Ա․ Լոպուխին
19-25․ «Եվ Ես ասացի. «Ինչպե՜ս քեզ դասեմ [Իմ] զավակների թվին և քեզ տամ ցանկալի մի երկիր՝ շատ ժողովուրդների ամենագեղեցիկ ժառանգությունը»։ Եվ ասաց. «Դու Ինձ քո Հայրը կկոչես և չես ուրանա Ինձ»։[19] ««Բայց հիրավի, ինչպես որ կինն է անհավատարմորեն դավաճանում իր ամուսնուն, այդպես անհավատարմորեն (հավատուրացությամբ) Իմ հանդեպ գործեցիք դուք, Իսրայելի տո'ւն», - ասում է Տերը»։ «Ձայն է լսվում բարձունքների վրա՝ Իսրայելի որդիների աղաչական լացն այն բանի համար, որ նրանք շեղել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն»։ «Վերադարձե՛ք, ապստա'մբ զավակներ, Ես կբժշկեմ ձեր անհնազանդությունը»։ «Հիրավի, մենք իզուր հույս դրեցինք բլուրների և լեռների բազմության վրա. հիրավի, մեր Տեր Աստծուց է Իսրայելի փրկությունը»։ «Մեր երիտասարդությունից ի վեր այս պղծությունը խժռել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց ոչխարներին ու նրանց եզներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին»։ «Մենք պառկած ենք մեր ամոթի մեջ, և մեր նախատինքը ծածկում է մեզ, որովհետև մենք մեղանչեցինք մեր Տեր Աստծո դեմ` մենք և մեր հայրերը` մեր երիտասարդությունից մինչև այս օրը, և չանսացինք մեր Տեր Աստծո ձայնին»։ (Սինոդական թարգ․)
Այդ ժամանակ էլ կիրականանա նախասահմանումը, որը Տերը տվել էր Իսրայելին․ Իսրայելը ոչ միայն երկրի վրա լավագույն ժառանգությունը կստանա, այլ նաև կարժանանա Աստծո որդի լինելուն։ Այս մեծ խոստումն արդեն «ապստամբի» մեջ Տիրոջից իր հեռանալու համար ապաշխարելու ցանկություն կառաջացնի։ (Այժմ) Իսրայելը կրկին կսկսի ձգտել դեպի իր Աստվածը։
Այս համարը ավելի պարզ կլինի, եթե հետևյալ կերպ թարգմանենք․ «Եվ Ես ասում էի (նախկինում, միշտ)․ որքա՜ն կցանկանայի քեզ որդու տեղ դնել և բաղձալի երկիրը տալ քեզ՝ ժողովուրդների ժառանգության մեջ լավագույն ժառանգությունը։ Եվ Ես ասում էի․ դու կսկսես Ինձ «Հա՛յր իմ» անվանել և Ինձանից չես հեռանա»։ Այս կերպ Տիրոջն այստեղ հայտարարում է, որ Ինքը միշտ պատրաստ է եղել հյուսիսային Իսրայելական թագավորությանը՝ «ապստամբ» կնոջը տալու Իր Որդու բոլոր իրավունքները։ Ըստ հին իսրայելական մասնավոր իրավունքի՝ դուստրերը ժառանգության այնպիսի իրավունքներ չունեին, ինչպես որդիները, և Տերը Իսրայելի հանդեպ իր հատուկ ջերմ վերաբերմունքը ցույց տալու համար ցանկանում է իրավունքի մեջ Իսրայելի դստերը հավասարեցնել Իր որդիների հետ։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ես ասացի՝ թող լինի՛, Տէ՛ր: «Ձեզ որդիներիս մէջ կարգել կամեցայ՝ ձեզ տալու համար ընտիր երկիրը՝ իբրեւ ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգութիւն. ասացի, որ հայր կոչես ինձ եւ այլեւս երես չթեքես ինձնից:
(Արարատ թարգ․) Ես ասացի. Ինչպե՜ս կուզենայի քեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը։ Եվ խորհեցի՝ դու ինձ Իմ Հայր կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։
(Գրաբար) Եւ ես ասեմ, Եղիցի Տէր։ Զի կարգեցից զձեզ յորդիս, եւ տաց ձեզ զերկիրն ընտիր, ժառանգութիւն անուանի Աստուծոյ ամենակալի ազգաց. եւ ասացից. թէ հայր կոչեսցես զիս, եւ ոչ եւս դառնայցես յինէն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: