Երեմիայի մարգարեության մեկնություն 6:1

Ա. Լոպուխին

«Փախե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Երուսաղեմի միջից, և Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և կրակով հայտնի՛ դարձրեք Բեթաքարմայում, որովհետև հյուսիսից աղետ և մեծ ավերում է գալիս»։ (Սինոդական թարգ․)[1]
   
   «Բենիամինի որդիներ». այդպես են անվանվել Երուսաղեմի բնակիչները, քանի որ սկզբում Հեբուսը կամ Երուսաղեմը պատկանում էր Բենիամինի ցեղին (Հեսու. 15։8), և հին ժամանակներում Բենիամինի որդիները կազմել են քաղաքի բնակչության մեծ մասը (Դատ. 1։26): Թեկուեն Բեթղեհեմից հարավ–արևելք ընկած, լեռների վրա գտնվող մի գյուղ էր, հետևաբար, այդտեղից հարմար էր ազդանշաններ տալը (հավանաբար կրակով): Նույնն էլ կարելի է ասել Բեթաքարմայի մասին, որի անվան տակ Հերոնիմոս Երանելին հասկանում էր Թեկուեի և Երուսաղեմի միջև ընկած լեռնային տարածքը:
   
1-8․ «Փախե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Երուսաղեմի միջից, և Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և կրակով հայտնի՛ դարձրեք Բեթաքարմայում, որովհետև հյուսիսից աղետ և մեծ ավերում է գալիս»։ «Ես կկործանեմ Սիոնի դստերը` գեղեցիկին և փափկասունին»։ «Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտ, վրաններ կկանգնեցնեն նրա շուրջը. ամեն մեկը պիտի արածեցնի իր հողաբաժնում»։ «Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք և գնա՛նք կեսօրին։ Վա՜յ մեզ, օրն արդեն ավարտվում է, տարածվում են երեկոյան ստվերները»։ «Վե՛ր կացեք, գիշերով էլ ելնենք և կործանենք նրա պալատները»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Կտրե՛ք ծառերը և պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. այս քաղաքը պիտի պատժվի. նրա ներսում ամեն տեսակի ճնշում է»»։ «Ինչպես որ աղբյուրը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարիք է բխեցնում. նրա մեջ բռնություն ու կողոպուտ է «լսվում», Իմ առաջ մշտապես վիրավորանքներ ու վերքեր են»։ «Խրատվի՛ր, Երուսաղե՛մ, որպեսզի Իմ հոգին չհեռանա քեզնից, որ Ես քեզ չդարձնեմ ամայի, անմարդաբնակ մի երկիր»։
   
   Թշնամիներն արդեն Երուսաղեմի պարիսպների տակ են:
   Հրեաստանում իրավիճակը գնալով ավելի ու ավելի մտահոգիչ էր դառնում: Անգամ Երուսաղեմում մնալն անվտանգ չէր, ուստի այստեղից պետք էր դեպի հարավ փախչել, քանի որ թշնամին գալիս էր հյուսիսից: Թշնամիները շտապում էին Երուսաղեմ՝ ոչնչացնելու այս քաղաքը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բենիամինի՛ որդիներ, արիացէ՛ք Երուսաղէմում, փո՛ղ հնչեցրէք Թեկուէում եւ ազդանշա՛ն դրէք Բեթաքարմայի վրայ, որովհետեւ հիւսիսից յայտնուել են չարիքներ,
(Արարատ թարգ․) Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։
(Գրաբար) Զաւրացարուք որդիք Բենիամինի ի մէջ Երուսաղէմի. փող հարէք ի Թեկուէ, եւ ի վերայ Բեթաքարմայ առէք նշան. զի չարիք կարկառեալ գան ի հիւսւսոյ, եւ բեկումն մեծ։