Երեմիայի մարգարեության մեկնություն 4:11

Ա․ Լոպուխին

11-12․ «Այդ ժամանակ պիտի ասվի այս ժողովրդին ու Երուսաղեմին. «Մի կիզիչ քամի է փչում անապատի բարձունքներից դեպի Իմ ժողովրդի դստեր ճանապարհը, որ ո՛չ հովհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու համար»։ [11]«Եվ այդտեղից Ինձ մոտ պիտի գա դրանից ավելի սաստիկ մի քամի, և Ես դատաստան պիտի տեսնեմ նրանց դեմ»։ (Սինոդական թարգ․)
   
   Վերադառնալով 5−րդ համարում արտահայտված մտքին՝ մարգարեն հայտարարում է, որ այն ժամանակ, երբ սկսվի Երուսաղեմի դատաստանի ժամանակաշրջանը, այսպես են ասելու․ «Այրող քամին այն լեռների վրայով է ընթանում, որոնք անապատը բաժանում են Հուդայից, ուղիղ ճանապարհով է ընթանում (ռուսերեն Սինոդալ թարգմանությունում օգտագործված «ճանապարհին» բառը ճիշտ չէ) Իմ ժողովրդի դստեր վրա (այսինքն՝ Հուդայի բնակիչների վրա), սակայն այդ քամին այն բանի համար չի փչում, որպեսզի դրա օգնությամբ հողագործը կարողանա քամահրել և որոմից մաքրել իր հացահատիկը։ Ո՛չ, քամին չափազանց ուժեղ է դրա համար, այն քամին, որը գալիս է ինձ մոտ (սա Հուդայի բնակիչներից մեկի մեջբերված խոսքերն են)։

   Այժմ Ես նրանց վրա դատ կանեմ։ Եհովայի այս վերջին խոսքերով էլ լուծվում է մարգարեի հարցն ու տարակուսանքն այն նպատակի մասին, որի համար Տերը այդքան ուժեղ քամի է ուղարկել Հրեաստանի վրա:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղէմին. «Սա անապատում քո մոլորութեան համար է: Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրութեան եւ ո՛չ էլ սրբութեան համար էր:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատում լերկ բլուրներից մի կիզիչ քամի է փչում դեպի իմ ժողովրդի դուստրը, որ ո՛չ քամհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու։
(Գրաբար) Ի ժամանակին յայնմիկ ասասցես ցժողովուրդդ ցայդ՝ եւ ցԵրուսաղէմ, այս մոլորութեան յանապատի։ Ճանապարհ դստերնժողովրդեան իմոյ՝ ոչ ի մաքրութիւն եւ ոչ ի սրբութիւն.