Երեմիայի մարգարեության մեկնություն 49։7

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Այլեւս իմաստութիւն չկայ Թեմանում, հանճարեղները խելակորոյս եղան. գնաց նրա իմաստութիւնը, ծաղրի առարկայ դարձաւ նրա երկիրը:
   
    Եսավը, որին նաև Սեիր և Եդովմ էին անվանում, եդոմացիների նախահայրն էր: Նա թողել էր իր երկիրը և շարժվել էր դեպի Քանանի երկրի և Եգիպտոսի միջև ընկած լեռները: Երբ Սեիրում Նրա որդիները բազմացան, այնտեղից վտարեցին քոռացիների երկրի հին բնակիչներին, տիրացան նրանց հողերին, իսկ ժողովուրդն ու լեռը անվանեցին Եդոմ: Երեմիան կանչում է այդ երկրի բնակիչներին և նրանց համար ապագա գերություն է կանխատեսում ճիշտ այնպես, ինչպես նմանատիպ գերություն կանխատեսել էր նրանց հարևանների՝ ամմոնացիների և մովաբացիների համար, և այս գերության մասին ասում է, որ դրանից ոչ մի մարդ չի փրկվի: Ուստի, որպես իր խոսքի հաստատում՝ ասում է. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում»: Իհարկե, նա իմաստություն ունի, բայց նույնիսկ իմաստունների իմաստությունը Տիրոջը հակառակ չի կանգնի: Եվ երբ Տերը մերժի  Թեմանին, կխլի այնտեղ ապրող իմաստունների խորհուրդները, և նրանք փրկության ուղին չեն գտնի:
   

 Ա. Լոպուխին

7-22. «Եդովմի մասին այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, մի՞թե խելամիտներից կորավ խորհուրդը, մի՞թե անհետացել է նրանց իմաստությունը»»։ [7] «Փախո՛ւստի դիմեք` մեջքով դառնալով, թաքնվե´ք քարանձավներում, Դեդանի´ բնակիչներ, որովհետև Ես Եսավի կործանումը պիտի բերեմ նրա վրա Իմ այցելության ժամանակ»։ «Եթե խաղող հավաքողները քեզ մոտ գային, ապա հաստատապես թողնելու էին մի քանի չհավաքված ողկույզներ: Եվ եթե գողեր գային գիշերով, ապա նրանք հափշտակելու էին, որքան իրենց պետք լիներ»։ «Սակայն Ես ամբողջովին մերկացնելու եմ Եսավին, բացահայտելու եմ նրա թաքնվելու վայրերը, և նա չի կարող թաքնվել: Պիտի կործանվի նրա սերունդը, և նրա եղբայրներն ու նրա հարևանները. և նա չպիտի լինի»։ «Թո՛ղ քո որբերին, Ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ապավինեն Ինձ»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա և նրանք, ում վիճակված չէր խմել բաժակը, անպատճառ պետք է խմեն այն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս: Ոչ, դու անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես բաժակը»»։ «Որովհետև Ինձնով եմ երդվում, - ասում է Տերը, - որ սարսափ, ծաղրանք, ավերակ ու նզովք պիտի դառնա Բոսորը, և նրա բոլոր քաղաքները պիտի դառնան հավիտենական անապատներ»։ «Ես պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և մի դեսպան ուղարկվեց ժողովուրդների մոտ` ասելու. «Հավաքվե՛ք և գնացե՛ք նրա դեմ, ու ելե՛ք պատերազմի»»։ «Որովհետև ահա, Ես քեզ փոքր պիտի դարձնեմ կդարձնեմ մեջ, անարգված` մարդկանց մեջ»։ ««Քո ահավորությունը և քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, որ բնակվում ես ժայռերի ճեղքերում և զբաղեցնում ես բլուրների գագաթները: Բայց թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ», - ասում է Տերը»։ «Եվ Եդովմը սարսափ պիտի լինի. նրա մոտով բոլոր անցնողները պիտի զարմանան և պիտի սուլեն` նայելով նրա բոլոր վերքերին»։ «Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը, - ասում է Տերը, - այնտեղ ևս ոչ մի մարդ չի ապրի, և մարդու որդին չի բնակվի այնտեղ»։ «Ահա, նա առյուծի պես պիտի բարձրանա Հորդանանի բարձունքներից դեպի ամրացված բնակավայրերը. բայց Ես պիտի ստիպեմ նրանց ակնթարթորեն փախչել Իդումեայից, և ով ընտրված է, նրան պիտի կարգեմ նրա վրա: Որովհետև ո՞վ է Ինձ նման, և ո՞վ պիտի պատասխան պահանջի Ինձնից, և ո՞ր հովիվը պիտի հակառակվի Ինձ»։ «Ուրեմն լսե՛ք Տիրոջ որոշումը, որը Նա սահմանել է Եդովմի վերաբերյալ, և նրա մտադրությունները, որոնք Նա ունի Թեմանի բնակիչների առնչությամբ. իսկապես, հոտերից ամենափոքրերը պիտի քշեն նրանց և պիտի ամայացնեն նրանց բնակավայրերը»։ «Նրանց անկումի աղմուկից երկիրը պիտի դողա, և նրանց աղաղակի արձագանքը պիտի լսվի մինչև Կարմիր ծովը»։ «Ահա, նա արծվի նման կբարձրանա ու կթռչի և իր թևերը կտարածի Բոսորի վրա. և քաջ եդովմացիների սիրտն այդ օրը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։ (Սինոդական թարգմ.)
   
    Եդոմացիները, չնայած այն բանին, որ նրանց մեջ փառահեղ իմաստուններ կային, ոչնչացումից չեն խուսափի, քանզի նրանց սպառնում է Սոդոմի ու Գոմորի ճակատագիրը:
«Եդոմ»–ի մասին ընթերցի՛ր նաև Եսայի, 21:11 համարի մեկնաբանությունը: Եդոմի մասին Երեմիայի մարգարեությունը հաճախ բառացիորեն կրկնում է այս ժողովրդի մասին Աբդիուի մարգարեությունը: Օրինակ` 7–ը կրկնում է Աբդ. 1:8 համարը, Եր. 49:9–ը` Աբդ. 1:5–ը, Եր. 49:14–ը` Աբդ. 1:1–ը, Եր. 49:15–ը`Աբդ. 1:2–ը, Եր. 49:16–ը` Աբդ. 1:3–ը:
    Եդոմի շրջանում գտնվող «Թեմանի բնակիչները» հայտնի էին իրենց իմաստությամբ  (Հոբ 2:11): Բայց նրանց իմաստությունը կարծես ամբողջովին անհետացավ՝ հաշվի առնելով իրենց երկրին սպառնացող վտանգը:

------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Այլեւս իմաստութիւն չկայ Թեմանում, հանճարեղները խելակորոյս եղան. գնաց նրա իմաստութիւնը, ծաղրի առարկայ դարձաւ նրա երկիրը:
(Արարատ թարգմ.) Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։
(Գրաբար) Ի վերայ Եդովմայ։ Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Ոչ եւս գոյ իմաստութիւն ի Թեման. կորեաւ խորհուրդ ի հանճարեղաց. գնաց իմաստութիւն նորա։