Երեմիայի մարգարեության մեկնություն 6:4

Ա. Լոպուխին

4-6. «Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք և գնա՛նք կեսօրին։ Վա՜յ մեզ, օրն արդեն ավարտվում է, տարածվում են երեկոյան ստվերները»։ [4] «Վե՛ր կացեք, գիշերով էլ ելնենք և կործանենք նրա պալատները»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Կտրե՛ք ծառերը և պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. այս քաղաքը պիտի պատժվի. նրա ներսում ամեն տեսակի ճնշում է»»։ (Սինոդական թարգ․)
   
   Թշնամիները խրախուսում են միմյանց: Անհրաժեշտ է արագ գնալ, հակառակ դեպքում ճանապարհին գիշերը վրա կհասնի: Եվ նրանք գնում են՝ անտեսելով  կեսօրվա տապը: «Պատերա՛զմ պատրաստեք», ավելի ճիշտ՝ «պատերազմ նվիրագործե՛ք»: Արևելյան ժողովուրդների մեջ պատերազմը հաճախ դիտվում էր որպես սուրբ գործ, որպես մի տեսակ երկրպագություն (Ա Թագ. 21։5, Ելք. 19։10, Հեսու. 3։5): «Երեկոյան ստվերներն են տարածվում», քանզի գիշերվա մոտենալով` առարկաների ստվերները դառնում են ավելի երկար:

   Վերևում «Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ և ելե՛ք» ասելով՝ թշնամիները պատերազմի դուրս գալու համար կրկին ոգևորվում են իրենց: Իսկ «Ելեք ու գիշերով գնանք» ասելով՝ ցանկանում են, որ հակառակորդները իմանան, որ հաղթանակը կախված է ոչ թե ժամանակից, այլ զորությունից ու տներ ավերելուց, քանզի դրանք ապարդյուն են շրջապատված ամուր պարիսպներով:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Պատերազմի՛ պատրաստուեցէք նրա դէմ, եկէք նրա դէմ ելնենք կէսօրին. վա՜յ մեզ, որովհետեւ ցերեկն անցաւ, եւ մեզ վրայ հասան երեկոյի ստուերները:
(Արարատ թարգ․) Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։
(Գրաբար) Պատրաստեցարուք ի վերայ նոցա ի պատերազմ. արիք եւ ելցուք ի վերայ նորա ի միջաւրէի։ վայ մեզ՝ զի տիւն կարճատեաց, եւ հասին մեզ ստուերք երեկորւոյ։