը, առաջնորդն է:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7

-------------------------------------

[19](Էջմիածին թարգմ.) Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից: Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի իմ առջեւ»:
(Արարատ թարգմ.) Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը. ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։
(Գրաբար) Ահաւասիկ իբրեւ զառեւծ ելցէ ի միջոյ Յորդանանու ի տեղին Եթեմմա. զի վաղվաղակի հալածական արարից զնոսա ի նմանէ. եւ ո՞վ է ընտրեալ ի նմա, եւ այց արարից նմա, կամ ո՞վ ընդդէմ դառնայցէ ինձ. կամ ո՞վ իցէ այն հովիւ որ ընդդէմ կայցէ երեսաց իմոց։