Երեմիայի մարգարեության մեկնություն 7:8

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

8-10․ Ահա՛, դուք ապավինում եք խաբուսիկ խոսքերին, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն բերի: Ինչպե՞ս: Դուք գողանում եք, սպանում և շնանում եք, սուտ եք երդվում ու խնկարկում եք Բահաղին, հետևում եք այլ աստվածների, որոնց դուք չգիտեք, և հետո գալիս ու Իմ առաջ եք կանգնում այս տանը, որն  Իմ անունն է կրում, և ասում եք՝ «մենք փրկված ենք», որպեսզի հետո այս բոլոր պղծությունները գործեք:

   

   Ահա՛, դուք ապավինում եք սուտ (կամ խաբուսիկ) խոսքերին, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն բերի: Դուք գողանում եք, սպանում և շնանում եք, սուտ եք երդվում ու խնկարկում եք Բահաղին, հետևում եք այլ աստվածների, որոնց դուք չգիտեք, և հետո գալիս ու Իմ առաջ եք կանգնում այս տանը, որն իմ անունն է կրում, և ասում եք՝ մենք դադարել ենք  այդ բոլոր պղծությունները կատարելուց: Նրանց հետագա մեղքերը ցույց են տալիս, որ նրանք իզուր են տաճարի վրա հույս դնում: Ի՞նչ օգուտ կա Աստծու տան շեմը հանդգնությամբ հատելուց, բարձրացված գլխով կանգնելուց և, միաժամանակ, գողությամբ, սպանությամբ, շնությամբ, երդմնազանցությամբ, հայհոյանքով և անհայտ աստվածների պաշտամունքով  պղծված ոչ միայն սիրտ, այլև ձեռքեր ունենալուց: Կասկած չկա, որ հոգևոր իմաստով սա տեղի է ունենում նաև եկեղեցում, երբ մարդիկ տեսնում են ներկայի բարօրությունը, նրանք չեն մտածում իրենց մեղքերի մասին, և կարծում են, որ Աստված թաքնվել է, որովհետև հատուցումը անմիջապես չի հետևել մեղսագործությանը: Եվ դեռ  ավելին, ընկնում են այնպիսի անմտության մեջ, որ իրենք իրենց փրկված են համարում, ուստի այդ վայրագություններից հետո նրանք նահանջում են նույնիսկ Տիրոջը ծառայելուց:
   

Ա. Լոպուխին

«Ահա, դուք վստահում եք խաբուսիկ խոսքերի, որոնք ձեզ օգուտ չեն բերի»։ (Սինոդական թարգ․)[8]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:1

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ դուք սուտ խօսքերին ապաւինէք, ինչից ոչ մի օգուտ չէք ունենալու,
(Արարատ թարգ․) Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։
(Գրաբար) Ապա թէ դուք յանձնապաստան իցէք ի բանս ստութեան, ուստի ոչ ինչ աւգտիցիք։