Երեմիայի մարգարեության մեկնություն 51։1

  Ա. Լոպուխին

1-64. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես պիտի բարձրացնեմ Բաբելոնի դեմ և նրա մեջ բնակվողների դեմ Իմ հակառակորդներին»»։ [1] «Եվ Բաբելոնի դեմ հաղթանակողներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան ու պիտի դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրը նրա վրա պիտի հարձակվեն բոլոր կողմերից»։ «Թող աղեղնավորն իր աղեղը լարի աղեղ լարողի դեմ և իր զրահով պարծեցողի դեմ. և մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը»։ «Սպանվածները թող ընկնեն Քաղդեացիների երկրում, և վիրավորվածները` նրա ճանապարհներին»։ «Որովհետև Իսրայելն ու Հուդան այրի չեն թողնվել իրենց Աստծուց՝ Զորությունների Տիրոջից. չնայած նրանց երկիրը լի է հանցանքներով` Իսրայելի Սրբի դեմ»։ «Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող փրկի իր հոգին, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև սա վրեժխնդրության ժամանակն է Տիրոջ համար, Նա Ինքն է հատուցելու նրան»։ «Բաբելոնը ոսկե բաժակ էր Տիրոջ ձեռքին, որն արբեցնում էր ամբողջ երկիրը. ժողովուրդները խմեցին նրա գինուց և խենթացան»։ «Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար. գուցե թե նա բժշկվի»։ «Մենք դարմանեցինք Բաբելոնին, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս գնա´նք մեր երկիրը, որովհետև նրա վերաբերյալ դատաստանը հասավ երկնքին և բարձրացավ մինչև ամպերը»։ «Տերը լույս աշխարհ բերեց մեր արդարությունը. գնա´նք և Սիոնում հռչակե´նք մեր Տեր Աստծո գործը»։ «Սրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց Մարաստանի թագավորների հոգին, որովհետև Նա մտադրված է Բաբելոնի դեմ, որպեսզի կործանի նրան, որովհետև դա Տիրոջ վրեժխնդրությունն է, վրեժխնդրությունը` Իր տաճարի համար»։ «Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև, ինչպես որ Տերը նախատեսել է, այդպես էլ անելու է այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին»։ «Օ, դո´ւ, որ բնակվում ես շատ ջրերի վրա և հարուստ ես գանձերով. եկել է քո վերջը, քո ագահության չափն [անցավ]»։ «Զորությունների Տերը երդվել է Ինքն Իրենով. «Ճշմարիտ եմ ասում, որ քեզ մարդկանցով պիտի լցնեմ մորեխների չափ, և նրանք աղաղակ պիտի բարձրացնեն քո դեմ»»։ «Նա է արարել երկիրն Իր զորությամբ, հաստատել է տիեզերքն Իր իմաստությամբ և Իր հանճարով տարածել երկինքը»: «Նրա ձայնից աղմկում են երկնքի ջրերը, և Նա ամպերը բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է ստեղծում անձրևի մեջ և քամի է հանում Իր շտեմարաններից»։ «Ամեն մարդ անմիտ է իր գիտության մեջ, ամեն ոսկերիչ խայտառակում է իրեն իր կուռքի պատճառով, որովհետև նրա այդ կուռքը սուտ է, և նրա մեջ ոգի չկա»։ «Դա կատարյալ ունայնություն է, մոլորության առարկա. նրանց այցելելու ժամանակ նրանք կոչնչանան»։ «Սրանց պես չէ Հակոբի բաժինը, որովհետև Նրա Աստված ամեն ինչի Արարիչն է, և Իսրայելը Նրա ժառանգության գավազանն է, Նրա անունը Զորությունների Տեր է»։ «Դու Ինձ համար մուրճ ես, պատերազմական գործիք. քեզնով Ես ջախջախել եմ ժողովուրդների և քեզնով կործանել եմ թագավորություններ»։ «Քեզնով ջախջախել եմ ձիուն ու նրա հեծյալին և քեզնով ջախջախել եմ կառքն ու նրա կառավարին»։ «Քեզնով ջախջախել եմ ամուսնուն ու կնոջը, քեզնով ջախջախել եմ և´ ծերին, և´ պատանուն, քեզնով ջախջախել եմ և´ երիտասարդին, և´ կույսին»։ «Եվ քեզնով ջախջախել եմ հովվին ու իր հոտը, քեզնով ջախջախել եմ և´ հողագործին, և´ նրա աշխատավոր անասուններին, քեզնով ջախջախել եմ և´ կուսակալներին, և´ քաղաքների կառավարիչներին»։ ««Եվ հատուցելու եմ Բաբելոնին ու Քաղդեայի բոլոր բնակիչներին այն բոլոր չարությունների համար, որոնք նրանք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ», - ասում է Տերը»։ «Ահա, Ես քո դեմ եմ, կործանարա´ր լեռ, - ասում է Տերը, - որ կործանում ես ամբողջ երկիրը, և քո դեմ պիտի մեկնեմ Իմ ձեռքը և քեզ պիտի ցած կգցեմ ժայռերից ու քեզ պիտի դարձնեմ այրված լեռ»։ ««Եվ քեզնից չեն վերցնելու անկյան քար ու հիմքի քար, այլ մշտապես ամայություն պիտի լինես», - ասում է Տերը»։ «Դրոշա՛կ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ հնչեցրեք ժողովուրդների մեջ, նրա դեմ զինե՛ք ժողովուրդներին, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, զորավա՛ր նշանակեք նրա դեմ, ձիե՛ր դուրս բերեք սարսափելի մորեխների չափ»։ «Նրա դեմ զինե՛ք ժողովուրդներին, Մարաստանի թագավորներին, նրա կուսակալներին և նրա բոլոր քաղաքային կառավարիչներին ու նրան հպատակ ամբողջ երկիրը»։ «Երկիրը կցնցվի և կդողա, որովհետև կկատարվեն Բաբելոնի վերաբերյալ Տիրոջ մտադրությունները՝ Բաբելոնի երկիրն ամայի, առանց բնակիչների դարձնելու առնչությամբ»։ «Զորեղ բաբելոնացիները դադարեցին պատերազմելուց, մնացին իրենց ամրոցներում. նրանց ուժը սպառվեց, դարձան կանանց պես, նրանց բնակարաններն այրվեցին, նրանց նիգերը կոտրվեցին»։ «Սուրհանդակը ընդառաջ է վազում սուրհանդակին, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ, որպեսզի Բաբելոնի թագավորին հայտնի, որ նրա քաղաքը գրավվել է մի ծայրից մյուս ծայրը»։ «Եվ գետանցքերը գրավված են, ու ցանկապատերը՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափահար եղած»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է` նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հունձքի ժամանակը»»։ «Ինձ խժռեց ու ինձ կրծոտեց Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը. ինձ դատարկ անոթ դարձրեց. ինձ կուլ տվեց վիշապի պես. իր փորը լցրեց իմ փափկություններով, դուրս նետեց ինձ»։ ««Իմ վիրավորանքն ու իմ մարմինը Բաբելոնի վրա են», - ասելու է Սիոնի բնակիչը, և իմ արյունը Քաղդեայի բնակիչների վրա է», - ասելու է Երուսաղեմը»։ «Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա, Ես պաշտպանելու եմ քո դատը ու քո վրեժն եմ առնելու, և պիտի ցամաքեցնեմ նրա ծովն ու պիտի չորացնեմ նրա աղբյուրները»։ «Եվ Բաբելոնը պիտի դառնա փլատակների կույտ, շնագայլերի բնակարան, սարսափի ու ծաղրի առարկա` առանց բնակիչների»։ «Նրանք բոլորն էլ պիտի մռնչան առյուծների պես, և պիտի մռմռան առյուծի կորյունների պես»։ ««Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և պիտի հարբեցնեմ նրանց, որպեսզի նրանք զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն, - ասում է Տերը»։ «Գառների պես նրանց մորթելու պիտի տանեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ»։ «Ինչպե՜ս գրավվեց Սեսակը, և նվաճվեց ամբողջ երկրի փառքը: Ինչպե՜ս Բաբելոնը սարսափ դարձավ ժողովուրդների մեջ»։ «Բաբելոնի վրա բարձրացավ ծովը. այն ծածկված է նրա խռովալից ալիքներով»։ «Նրա քաղաքները դարձան ամայի, անջրդի երկիր, տափաստան, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում և որի միջով մարդու որդի չի անցնում»։ «Եվ պիտի այցելեմ Բելին` Բաբելոնում, ու նրա բերանից պիտի հանեմ նրա կուլ տվածը, և ժողովուրդներն այլևս չեն գնա նրա մոտ, նույնիսկ Բաբելոնի պարիսպներն էլ պիտի տապալվեն»։ «Դո՛ւրս եկեք նրա միջից, Ի´մ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող փրկի իր հոգին Տիրոջ բորբոք բարկությունից»։ «Թող չնվաղի ձեր սիրտը, ու մի´ վախեցեք այն լուրից, որը լսվելու է երկրի վրա. մի տարի լուր է գալու, և ապա` այլ տարում, ու երկրի վրա բռնություն է լինելու, տիրակալը բարձրանալու է տիրակալի դեմ»։ «Ուստի, ահա, գալիս են օրեր, երբ Ես պիտի այցելեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները պիտի ընկնեն նրա մեջ»։ ««Եվ երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչը որ կա նրանց մեջ, պիտի տոնախմբեն Բաբելոնի համար. որովհետև հյուսիսից նրա դեմ են գալու ավերողները, - ասում է Տերը»։ «Ինչպես որ Բաբելոնը տապալեց պարտված իսրայելացիներին, այդպես էլ Բաբելոնում պիտի տապալվեն ամբողջ երկրի պարտվածները»։ «Սրից փրկվածնե´ր, գնացե՛ք, կանգ մի՛ առեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր սրտում լինի»։ «Մենք ամաչեցինք, երբ մենք նախատինք լսեցինք. ամոթը ծածկեց մեր դեմքը, երբ օտարերկրացիները մտան Տիրոջ տան սրբարանը»։ «Ուստի ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ Ես պիտի այցելեմ նրա կուռքերին, և նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։ ««Թեկուզ եթե Բաբելոնը մինչև երկինք բարձրանա և թեկուզ եթե բարձունքում հաստատի իր ամրությունները. սակայն Իմ կողմից ավերողներ պիտի գնան դեպի նա», - ասում է Տերը»։ «Աղաղակի ձայն է հնչելու Բաբելոնից, և մեծ ավերածություն` քաղդեացիների երկրում»։ «Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և վերջ պիտի դնի նրա ամբարտավան ձայնին: Նրանց ալիքները մռնչալու են շատ ջրերի նման, հնչելու է նրանց աղմկալից ձայնը»։ «Որովհետև նրա՝ Բաբելոնի դեմ պիտի գնա ավերողը, և նրա պատերազմիկները գերի պիտի ընկնեն, նրանց աղեղները պիտի կոտրտվեն. որովհետև Տերը հատուցող Աստված է, պիտի հատուցի հատուցումը»։ «Եվ պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, նրա կուսակալներին և նրա քաղաքային կառավարիչներին ու նրա պատերազմիկներին, և պիտի քնեն հավիտենական քնով ու չպիտի զարթնեն», - ասում է Թագավորը. -Զորությունների Տեր է Նրա անունը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի հաստ պարիսպները հիմնահատակ պիտի կործանվեն, և նրա բարձր դարպասները պիտի այրվեն կրակով. ուստի զուր չարչարվեցին ժողովուրդները, և ազգերը տանջեցին իրենց կրակի համար»»։ «Այն խոսքը, որը Երեմիա մարգարեն պատգամեց Սերայիային` Մաասիայի որդի Ներիայի որդուն, երբ նա գնաց Բաբելոն Սեդեկիայի` Հուդայի թագավորի հետ, նրա թագավորության չորրորդ տարում. Սերայիան գլխավոր սենեկապետն էր»։ «Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որոնք գալու էին Բաբելոնի վրա՝ այս բոլոր խոսքերը, որոնք գրված են Բաբելոնի դեմ»։ «Եվ Երեմիան ասաց Սերայիային. «Երբ դու Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, կարդա´ այս բոլոր խոսքերը»»: «Եվ ասա՛. «Տե´ր, Դու այս տեղի մասին ասացիր, որ պիտի ավերես այն, որ նրա մեջ չի մնա ո՛չ մարդ, ո՛չ անասուն, այլ այն պետք է հավիտենական անապատ դառնա»»։ «Եվ երբ վերջացնես այս գրքի ընթերցումը, նրանից մի քա՛ր կապիր և այն նետի՛ր Եփրատի մեջ»: «Ու ասա՛. «Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի բարձրանալու այն չարիքի պատճառով, որը Ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք բոլորովին ուժասպառ պիտի լինեն»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը»։ (Սինոդական թարգմ.)
   
    Երեմիա 51:1–64 համարներում մարգարեություն է Բաբելոնի մասին: 1–46 համարներում մարգարեն շարունակում է իր խոսքը Բաբելոնի ճակատագրի վերաբերյալ և կրկին ասում է, որ Տերը Իսրայելի համար է պատժում Բաբելոնին. Տերը վերջնականապես ոչնչացնելու է այս հզոր թագավորությունը, որը նախկինում Նրա ձեռքում եղել էր որպես տարբեր ազգերի պատժելու գործիք: Մարգարեն այստեղ հստակ նշում է Բաբելոնը կործանողների՝ Մեդիայի, Արարատյան, Մանայի և Ասքանազյան թագավորությունների անունները (1–34):  Իսրայելն ինքը Բաբելոնի կործանման մեջ կճանաչի բաբելոնացիների կողմից Իսրայելին հասցված անիրավությունների համար Աստծո կատարած վրեժխնդրությունը (35–46): Եվ բոլորը կուրախանան այս սարսափելի թագավորության կործանմամբ (Եր. 51:47–58): Գլխի վերջում խոսվում է այն մասին, թե ինչպես է Երեմիան Սարեային հանձնարարում կարդալ այս մարգարեությունը և այնուհետև մարգարեության մագաղաթը գցել Եփրատը  (Եր. 51:59–64):
    «Նրա մեջ բնակվող իմ թշնամիների» միտքն ըստ եբրայերեն թարգմանության հետևյալ կերպ  է լինում. «Իմ հակառակորդների սրտում (այսինքն` մարդու մարմնի առանցքային կետում) չապրող»: Ռուսերեն թարգմանության մեջ «կբարձրացնեմ» բառին լրացում ավելացված չէ, բայց եբրայերեն տեքստում այդ լրացումն առկա է: Եբրայերեն տեքստում առկա է «Ruach maschehil», այսինքն` կործանարար հողմ կամ կործանողի ոգի, արտահայտությունը (հայերենը ևս ունի այս արտահայտությունը):

---------------------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես Բաբելոնի վրայ եւ նրա բնակիչների վրայ պիտի բերեմ զայրոյթով լցուած մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես յարուցից ի վերայ Բաբելոնի՝ եւ ի վերայ բնակչաց նորա զսիրտ յարուցելոց, եւ հողմ խորշակի սատակիչ։