Երեմիայի մարգարեության մեկնություն 7:17

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Մի՞թե չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հրեաստանի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։
   
   Այսպիսով` նրանք պատժի ենթարկվեցին արդար որոշմամբ: Արարածներին աստվածային պատիվներ մատուցելով և իրենց ձեռքի գործերին ծառայելով՝ նրանք իրենց գլխներին աստվածային բարկություն կուտակեցին: Ըստ գրվածի` «Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար» (Առակ. 1։17):
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

17-18․ Մի՞թե չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հրեաստանի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում: Երեխաները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի թագուհու համար կարկանդակներ թխեն և այլ աստվածների ընծայաբերումներ անեն, որպեսզի Ինձ բարկացնեն:
   
   Տերը մարգարեին ասում է. «Մի՞թե չես տեսնում, թե ինչ են անում նրանք. ճարպ են այրում  և բաղարջ պատրաստում երկնային զորությունների համար»:  Կարծես Աստված այսպես ասեր. «Նման մարդկա՞նց համար ես Ինձ աղոթում, որ հետ չեն կանգնում անօրինություններից, որ ամենևին չեն գիտակցում իրենց համակած հիվանդությունը և այդքան անհոգ են ապրում: Արդյո՞ք չես տեսնում իրենց ծայրահեղ անփութությունը: Արդյո՞ք չես տեսնում իրենց մոլեգնությունը, որ դեռ չեն հագեցել պղծությունից և ընկղմվել են իրենց անօրինությունների մեջ, ինչպես խոզերը՝ ճահճում: Եթե նրանք վերափոխվելու հակում ունենային, ապա արդյո՞ք չէին լսի անդադար հորդորները: Արդյո՞ք Ե՛ս չեմ մարգարեների միջոցով դիմում նրանց և ասում. «Այդքան պոռնկանալուց հետո «Ինձ մո՛տ դարձիր», բայց չդարձավ» (Եր․ 3։7): Արդյո՞ք Ես միայն այն չեմ պահանջում, որ նրանք հեռանան նենգությունից և դադարեն չարիք գործելուց: Արդյո՞ք պահանջում եմ պատասխան տալ անցյալի արարքների համար, երբ տեսնում եմ, որ մարդիկ ցանկանում են ապաշխարել դրանց համար: Արդյո՞ք ամեն օր չեմ դիմում ու ասում. «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): Արդյո՞ք այդ նպատակով Ես ամեն ինչ չեմ անում, որպեսզի կործանումից փրկեմ մոլորությամբ հափշտակվածներին: Արդյո՞ք հապաղում եմ, երբ տեսնում եմ նրանց դարձը: Արդյո՞ք Ես չեմ ասել. «Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»» (Ես․ 58։9): Արդյո՞ք նրանք իրենց փրկությունը ցանկանում են այնպես, ինչպես Ես եմ հոգում այդ մասին, որ բոլոր մարդիկ փրկվեն և գան «ճշմարտության գիտությանը» (Ա Տիմոթ. 2։4): Արդյո՞ք կորստյան մատնելու համար Ես ոչնչից ստեղծեցի քեզ: Արդյո՞ք իզուր նախապատրաստեցի (երկնքի) արքայությունը, անթիվ ու անճառելի օրհնությունները: Արդյո՞ք սրա համար չսպառնացի գեհենով, որպեսզի այդ միջոցով բոլորին դեպի (երկնքի) արքայություն ձգտել խրախուսեմ: Այսպիսով` երանելի՛ մարգարե, թո՛ղ նրանց և Ինձ աղոթքներ մի՛ հղիր նրանց համար, այլ մտահոգվի՛ր միայն նրանց հիվանդությունը բուժելու, տկարությունը գիտակցել տալու և առողջությունը վերադարձնելու մասին: Այդ ժամանակ ես էլ կանեմ այն ամենը, ինչ կախված է Ինձանից: Ես չեմ դանդաղում և չեմ հապաղում, երբ տեսնում եմ բարեհաճ տրամադրվածություն ունեցող հոգու. պահանջում եմ ընդամենը մի բան՝ մեղքերի խոստովանություն, և դրանից հետո նրանց դատաստանի չեմ ենթարկի: Արդյո՞ք դժվար և ծանր է Իմ այս պահանջը: Եթե Ես չիմանայի, որ նրանք ավելի վատն են դառնում հենց այն պատճառով, որ չեն խոստովանում նախկինում գործած իրենց մեղքերը, ապա Ես դա էլ չէի պահանջի: Բայց Ես գիտեմ, որ մարդկային ցեղը խիստ հակված է դեպի մեղքը, հետևաբար ցանկանում եմ, որ նրանք խոստովանեն նախկին մեղսագործությունները, և որ այդ խոստովանությունը նրանց հետ պահի կրկին նույն մեղքերի մեջ ընկնելուց:
   

Ա. Լոպուխին

«Մի՞թե դու չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում»։ (Սինոդական թարգ․)[17]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Չե՞ս տեսնում, թէ ինչե՛ր են կատարում դրանք Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի ճանապարհներին.
(Արարատ թարգ․) Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։
(Գրաբար) Եթէ ո՞չ տեսանես զինչ գործեն դոքա ի քաղաքս Յուդայ եւ ի ճանապարհս Երուսաղէմի։