Ա․ Լոպուխին
Այն բանի համար, որ տերաֆիմներն անտեղի բաներ էին բարբառում, գուշակները սուտ տեսիլքների և սին երազների մասին էին խոսում ու անտեղի մխիթարում, դրա համար էլ ահա նրանք ցիրուցան եղան ոչխարների նման ու չարաչար ցավեր դիպան նրանց, քանի որ հովիվ չունեն:
(Սինոդական թարգ․) [2]
Նմանատիպ խնդրանքներով կուռքերին (տերաֆիմներ) դիմելը անտեղի կլինի. նրանց անունից արված գուշակությունները միայն դատարկություն են, իսկ նրանց երկրպագողները` գուշակներն ու սուտ մարգարեները, իրենք են խաբվում և խաբում են մյուսներին, քանզի նրանց մխիթարական կանխատեսումներն ունայն են. դրանք ոչ միայն տեղի չեն ունենում, այլև իրենց հետ տարատեսակ աղետներ ու դժբախտություններ են բերում:
Շտրադեն «կեղծ Զաքարիայի» մասին իր քննադատական ուսումնասիրության մեջ մատնանշում է այն յուրահատկությունը, որով այստեղ հանդես են գալիս տերաֆիմները. սա Հին Կտակարանի միակ հատվածն է, որտեղ տերաֆիմները նկարագրվում են իբրև խոսող էակներ. միայն այստեղ և Եզեկ. 21:26 համարում (Սինոդական թարգմանությունում 21−րդ համար) են նրանք որպես գուշակություն անողներ հանդես գալիս (ZATW. 1881. S. 60; cр. Nowack. Kleine Propheten übersetzt und erklärt. Gött., 1898. S. 364): Չի կարելի Զաքարիայի գրքի երկրորդ հատվածի իրադարձությունների մասին ժամանակագրական ենթադրություններ անել` հիմնվելով այստեղ կուռքերի հիշատակության փաստի վրա (այսպես են վարվում քննադատ գիտնականները): Կուռքերի մասին հարցը նույնիսկ գերությունից հետո չկորցրեց իր նշանակությունը. չնայած հրեաներն այլևս հակված չէին դեպի մոլեգին կռապաշտությունը, սակայն ճշմարիտ հավատքից հեռացած ոգին, որը մշտապես սերտորեն կապված է եղել կռապաշտության հետ, դեռևս վերջնականապես չէր անհետացել նրանց միջից: Սրա հետ կապված Ռուժեմոնտը հետևյալ միտքն է արտահայտում. «Զաքարիայի օրոք, անկասկած, հրեաներն այլևս տերաֆիմներ չունեին, սակայն կռապաշտության ոգին դեռևս ամբողջությամբ չէր ոչնչացվել, ու եթե կեղծ մարգարեները, որոնց հետ Նեեմիան գործ է ունեցել (Նեեմ. 6:10 և հաջորդ համարներ), վերանում են Մակաբայեցիների և Հերովդեսների դարաշրջանում, ապա նրանք իրենց տեղը զիջում են կեղծ ուսուցիչներին և կեղծ մեսիաներին, որոնց մեջ բնակվում է միևնույն ոգին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 222, Zeitschrift für die Alttestamentliche Wissenschaft (ZATW). Berlin; New York, 1881. S. 61 und Anmerkung):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ կախարդները անտեղի բաներ էին բարբառում, գուշակները սուտ տեսիլքների ու սին երազների մասին էին խօսում եւ իզուր մխիթարում, դրա համար էլ, ահա, նրանք ցրուեցին հօտերի նման, չարաչար ցաւերի դիպան, եւ բժշկութիւն չկար նրանց համար:
(Արարատ թարգ․) Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։
(Գրաբար) Զի հարցուկք բարբառեցան աշխատութիւնս, եւ ըղձապատումք տեսիլս սուտս եւ երազս սուտս խաւսէին. եւ ի զուր մխիթարէին. վասն այնորիկ ցամաքեցան իբրեւ խաշինք. եւ չարագանեցան, զի ոչ գոյր բժշկութիւն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: