Ա․ Լոպուխին
16-17. «Եվ երբ դուք այն օրերին բազմանաք և բազմածնունդ դառնաք երկրի վրա, այդ օրերին, - ասում է Տերը,- այլևս չեն ասի. «Տիրոջ ուխտի տապանակը». նա նույնիսկ չի մտաբերվի, և չեն հիշի նրա մասին, ու չեն գա նրա մոտ, և նա այլևս գոյություն չի ունենա»։ [16] «Այդ ժամանակ Երուսաղեմը կկոչեն «Տիրոջ գահը», և բոլոր ժողովուրդները Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն Երուսաղեմում և այլևս չեն գործի իրենց չար սրտի համառության համաձայն»։ (Սինոդական թարգ․)
Երուսաղեմ վերադարձած սակավաթիվ եբրայեցիներից կրկին մեծ ժողովուրդ է առաջանալու։ Նոր, ապագա սերունդը շատ ավելի մոտ է լինելու Աստծուն, քան Սիոնի այժմյան բնակիչները։ Այժմ Տերն ունենալու է Իր խորհրդավոր բնակության վայրը՝ Ուխտի Տապանակը, որի մոտ, այն էլ տարին միայն մեկ անգամ, մուտք է ունենալու միայն քահանայապետը։ Սակայն գալիք ժամանակ ամբողջ Երուսաղեմը լինելու է Տիրոջ գահը։ Նշանակում է, որ այս բանի շնորհիվ սերտ հարաբերություններ են հաստատվելու Սիոնի ողջ բնակչության և Եհովայի միջև։ Եվ դա տեսնելով՝ մյուս ժողովուրդները նույնպես հավաքվելու են Երուսաղեմում և հավիտյան հրաժարվելու են իրենց արատներից ու կրքերից (Ես․ 66։1-3, 19-20)։ Հարկ է նշել, որ այն երանգը, որով Երեմիան խոսում է Ուխտի Տապանակի վերաբերյալ, այն բանի մասին է միտք ներշնչում, որ Տապանակն այդ ժամանակ թաքցված էր ինչ−որ տեղում։ Հավանաբար, այն թաքցրել են Մանասե թագավորի օրոք տեղի ունեցած ճշմարիտ աստվածապաշտության հալածանքների ժամանակ (Բ Մնաց․ 35։3)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք, - ասում է Տէրը, - այլեւս չեն ասելու՝ «Իսրայէլի Սուրբ Ուխտի տապանակը», չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտռուելու այն եւ չի վերաշինուելու:
(Արարատ թարգ․) Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. «Տիրոջ ուխտի տապանակը», և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։
(Գրաբար) Եւ եղիցի եթէ բազմանայցէք եւ աճիցէք ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ՝ ասէ Տէր, ոչ եւս ասիցեն՝ տապանակ կտակարանաց սրբոյն Իսրայէլի. եւ ոչ անկցի ի սիրտ. եւ ոչ անուանեսցի ի նմա. եւ ոչ եւս խնդրեսցի, եւ ոչ գործեսցի։ Յաւուրսն յայնոսիկ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: