Երեմիայի մարգարեության մեկնություն 7:16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր դրանց համար, որովհետեւ քեզ չեմ լսելու:
   
   Ուշադրություն դարձրե՛ք Տիրոջ մարդասիրությանը: Նա այս մասին նախազգուշացնում է մարգարեին, որպեսզի վերջինս, իր աղոթքների` լսելի չլինելու դեպքում, չմտածի, որ դա տեղի է ունեցել հատկապես իր մեղքով: Ահա թե ինչու նրա համար նախապես բացահայտում է ժողովրդի չարությունը և արգելում է նրան (ժողովրդի համար) աղոթել, որպեսզի մարգարեն ինքը ևս տեսնի նրանց ծայրահեղ չարությունը, և նրանք սովորեն, որ մարգարեն ամենևին իրենց չի օգնի, եթե չցանկանան պարտականությունների իրենց բաժինը  կատարել:
   

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Բայց մի՛ խնդրիր այս ժողովրդի համար և նրանց համար աղոթքներ մի՛ մատուցիր և մի՛ բարեխոսիր Իմ առաջ, որովհետև Ես քեզ չեմ լսի։
   
   Կան մեղավորներ, որոնց համար բարեխոսությունն անտեղի է:
   

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Բայց մի՛ խնդրիր այս ժողովրդի համար և նրանց համար աղոթքներ մի՛ մատուցիր և մի՛ բարեխոսիր Իմ առաջ, որովհետև Ես քեզ չեմ լսի
   
   «Այս ժողովրդի համար դու մի՛ խնդրիր և նրանց համար աղոթքներ ու գովասանքներ մի՛ մատուցիր (կամ էլ մի՛ խնդրիր, որպեսզի նրանք ողորմություն ստանան) և մի՛ հակադրվիր Ինձ, որովհետև Ես քեզ չեմ լսի»: Որպեսզի աղոթող մարգարեն իր բարեխոսության մեջ անհաջողության չմատնվի, Աստված պատվիրում է, որպեսզի նա չաղոթի մեղավոր ու չապաշխարող ժողովրդի համար: «Մի՛ հակադրվիր Ինձ» ասելով՝ ցույց է տալիս, որ սրբերի աղոթքները կարող են հակադրվել  Աստծո բարկությանը: Այս պատճառով էլ Տերը  Մովսեսին ասում է. «Թո´ւյլ տուր ինձ, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը. կոտորեմ նրանց, իսկ քեզնից մեծ ազգ կստեղծեմ» (Ելք. 30։10):  Սաղմոսներում էլ կարդում ենք. «Ապա Փենեեսը եկավ մեջտեղ, քավություն տվեց, ու մահը վերջ գտավ: Նա արդարացի համարվեց» (Սաղմոս.  105։30): Նաև Ահարոնը, բուլվառը վերցնելով, կանգնեց կրակի և այրված մարդկանց միջև, և Աստծու բարկությունը դադարեց: Բայց, որպեսզի չմտածենք, որ Իրեն աղոթել թույլ չտվող Աստված դաժան է, ուստի հիմնովին ներկայացնում է այն պատճառները, թե ինչու Ինքը աղոթքները չի ընդունում:
   

Ա. Լոպուխին

16-20․ «Ուրեմն դու մի՛ խնդրիր այս ժողովրդի համար և նրանց համար աղոթք ու խնդրանք մի՛ բարձրացրու, և մի՛ բարեխոսիր Իմ առաջ, որովհետև Ես քեզ չեմ լսելու»։ [16] «Մի՞թե դու չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում»։ «Երեխաները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, և կանայք խմոր են հունցում, որպեսզի բլիթներ պատրաստեն երկնքի աստվածուհու համար և հեղման ենթակա ընծաներ մատուցեն ուրիշ աստվածների` Ինձ վշտացնելու համար»։ «Բայց մի՞թե նրանք Ինձ են վշտացնում, - ասում է Տերը, - թե՞ իրենք իրենց են ամոթահար անում»։ «Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Իմ բարկությունն ու Իմ զայրույթը թափվում են այս տեղի վրա, մարդկանց վրա և անասունների վրա, ու դաշտի ծառերի վրա և հողի պտուղների վրա, ու պիտի այրի և չպիտի հանգչի»»։
(Սինոդական թարգ․)
   
   Ժողովրդի համար մարգարեի խնդրանքներն ապարդյուն են: Հրեաների համար սահմանված պատժի անխուսափելիությունը ցույց տալու համար Տերը մարգարեին արգելում է այս ժողովրդի համար աղոթել:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր դրանց համար, որովհետեւ քեզ չեմ լսելու:
(Արարատ թարգ․) «Ուստի դու մի՛ աղոթիր այս ժողովրդի համար և նրանց համար աղաղակ ու աղոթք մի՛ բարձրացրու և ինձ մի՛ բարեխոսիր, որովհետև ես քեզ չեմ լսելու։
(Գրաբար) Եւ դու մի կար յաղաւթս ի վերայ ժողովրդեանդ այդորիկ, եւ մի խնդրեր ի վերայ դոցա ողորմութիւն. եւ մի աղաչեր՝ եւ մի անկանիր առաջի իմ վասն դոցա. զի ոչ լսեմ քեզ։