Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. «Ուղղե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր վարքը, և Ես կթողնեմ ձեզ, որ ապրեք այս վայրում:
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. «Բարեփոխե՛ք (կամ ուղղե՛ք) ձեր ճանապարհներն ու ձեր վարքը (կամ ձեր դիտավորությունները) և Ես ձեզ հետ այս վայրում կբնակվեմ (կամ էլ այնպես կանեմ, որ դուք այս վայրում բնակվեք): Ամենողորմ բժիշկը բոլոր տեսակի դեղամիջոցներով ցանկանում է բուժել հիվանդներին: Իսկ երբ «Բարեփոխե՛ք կամ ուղղե՛ք ձեր ճանապարհներն» է ասում, ցույց է տալիս, որ նրանք այլասերված են և իրենց մեջ ոչ մի լավ բան չունեն: Եվ քանի որ բնական է, որ յուրաքանչյուրը սիրում է իր հայրենի հողը, և հայրենիքից ավելի լավ բան չկա, ուստի հնազանդներին այսպիսի պարգևներ է խոստանում` ասելով. «Ձեզ հետ եմ բնակվելու, որպեսզի ապահով լինեք բնակության հարցում» կամ էլ, ըստ Սյումաքոսի «և ես կհաստատեմ ձեզ այս վայրում», ձեզ կտեղավորեմ ամրակուռ բնակավայրում:
Ա. Լոպուխին
3-4. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և Ես ձեզ կթողնեմ բնակվել այս վայրում»»։ [3] «Մի՛ ապավինեք խաբուսիկ խոսքերի. «Այստեղ է Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը»»։ (Սինոդական թարգ․)
Տաճարն, ինքնին, պաշտպանություն չէ մեղավորների համար: Մինչդեռ հրեաները [հաստատապես] պնդում էին, որ տաճարը նրանց համար վստահելի ապաստան է, չնայած նրանք գործնականում կատարելապես Եհովայից հեռացածներ էին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Աստուածն Իսրայէլի. «Ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու վարքը, եւ ես կը բնակեցնեմ ձեզ այս վայրում:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց՝ Աստուած Իսրայէլի. Ուղիղ արարէք զճանապարհս ձեր՝ եւ զգնացս, եւ բնակեցուցից զձեզ ի տեղւոջս յայսմիկ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: