Երեմիայի մարգարեության մեկնություն 7:22

 Ա. Լոպուխին

22-23․ «Որովհետև Ես ողջակեզների և զոհերի վերաբերյալ ձեր հայրերի հետ չխոսեցի և նրանց պատվիրան չտվեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից»։ [22] «Այլ այսպիսի պատվիրան տվեցի նրանց. «Լսե՛ք Իմ ձայնը, և Ես կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք Իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ Ես պատվիրում եմ ձեզ, որպեսզի ձեզ համար լավ լինի»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս տեղը աստվածաշնչային քննադատների համար այն հիմնական հիմքն է, որով նրանք ժխտում են Հնգամատյանում բովանդակվող, այսպես կոչված, քրմական կոդեքսի հնությունը։ Ասում են, որ Երեմիան զոհերի մասին Մովսեսի որևէ հրամանից տեղյակ չէր:  Բայց կարո՞ղ էր արդյոք մարգարեն խոսել զոհաբերության վայրի մեծ սրբության մասին (Եր. 7։12 և այլն), եթե նա զոհերի մասին օրենքները հետագայի մոգոնումներ համարեր: Նաև 17։26, 31։14 և 33։11 համարներից երևում է, որ Երեմիան զոհաբերությունը համարում էր Տեր Աստծուն հաճելի և նորմալ գործ (Եր. 33։17–24): Հետևաբար, րաբբիները ճիշտ են մեկնում ՝ ասելով, որ մարգարեն այստեղ հատկապես խոսում է հրեաների` Եգիպտոսից դուրս գալու մասին՝ բացառությամբ Սինոյում օրենքի տվչության [հատվածի]: Հստակ է, որ մարգարեն ցանկանում է հրեաներին ներշնչել այն միտքը, որ Աստծուն անհրաժեշտ առաջին բանը հնազանդությունն է (Ելք 6։7, 15։26), իսկ զոհաբերությունները երկրորդ պլանում են։
   
   Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:21

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ձեր հայրերի հետ ոչինչ չխօսեցի եւ ոչ էլ պատուէր տուեցի նրանց ողջակէզների եւ զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Որովհետև այն օրը, երբ ձեր հայրերին հանեցի Եգիպտոսի երկրից, նրանց հետ չեմ խոսել և նրանց չեմ հրամայել ողջակեզի և զոհի վերաբերյալ։
(Գրաբար) զի ոչ խաւսեցայ ընդ հարսն ձեր, եւ ոչ պատուէր ետու նոցա յաւուրն յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ վասն բանի ողջակիզաց եւ զոհից։