Երեմիայի մարգարեության մեկնություն 7:30

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

 30-31․ «Քանի որ Հուդայի որդիները չարություն գործեցին Իմ առաջ,—ասում է Տերը,— նրանց գարշանքները դրել են Իմ անունը կրող Տան մեջ, որպեսզի պղծեն այն: Նաև Ենոմի որդիների ձորում Տափեթի բարձունքները (զոհասեղանները) հաստատեցին, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին այրեն կրակի մեջ, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս էր անցել»:

   

    «Որովհետև Հուդայի որդիները չարություն գործեցին Իմ առաջ,— ասում է Տերը,— իրենց գարշանքները դրել են Տան մեջ, որն  Իմ անունն է կրում, որպեսզի պղծեն այն: Նրանք կառուցեցին Տափեթի բարձունքները (կամ զոհասեղանները), որը Ենոմի որդիների ձորում է, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին այրեն կրակի մեջ, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքումս մտածեցի:
   Հուդայի որդիների կողմից Աստծու տաճարում Բահաղի արձանի տեղադրման մասին տեղեկանում ենք Եզեկիելի գրքի սկզբում: Իսկ բարձունքներով (որ եբրայերենով կոչվում են bаmоth–բամոթ կամ Ենոմի որդիների ձորում  գտնվող Տափեթի զոհասեղան) ակնարկվում է այն տեղը, որը ոռոգվում էր Սիլոեի աղբյուրներով. այս վայրը հաճելի է և անտառապատ է.  հիմա ևս հաճույք է պատճառում իր պարտեզներով: Հեթանոսական այս մոլորությունը ընդգրկել էր բոլոր նահանգները, այնպես, որ լեռների գագաթներին և ամենահաճելի պուրակներում նրանք զոհաբերություններ էին անում, և այստեղ էին տեղի ունենում սնահավատության բոլոր չար ծեսերը: Տափեթ եբրայերենով նշանակում է լայնություն: Եվ Նավեյի որդի Հեսուի գրքում այս բառով նշվում է այն տեղը, որը Ենոմի որդիների ձորում է, և որը եբրայերենով կոչվում է gееnnоm–գեեննոմ, քանի որ նշանակում է φάραγξ–ձոր, իսկ ennom–էննոմ–ը կա՛մ մարդու անուն է, կա՛մ էլ նշանակում է շնորհ: Հրեաները հայտնում են, որ գեհենը այս վայրից է ստացել իր անունը, քանի որ այնտեղ է մահացել Աստծուն վիրավորող Հուդայի ամբողջ ժողովուրդը։ Այս վայրում նրանք իրենց որդիներին կրակով նվիրաբերեցին կուռքերին կամ որպես ողջակեզ մատուցեցին, ինչն Աստված նրանց չէր պատվիրել և ոչ էլ այդ մասին որևէ օրենք էր սահմանել (Դ Թագ.  գլուխ. 17): Եփթանի կողմից իր կույս դստերը Աստծուն զոհաբերելու պարագայում՝ ոչ թե զոհաբերությունն էր հաճելի, այլ այն բերողի հոգեվիճակը: Որովհետև, եթե իր թշնամիների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո վերադարձող հորը շուն, էշ կամ ինչ–որ պիղծ կենդանի առաջինը հանդիպեր, արդյո՞ք նա դա չպետք է զոհ մատուցեր:
   

Ա. Լոպուխին

«Որովհետև Հուդայի որդիները չարություն գործեցին Իմ աչքի առաջ, - ասում է Տերը. - իրենց պղծությունները դրեցին այն տանը, որն Իմ անունով է կոչված, որպեսզի պղծեն այն»։ (Սինոդական թարգ․)[30]
   
   Այստեղ նշվում  է Մանասե արքայի օրոք Երուսաղեմի տաճար կուռքերի մուտք գործելու մասին (Դ Թագ. 21։3–5, 7):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:29
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Արդարեւ, - ասում է Տէրը, - Յուդայի որդիները չարութիւն արին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը կրող Տան մէջ, որպէսզի պղծեն այն:
(Արարատ թարգ․) «Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։
(Գրաբար) Զի արարին որդիքն Յուդայ չար առաջի իմ՝ ասէ Տէր։ կարգեցին զգարշելիսն իւրեանց ի տանն յորոյ կոչեցեալ էր անուն իմ ի վերայ նորա պղծել զնա.