Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Կտրի´ր մազերդ և դե´ն նետիր ու լացի ձայն բարձրացրու, քանի որ Տերը դեն գցեց և թողեց իր ցասման սերունդը։
Սուրբ Գրքում կարդում ենք, որ Հոբը, լսելով որդիների և դուստրերի մահվան մասին, կտրեց մազերը (Հոբ. գլուխ 1): Հնագույն ժողովուրդների մոտ մազերը կտրելը բոլոր սգավորների սովորությունն էր. իսկ այժմ մազերը երկար ու առանց հարդարման թողնելը ծառայում է որպես տխրության նշան: Մարգարեական ամբողջ ողբն ու լացը բարձրանում է այն բանից, որ Տերը դեն գցեց և թողեց իր ցասման սերունդը, որով, անտարակույս, ցույց է տալիս Հուդայի ժողովրդին: Եվ սա, ըստ էության, պետք է առնչվի նաև Քրիստոսի ժամանակին, երբ հավատքը կործանվեց և հեռացվեց Տիրոջը հայհոյող մարդկանց բերանից:
Ա. Լոպուխին
«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, և ո՛ղբ բարձրացրու լեռների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց այն սերնդին, որը հարուցել էր Իր բարկությունը»։ (Սինոդական թարգ․)[29]
Մազերի կտրման հրամանը հասցեագրված է Սիոնի դստերը: Սա երևում է նրանից, որ եբրայերեն տեքստում բայը իգական սեռով (женском роде) է դրված։ Լեռների վրա, որտեղ հրեաները մեղք գործեցին` անօրինական զոհաբերություններ անելով, այնտեղ նրանք պետք է նաև լաց լինեն (Եր. 3։21):
29-34․ «Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, և ո՛ղբ բարձրացրու լեռների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց այն սերնդին, որը հարուցել էր Իր բարկությունը»։ «Որովհետև Հուդայի որդիները չարություն գործեցին Իմ աչքի առաջ, - ասում է Տերը. - իրենց պղծությունները դրեցին այն տանը, որն Իմ անունով է կոչված, որպեսզի պղծեն այն»։ «Եվ կառուցեցին Տոփեթի բարձունքները Ենովմի որդիների հովտում, որպեսզի իրենց որդիներին և իրենց դուստրերին այրեն կրակի մեջ, որը Ես չեմ հրամայել և որն Իմ սրտով չէր»։ «Դրա համար, ահա, օրեր են գալիս, - ասում է Տերը, - որ այլևս այս վայրը «Տոփեթ» կամ «Ենովմի որդիների հովիտ» չեն կոչելու, այլ` «Սպանության հովիտ», և Տոփեթում պիտի թաղեն այնքան, որ էլ տեղ չի մնա»։ «Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, ու նրանց քշող չի լինի»։ «Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև այս երկիրն անապատ պիտի դառնա»։
Ուրացողներին սարսափելի պատիժ կհասնի
Հրեաները իրենց հեթանոսական գարշանքներով պղծեցին հենց տաճարը. Տոփթեի հովտում զոհասեղաններ կառուցեցին իրենց երեխաների զոհաբերության համար: Դրա համար նրանք ներում չունեն, և Տերը նրանց երկիրը անապատ կդարձնի:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) «Կտրի՛ր մազերդ ու դէ՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետեւ Տէրը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում:
(Արարատ թարգ․) Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։
(Գրաբար) Կտրեա զհերս քո եւ ի բաց ընկեա. եւ առ զողբս ի շրթունս. զի խոտեաց Տէր՝ եւ մերժեաց զազգն որ առնէր զայս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: